
Նոյեմբերյանի գրադարանի «հյուրերը» հայկական ծիսական տիկնիկներն էին
Նուրին անձրևաբեր տիկնիկն է, որը պատրաստում են ձողի վրա ամրացված ցախավելին շոր հագցնելով: Ծաղկամերը համբարձման տոնի տիկնիկն է. այն խորհրդանշում է սերը: Իսկ Ուտիս տատը և Պաս պապը` Ակլատիզը, մշտական հակամարտության մեջ են: Առաջինը բարեկենդանի տիկնիկն է, երբ սեղաններն առատ են, երկրորդը` բարեկենդանին հաջորդող մեծ պասի:
«Տատը գնաց շերեփը ձեռքին, պապը եկավ շամբախն ուսին»,- այսպես էին ասում Լոռվա բանահյուսության մեջ:
Հին հայկական, ծիսական տիկնիկների պատմությունն ու մշակույթն էին ներկայացնում Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում ցուցադրված տիկնիկները: Հուլիսի 17-ին «Մի կտոր մանկություն քաղաքային գրադարանում» խորագրով միջոցառման այցելուներին ու հյուրերին էին ներկայացվել նոյեմբերյանցի երեխաների պատրաստած տիկնիկները` հայկակական ավանդական, սլավոնական տիկնիկներ և այլն:
Միջոցառման նախաձեռնողը գրադարանի տնօրենն է` Արմինե Նավասարդյանը: Նա պատմում է, որ երբ ձեռքն են ընկել հայ ազգագրության մասին գրքերը, միտք է ծնվել իրենց այցելուներից թիմ ստեղծել, որոնք կարող են տիկնիկներ պատրաստել: Դրանք հին հայկական կենցաղում, մշակույթում ավանդական դեր են ունեցել, ամեն ծես ու ավանդույթ իր խորհրդանշական տիկնիկն է ունեցել: Սակայն ժամանակի ընթացքում ծեսերի մի մասը մոռացվել է, դրանց հետ` նաև տիկնիկներ պատրաստելու ավանդույթը:
Գրադարանում ցուցադրված բոլոր տիկնիկները «նորաթուխ» էին. երեխաներն այն պատրաստել են այս ամռան ընթացքում: Տիկնիկներ ստեղծելիս օգտագործվել են տարբեր առարկաներ՝ կտորներ, կոճակներ, անգամ այնպիսի իրեր, որոնք թվում էր, թե այլևս պիտանի չեն: Արդյունքում ստացվել էին ամենատարբեր գույների, ձևի ու չափսի տիկնիկներ:
«Միջոցառման նպատակը ճանաչողական և ուսուցողական էր: Ուզում էի երեխաներն իմանան, որ մենք ունեցել ենք հին հայկական ծիսական տիկնիկներ, որոնք հատուկ իմաստ ու նշանակություն են ունեցել,- ասում է Ա. Նավասարդյանը:- Գլխավոր նպատակներից մեկն էր՝ նաև ցույց տալ, որ գրադարանը միայն գիրք տալու և վերցնելու վայր չէ: Այստեղ կարող են բազմաբնույթ միջոցառումներ լինել` կապված մշակույթի տարբեր ճյուղերի հետ»:
Օրվա հերոսները տիկնիկներն էին, այցելուների մեծ մասը` երեխաները: Նրանք զարմացած ու հիացած շրջում էին տիկնիկների մոտով ու զանազան հարցեր տալիս մեծահասակներին: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե միջոցառումը մասնավորապես մանուկների համար էր. տիկնիկը ոչ միայն խաղալիք է, այլև մարդու կյանքի, պատմության, տարբեր իրադարձությունների խորհրդանիշն ու պատկերը: Այն չի խոսում, սակայն կարող է արտահայտել իր հույզերը, տխրությունը կամ ուրախությունը:
Բացի երեխաների պատրաստած տիկնիկներից` գրադարանում ներկայացված էին նաև ավելի փորձառու տիկնիկագործների` Սասուն Մուրադյանի և Փառանձեմ Խանգելդյանի գործերը, «Հույսի կամուրջ» հկ-ի սաների պատրաստած տիկնիկները, ինչպես նաև առաջին անգամ ցուցադրվել էին Աննա Խաչիկյանի նկարներն ու Ծովիկ Թամազյանի ձեռքի աշխատանքները:
Մեկնաբանել