
Լիլիթ Մովսիսյան. «Չեմ կարող կադրիս մասին գիրք գրել, թե չէ գրող կդառնայի»
«Ես չեմ եկել ու ասել` ես հեղինակային ֆիլմի ռեժիսոր եմ: Դու ինքդ փնտրում ու գտնում ես այն տեղը, որտեղ քեզ ավելի հարմար ես զգում: Ուղղակի պետք է գնաս այն ճանապարհով, որը քեզ մոտ ամենալավն է ստացվում»,- ասում է ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը:
Լիլիթ Մովսիսյանը չի ընտրել հեղինակային կինո կոչվածը մտածված: Բայց իր գործունեության ընթացքում դա դարձել է այն ձևը, որով նա փորձում է ցույց տալ իրականությունն այնպես, ինչպես ինքն է տեսնում: Կարևոր է ասելիքը, բայց շատ ավելի կարևորվում է, թե ինչպես ես այն ներկայացնում: Պարզ կամ բարդ, բայց նրա ներկայացման ձևը յուրահատուկ է: Եվ կարևոր չէ անգամ ֆիլմի ձևաչափը` լիամետրաժ, թե կարճամետրաժ. Լիլիթի ֆիլմերում կադրից դուրս տեսնում ես հեղինակին ու նրա ձեռագիրը:
Լիլիթը նպատակ չունի մտացածին բարդ ձևերով կամ ընդհակառակը` ավելի մատչելի ներկայացնել իր ասելիքը: Բայց ուզում է, որ հանդիսատեսն ինքն ընկալի իր գաղափարը հենց այդ ներկայացված ձևով: Երիտասարդ ռեժիսորն ինքն էլ է խոստովանում, որ իրեն նույնպես ժամանակ է պետք` հասկանալու մի շարք ռեժիսորների գործեր:
«Ինձ համար գոյություն ունի լավ ֆիլմ և վատ ֆիլմ: Կարևոր չէ` այն կոմերցիոն է, թե արտ-հաուս: Պարզապես այն պետք է լինի լավը, ինձ հետաքրքրի ու գրավի,- ասում է Լիլիթը:- Իմ ֆորման մի քիչ գուցե բարդ է կամ հեշտ է, ես չգիտեմ: Բայց գիտեմ, որ հանդիսատեսն ուզում է տեսնել լավ ֆիլմ»:
«Ես իրականությունը ցույց եմ տալիս իմ հայացքով»
Լիլիթը դեռ դպրոցական տարիներից գիտեր, որ ուզում է աշխատել կադրի հետ. նկարահանել, ստեղծել, մոնտաժել, փոխել դիրքերը ու ամենակարևորը` հավերժացնել պահը, որն անկրկնելի է:
«Ես գնահատում եմ պահը: Երևի այդ պատճառով էլ ընտրել եմ կինոն: Կինոյի մեջ ավելի շատ կա այդ պահի զգացողությունը,- խոստովանում է Լիլիթը:- Կինոյում պետք է հնարավորինս շատ լինեն այդ պահերը, որպեսզի գաղափարդ էլ գնահատվի»:
Եվ պատահական չէ, որ ֆիլմի ստեղծման ժամանակ նրա համար սկզբունքային է պահել այն նախնական գաղափարը, որը ծնվել է մտքի մեջ և պետք է մարմին առնի կադրի միջոցով: Գաղափարները կարող են լինել շատ և տարբեր, բայց նախ և առաջ այն պետք է հետաքրքրի և հուզի ռեժիսորին: Եթե այն չի հուզում նրան, այդ ֆիլմը պարզապես չի ստեղծվի կամ կստեղծվի այն ժամանակ, երբ այդ գաղափարը կհասունանա նրա մեջ:
«Ես ստեղծում եմ մի այլ աշխարհ, որպեսզի այդ աշխարհում կառուցեմ ինչ-որ պատմություն, որը կպատասխանի իմ հարցին: Իրականությունն իմ մեջ սինթեզվում է, և ես ցույց եմ տալիս` ինչպես եմ ես տեսնում իրականությունը»,- ասում է Լիլիթը:- Չեմ ասում, թե դա իմ իրականությունն է, պարզապես ես այն ցույց եմ տալիս իմ հայացքով»:
«Խոսելով ոչինչ չեմ կարող փոխել, պետք է փորձեմ գոնե գործով փոխել»
Սակայն միշտ չէ, որ լավ գաղափարը թույլ է տալիս ստեղծել այն կինոն, որը նախատեսել ես: Լիլիթի խոսքերով` կինոն ամենաթանկ արվեստն է, որը մշտապես ներդրում է պահանջում: Իսկ երբ սահմանափակ հնարավորություններով է ֆիլմը ստեղծվում, հանդիսատեսին կարող է թվալ, որ գաղափարն էլ հզոր չէ:
«Երբ գաղափարը որոշակի զիջումներով ես ներկայացնում, այն տուժում է: Եթե կամերադ ու լույսը վատն են, հանդիսատեսին թվում է, թե դու խավար ես տեսնում կամ լավ չես տեսնում, ու գուցե նրանց չկարողանաս հակառակում համոզել»,- ասում է Լիլիթը:
Հայաստանում կինոարտադրության բացակայությունը շատ է սահմանափակում ռեժիսորին, և Լիլիթի խոսքերով` կինոն սկսում է գոյատևել ռեժիսորի էնտուզիազմի հաշվին: Բայց կինոարտադրության ոլորտի խնդիրների մասին երիտասարդ ռեժիսորը շատ խոսել չի սիրում. կան մարդիկ, որոնք դրա մասին միշտ խոսում են:
«Խոսելով ոչինչ չեմ կարող փոխել, պետք է փորձեմ գոնե գործով փոխել: Հիմա ունենք սա, ուրեմն անում ենք էսպես»,- ասում է նա:
Առհասարակ, Լիլիթը շատ խոսել չի սիրում: Այն ամենը, ինչը նրան հուզում է, ինչի մասին մտածում է, սիրում է կադրի միջոցով ներկայացնել: Նրա լեզուն կադրն է:
«Չեմ կարող կադրիս մասին գիրք գրել, թե չէ գրող կդառնայի»,- ծիծաղելով խոստովանում է ռեժիսորը:
«Կարևոր է, որ քննադատությունը չլինի անձնական»
Որքան էլ իր ֆիլմերի միջոցով ռեժսիորը փորձում է ստանալ իր հարցերի պատասխանը, նա գիտի, որ միաժամանակ այն ստեղծվում է հանդիսատեսի համար: Իսկ թե որքանով հանդիսատեսը կսիրի ֆիլմը կամ չի սիրի, դա արդեն կախված է հենց ֆիլմից, թե որքանով այն իրեն կարդարացնի: Իր ֆիլմերի մասին հնչում են տարբեր կարծիքներ, բնականաբար` նաև քննադատություններ, որոնց ռեժիսորը շատ հանգիստ է վերաբերվում: Մի կողմից` դրանք սեփական սխալները տեսնելու և շտկելու հնարավորություն են տալիս, մյուս կողմից` ուրախալի է, որ կա նման հանդիսատես, ով այնքան է ընկալել ֆիլմը, որ գտել է թերությունները:
«Պարզապես ինձ համար շատ կարևոր է, որ քննադատությունը չլինի անձնական: Պրոֆեսիոնալիզմի պակաս կա, այդ պատճառով էլ հավատս եմ կորցրել քննադատության հանդեպ»,- խոստովանում է ռեժիսորը:
Լիլիթ Մովսիսյանը, ով շուտով դառնալու է 24 տարեկան, արդեն հայ հանդիսատեսին է ներկայացրել իր 3 խաղարկային ֆիլմերը` «Մոխրաման» (լիամետրաժ), «Ես էլ» (կարճամետրաժ), «Խիո» (կարճամետրաժ): Հունիսի 28-ին տեղի է ունենալու նրա 4-րդ` «Կաուչո» ֆիլմի (լիամետրաժ) պրեմիերան:
Մեկնաբանել