
Նախկին տնօրենը՝ ընդդեմ նախկին մարզպետի
Կապանցի Ասլան Ասատրյանը ժամանակին եղել է «Սյունիքառսպաս» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը: Պետական այս ընկերությունն էր սպասարկում Սյունիքի մարզի կենցաղսպասարկման բոլոր տները եւ առեւտրի ձեռնարկությունները: Դրանցից մեկն էլ եղել է Կապանի կենցաղի տունը, որը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ շատերին հայտնի Դավիթ Բեկի արձանի հարեւանությամբ:
2001 թ. կառավարությունը որոշել էր սեփականաշնորհել մի շարք օբյեկտներ, այդ թվում եւ՝ Կապանի կենցաղի տունը: Պետգույքի կառավարման նախարարությանը դիմել էին երկու կողմ՝ «Սյունիքառսպաս»-ի կոլեկտիվը ու եւս մի քաղաքացի: Բայց քանի որ վերջինիս առաջարկած գինը ավելի ցածր է եղել կառավարության սահմանած արժեքից, միակ գնորդ պետք է ճանաչվեր ՓԲԸ-ի կոլեկտիվը, եւ օբյեկտը նրան օտարվեր ուղղակի վաճառքով: Այդուհանդերձ, պետգույքի կառավարման այն ժամանակվա նախարար Դավիթ Վարդանյանը որոշել է, որ պետք է անցկացվի աճուրդ: Կոլեկտիվը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նախարարի որոշումը: Դատարանը բավարարել է հայցը, ու կոլեկտիվը (25 հոգի) ճանաչվել է միակ գնորդ: Կոլեկտիվի անդամները կատարել են համապատասխան վճարումներ, եւ 2002-ի մայիսին կայացել է առքուվաճառքի գործարքը, իսկ հունիսին «Սյունիքառսպաս» ՓԲԸ-ի անունով տրվել է սեփականության վկայական:
Ասլան Ասատրյանը պատմում է, որ սեփականաշնորհման գործընթացի ավարտից հետո Սյունիքի այն ժամանակվա (ներկայումս՝ Արարատի) մարզպետ Էդիկ Բարսեղյանը (լուսանկարում) ցանկություն է հայտնել «տիրանալ» օբյեկտին, որը 6-հարկանի շինություն է՝ 2349 քառ.մ ընդհանուր մակերեսով:
«Նախ ստեղծեց «Դավթի սրահ» ՍՊԸ-ն (2003-ի ապրիլին)՝ իր բարեկամ Սասուն Ավետիսյանի անունով, որը նույնպես ուներ մեկ մասնաբաժին, այնուհետեւ 2003-ի մայիսին որոշում կայացրեց «Սյունիքառսպաս» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ընկերության անունով մասնավորեցված կենցաղի տունը «Դավթի սրահ» ՍՊԸ-ին հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնելու մասին: 15 ամիս հետո առանց կոլեկտիվի ժողովի համաձայնության, ճնշման տակ օբյեկտը հանձնվեց «Դավթի սրահ» ընկերությանը, այսինքն՝ Էդիկ Բարսեղյանին որպես սեփականություն»,- պատմում է Ա. Ասատրյանը ու մասնավորեցնում, որ 25 սեփականատերերից 24-ը իրենց մասնաբաժինը փոխհատուցման դիմաց տվել են ՍՊԸ-ին, իսկ ինքը չի համաձայնել՝ պահանջելով իր բաժինը իրեն հանձնել բնեղենով, որը կազմում էր շուրջ 100 քառ.մ տարածք: Ասլանյանը պահանջել էր նաեւ փոխհատուցել փաստաթղթային հարցերի համար Երեւան գնալ-գալու իր ծախսերն ու իրեն ապահովել աշխատանքով: Ըստ նրա՝ այս ամենին Էդիկ Բարսեղյանը համաձայնել է:
«Ես հավատացի գեներալ մարզպետի խոսքին, բայց նա չկատարեց իր տված խոստումները եւ, անընդհատ ձգձգելով, տարիներ անցկացնելով, վերջնականապես հրաժարվեց ինձ հասանելիք տարածքը հատկացնելուց ու շուրջ 10 տարի է՝ տիրապետում է նաեւ իմ մասնաբաժնին»,- ասում է Ասլան Ասատրյանը: Նա նշում է միայն, որ Բարսեղյանը փակել է զուտ իր կատարած ծախսերը, իսկ աշխատանքի ու ամենակարեւորը՝ տարածքի մասին խոստումները մնացել են օդում:
Առաջ անցնելով նշենք, որ մարզպետ Էդիկ Բարսեղյանը կտրականապես հերքեց իր դեմ ներկայացված պնդումները: Նա «Հետքին» փոխանցեց, որ Սասուն Ավետիսյանի հետ բարեկամական կապ ունի, սակայն դա որեւէ կերպ չի անդրադարձել գործարքի վրա: Ըստ Բարսեղյանի՝ կոլեկտիվի համաձայնությունը եղել է, առանց որի հնարավոր չէր այլ ընկերության հաշվեկշիռ փոխանցել օբյեկտը: Միաժամանակ, նախկին ու ներկա մարզպետի դիտարկմամբ, ինքը որեւէ խոստում չի տվել Ասլանյանին, իսկ փոխհատուցման հարցերը լուծվել են «Դավթի սրահ» ՍՊԸ-ի եւ կոլեկտիվի անդամների, ասել թե՝ ընդունողի եւ հանձնողների միջեւ:
Ասլան Ասատրյանը դիմում-բողոքներ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին ու նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին՝ հայտնելով, որ, հավատալով գեներալի խոսքին, կորցրել է դատարան դիմելու ժամկետը (վաղեմության ժամկետը 3 տարի է), սակայն խնդրել է պարտավորեցնել Բարսեղյանին՝ տալ իր հասանելիքը: Թե նախագահակից, թե ՄԻՊ գրասենյակից հայտնել են, սակայն, որ հարցը ենթակա է դատական կարգով լուծման:
«Ինձ էն ժամանակ իր ընկերներից մեկն ասեց, որ ինքը ոչ մի բան չի տալու: Ասի՝ ոնց կարող է չտա… Ես ուզում եմ, որ իմ հասանելիք տարածքը տան: Չեմ թողնելու, որ էս գործն էսպես մնա»,- եզրափակում է Ասլան Ասատրյանը:
Լուս.՝ ararat.gov.am-ի
Մեկնաբանել