
Գյուղատնտես Գնել Մխիթարյանը համոզված է, որ դրախտը սկսվել է Հայաստանից
Մթերք առանց քիմիայի և թունաքիմիկատների. սա Գնել Մխիթարյանի կարգախոսն է, որով առաջնորդվում և աճեցնում է ավելի քան 50 տեսակի մշակաբույս, հիմնականում` էկզոտիկ: Հայկական ավանդական տեսակներից պղպեղն է, 22 տեսակի պոմիդորից 2-ն է տեղական, մնացածը` պերուական, մրգային և ցողունային տեսակներ ունի, կոլրաբի (ցողունակաղամբ), բրոկոլի (կարմրագլուխ), ծաղկակաղամբ, սավոյան, բրյուսելյան կաղամբ, արտիշոկ, ծնեբեկ, եթերային յուղեր տվող բույսեր` լավանդա, մելիսա, պեպինո և այլն:
Մասնագիտությամբ գյուղատնտես, աշտարակցի Գնել Մխիթարյանը վերջին 10 տարին զբաղվել է բարձրարժեք բանջարատեսակների մշակմամբ: 4 տարի առաջ սկսել է սիրողական մակարդակով զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Եվ արդեն երեք տարի է, ինչ զբաղվում է մաքուր` աշխարհում հայտնի որպես օրգանական սննդամթերքի արտադրությամբ: Մշակում է 4-5 հա բանջարեղեն, 1-1.5 հա` պտղատու այգիներ:
Գնել Մխիթարյանը յուրաքանչյուր տեսակի, դրա աճեցման առանձնահատկությունների, անհրաժեշտ նյութերով սնուցելու մասին ամենայն մանրամասնությամբ և հոգատարությամբ է պատմում: «Ինքը զոհողություն պահանջող գործ է,- ասում է Գնելը: -Մեծ համբերություն է պետք»:
Այս ամենը նորություն է Հայաստանում: Գնելը զգում է, որ դեռևս մենակ է, ուշադրություն դարձնող չկա օրգանական սննդի ոլորտին: Փորձ է անում միավորվել ընկերությունների կամ ընկերների հետ, փաթեթավորել, տեսքի բերել և իրացնել:
Եվ առողջության, և շրջակա միջավայրին հասցված վնասի տեսակետից Գնելը գտնում է, որ սննդամթերքի համար կիրառվող տարեկան 4-5 մլն տոննա թունաքիմիկատները ապագայի չարիքն են, քանզի 1 տոկոսն է արդյունավետ լինում: Մնացած 99 %-ն ազդում է շրջակա միջավայրի վրա, մարդկանց վրա, հողի վրա: «Այսօր ինչ կատարվում է մեր ազգաբնակչության հետ` սննդի հետ կապված, դա չարիք է,- ասում է Գնելը: -Այսքան չհայտնաբերված հիվանդություններ, այսքան ալերգիկ ֆոն, այսքան չբերություն, այսքան ուռուցքներ. այդ բոլորը գալիս է սննդից»:
Գնելը դեռևս շահույթ չի ստանում աճեցրած օրգանական մթերքից, վնասով է աշխատում: «Ես 10 տարի է` այս գործում եմ, եթե վերածեմ կանխիկ գումարի, մոտավորապես 100-150 հազար դոլար գումար դրած կլինեմ այս գործի մեջ»,- պատմում է Գնելը: Սերմերը շատ թանկ և հիմնականում արտերկրից է ներմուծում:
Գնելը «պայքարում» է նաև վարկերի դեմ: Եթե կարկուտ գա և փչացնի բերքը, ինչպես դա արեց անցյալ տարի սոխի հետ, չի կարողանա իրացնել: Բանկում ձեռք է բերել անվստահելի գործընկոջ համբավ, և եթե այս տարի էլ նույնը կրկնվի, ապա սկսած գործը կտապալվի. «Ամեն դեպքում` Աստված զորավոր»,- հույսը չի կորցնում Գնելը:
Գնելը դաշտում ցույց է տալիս տոննաներով թափոն դարձած օրգանական սննդամթերքը, որը չի կարողացել իրացնել: Եվ դա առաջին դեպքը չէ: Գնելի կարծիքով, Հայաստանում դեռևս չեն գնահատում օրգանական սնունդը և նախընտրում են ներկրված, բայց թունաքիմիկատներով աճեցրած և ավելի լավ տեսք ունեցող բանջարեղենը:
Դրսից ներմուծված նեխուրը (սելդերեյ) ավելի թանկ են շուկայում վաճառում, քան Գնելի աճեցրածը: «Մի ցավագին բան կա, երբ գնում ես սուպերմարկետում խոսում և առաջարկում ես, որ այս որակի արտադրանք ունես, ասում է` թույն լինի, տեսքը տեղը լինի»,- պատմում է գյուղատնտեսը: Պերուական ֆիզալիսը սուպերմարկետներում նախանցյալ տարի կիլոգրամը 100 դոլար է եղել, իսկ երբ ինքը փորձել է հանձնել 3000 դրամով, չեն գնել:
![]() |
![]() |
Գնելը ցույց է տալիս փչացած մթերքը | Ջերմոցը |
Աճեցրած օրգանական սնունդը տարբեր ցուցահանդեսներում ներկայացվել է, նաև պահածոյացված տեսքով, բայց ընդամենը մասնակիցները համտեսել, զարմացել և հիացել են:
Արտասահմանից լուրջ պահանջարկ կա, բայց Գնելը դեռևս այդչափ մեծ ծավալների արտադրանք չունի, որ կարողանա արտահանել: Արտահանումը կազմակերպելու համար միջոցներ էլ չունի: Գնելին օգնում են որդիները` իրացման կամ արտադրություն կազմակերպելու հարցում, բայց հուսախաբություն են ապրում, երբ ընտանեկան բյուջեից ներդրում է կատարվում, և դա չի հատուցվում, չնայած սպասումներ մեծ են լինում:
Գ. Մխիթարյանը գիտակցում է, որ գուցե ինքը ֆանատի տպավորություն է թողնում` շարունակելով սկսածը, բայց իր արած գործը 10-20 տարի հետո կարող է գնահատվել: Նրա կարծիքով, միջազգային կառույցները, ՀՀ գյուղնախարարությունը և մի շարք այլ կազմակերպություններ ցույց են տալիս, որ օգնում են իր նման անհատ գյուղատնտեսներին, բայց իրականում դա իմիտացիա է: Մի քանի անգամ փորձել է դիմել դեսպանատներին, ծրագրեր ներկայացրել, բայց մերժում է ստացել: Գնելը չարչարվել, հաշվարկներ է արել, թարգմանել և ծրագիր է ներկայացնել Շվեյցարիայի դեսպանատուն արևային էներգիայով ելակ մշակելու համար: Ըստ Գնելի հաշվարկների` դա երկու անգամ էժան է, քան գազի օգտագործման դեպքում: Մեկ քմ-ի վրա աճեցրած ելակը պիտի 30-100 կգ բերք տար: Նմուշներ է պատրաստել, ԱՄՆ-ից սերմեր բերել: Առաջին փուլն անցել է, բայց վերջում մերժել են այս պատճառաբանությամբ. «Ճիշտ է, մենք ծանոթ ենք գյուղատնտեսության խնդիրներին, բայց կասկածում ենք` դա հանրապետությունում կայունություն կստեղծի, թե ոչ»:
Գյուղացիական նվաճումների համար նրան գյուղնախարարությունը ոսկե մեդալով է պարգևատրել, «Մի կերպ եմ զսպում, որ չտանեմ էդ մեդալը հետ տամ,- ասում է նա և հիշում,- գյուղատնտնեսության նախարարության բավականին պատասխանատու մարդու, երբ ես ասում եմ, որ ուզում եմ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվեմ, ասում է` խի, Հայաստանում օրգանիկ գյուղատնտեսություն կա՞»:
Գնելը կարծում է, որ մարդիկ խուսափում են հող մշակելուց, որովհետև հող մշակողը հեղինակազրկված է: Ավելին` Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը գերռիսկային է: Բայց գնելը չի պատրաստվում դադարեցնել իր սկսած գործը, ավելի լավատես է, քան նրան այցելած` տարբեր երկրներ ներկայացնող լրագրողները, և չի մտահոգվում, որ ոմանց մոտ խելագարի տպավորություն է թողնում: Գնելը 10 օրից ջերմոցը կմաքրի և երկրորդ անգամ սերմերը կդնի հողի մեջ, որ վաղ գարնանը շուկայում վաճառելու մթերք ունենա: «Ինչքան շատ ես խնամում հողը, այնքան համոզվում ես, որ դրախտը սկսվել է Հայաստանից»,- ասում է Գնել Մխիթարյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել