
Երևանում էապես նվազել են ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթման դեպքերը
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտներում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի հսկողության արդյունքում էապես նվազել են ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերը:
Սրան նպաստել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից, ըստ վարչական շրջանների, իրականացվող ամենօրյա շրջայցերն ու դրանց արդյունքում հարուցվող վարչական վարույթների հիման վրա կիրառվող վարչական պատասխանատվության միջոցները:
Ըստ այդմ, առաջին անգամ իրավախախտում կատարող անձի նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով: Տուգանքը նշանակելուց հետո ապօրինի շինարարությունը շարունակելու կամ հողազավթումը չվերացնելու դեպքում կիրառվում է կրկնակի վարչական պատասխանատվություն, և իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվում է 2,5 մլն դրամի չափով տուգանք։
2010-2013 թթ. ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010-2011 թթ. կազմված արձանագրությունների համեմատ (որոնք համապատասխանաբար եղել են թվով 445 և 282) 2012 թ. դրանք նվազել են, և արձանագրվել է 149 դեպք: Խախտումները 2010 թ. համեմատ նվազել են մոտ 3, իսկ 2011 թ. համեմատ՝ 1,9 անգամ։
2013 թ. հունվար-փետրվար ամիսներին կազմվել է 70 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես նվազման միտում ունի (նախորդ տարի դրանց թիվը եղել է 81):
Ցուցանիշի նվազման վրա, ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, էական ազդեցություն են թողել նաև իրականացվող վարչարարության գործընթացները՝ հայտնաբերված իրավախախտումների հետագա ընթացքի նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու առումով, որի արդյունքում առաջին անգամ տուգանք նշանակելուց հետո շարունակվող ապօրինությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման կրկնակի արձանագրություններ, և նշանակվել 2,5 մլն դրամի չափով տուգանքներ։
2011 թ. կազմվել է 22 այդպիսի արձանագրություն, 2012 թ.՝ 34, իսկ 2013 թ. առաջին 5 ամսվա ընթացքում արձանագրվել է այդպիսի 2 դեպք։ Վարչության պետի խոսքով՝ համապատասխան վարչարարություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում նաև նախորդ տարիներին հայտնաբերված իրավախախտման դեպքերի գտնվելու վայրեր՝ տեղում փաստացի իրավիճակին ծանոթանալու համար:
Հայկ Ասատրյանի խոսքով՝ քաղաքացիները գերադասում են ձեռք բերել անհրաժեշտ թույլտվություն՝ շինարարական աշխատանքներն օրինական ճանապարհով իրականացնելու համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկվում նաև ինքնակամ շինությունների քանդման և հայտնաբերված հողազավթման դեպքերի վերացման համար: 2010-2013 թթ. ընթացքում քանդման աշխատանքներ են իրականացվել շուրջ 568 դեպքով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել