
Սևան քաղաքի Նալբանդյան 36-ի բնակիչները սպասում են, որ քաղաքապետը կատարի նախընտրական խոստումը
Կառավարությունն այս շաբաթվա նիստում որոշել է լուծել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 36 բազմաբնակարան շենքի երկրորդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրները։ Այդ նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 57,5 մլն դրամ։
Հիշեցնենք` Նալբանդյան 36 շենքի 2-րդ մուտքի բնակիչներին տարհանել էին շենքի վթարային լինելու պատճառով, սակայն մինչ օրս կացարանով չեն ապահովել: Օգոստոսի 1-ին, երբ կառավարությունն այս որոշումը կայացրեց, նշված հասցեի բնակիչները կառավարության շենքի մոտ էին և ուզում էին հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Սակայն վարչապետը նրանց չի ընդունել:
Բնակիչները եկել էին ասելու, որ գումարը, որը բաշխվելու է համաձայն որոշման, չի բավարարում միջին վիճակի բնակարան գնելու համար։ Իսկ ավելացնելու հնարավորություն բնակիչները չունեն:
Համաձայն կառավարության որոշման` տրամադրվող աջակցության չափը որոշվել է` ելնելով ընտանիքների կողմից զբաղեցված բնակարանի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում գրանցված ընդհանուր մակերեսից և 2012 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված գնից, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամը: Աջակցության ընդհանուր սահմանային չափից ավելի բարձր արժեքով բնակելի տան ձեռք բերման դեպքում արժեքների տարբերությունը պետք է լրացվի աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:
Մարիետա Նիկողոսյանը արդեն երկու տարի է` վարձով է ապրում: Ասում է` իրեն հասանելիք գումարը կազմելու է 3 մլն 600 հազար, որով ինքը Սևանում մեկսենյականոց բնակարան չի կարող ձեռք բերել: 5 մլն դրամը չգերազանցող գումար նախատեսվում է հատկացնել երեքսենյականոց բնակարանի սեփականատերերին, սակայն նրանք էլ այդ գումարով միջին վիճակում գտնվող երեքսենյականոց բնակարան ձեռք բերել չեն կարող: Մ. Նիկողոսյանն ասում է, որ Սևանում բնակարաններն ավելի թանկ են, քան հաշվարկված է: «12 հազար դոլարից պակաս մեկսենյականոց չկա, եթե լինում են, ապա էն վիճակում, որ երևի մեր վթարային տունն ավելի լավ վիճակում է, քան դրանք»,- ասում է Մարիետա Նիկողոսյանը։ Մ. Նիկողոսյանը չի աշխատում, ամուսինը մահացած է, ապրում է դստեր հետ, և նոր բնակարան գնելու համար գումար ավելացնել ի վիճակի չէ:
Կառավարությունը որոշմամբ սահմանել է, որ Նալբանդյան փողոցի N36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան: Սակայն բնակիչները նշում են, որ իրենց շենքը վթարային էր, և վերոնշյալ ծրագրի հետ բացարձակ կապ չուներ: Ավելին, աջակցությունը տրամադրվելու է այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ տարածքում սեփականության իրավունքով չունեն իրենց պատկանող այլ բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել ՀՀ տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություններ: Սրա հետևանքով ընդգրկված 16 բնակարանատերերից երկուսը դուրս է մնացել ծրագրից, և զրկվել իր սեփականությունից:
Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի N36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակիչները սպասում են Սևանի քաղաքապետի արձագանքին: Մ. Նիկողոսյանն ասում է, որ քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ընտրությունների ժամանակ խոստացել է գումար ավելացնել, որպեսզի բոլոր բնակիչները կարողանան բնակարաններ ձեռք բերել:
Մեկնաբանել