
Եղեգիսը դառնում է խողովակաշար. «Մենք շուտով կպատմենք, որ ջուր ունեինք, բայց հիմա էլ չկա»
1973թ.ն շատինցի մի հաշմանդամ տղա իր մոր համար կարմրախայտ է որսացել Եղեգիս գետից, որ բերի տուն և հիվանդ մոր վերքի վրա դնի: Իրավապահները եկել և սառնարանից հայտնաբերել են կարմրախայտը, տղային երկու տարով դատապարտել: Վայոց ձորի մարզի Շատին գյուղում այս պատմությունը դեռ չեն մոռացել: Արիս Սմբատյանը այս դեպքը վրդովմունքով է պատմում. այժմ փոքր հէկերի պատճառով ողջ էկոլոգիան է վերանում, և ոչ ոք ոչինչ չի անում: Շատինցիներն ասում են՝ Եղեգիս գետում հիմա հազվադեպ կարելի է կարմրախայտ տեսնել: Այնինչ մի քանի տարի առաջ, եթե թասով ջուր վերցնեիր գետից, մի քանի կարմրախայտ կընկներ մեջը:
Շատինի հարակից գյուղերի վարչական տարածքում երկու փոքր հէկ արդեն գործում է: Երրորդը նոր է կառուցվում հենց շատինցիների «քթի տակ»: Շատինցիների ընդվզումը նոր հէկի դեմ արդյունք չի տվել: Հէկը շարունակում են կառուցել: Գյուղացիները սկզբում ոտքի են կանգնել և փորձել կանխել շինարարությունը, այնուհետև շատերը հետ են կանգնել. գյուղացիների ասելով՝ հէկի տերերը նրանց «գնել են»:
Հէկի խողովակները պետք է անցնեն Ավետիք Հովակիմյանի հողամասով: Ասում է՝ չնայած բոլորին վճարել են և համաձայնություն ստացել, բայց ինքը չի պատրաստվում թույլ տալ, որ հէկի խողովակներն անցնեն իր հողամասի տարածքով: «Փող տալիս են, բայց ինձ հետաքրքիր չի դա: Իմ երեխան դրանով է ապրում»,- ավելացնում է Ավետիք Հովակիմյանը:
Գյուղամիջում հավաքված շատինցիները պատմում են, որ հէկի պատճառով իրենց գյուղը կզրկվի ջրից: Բացի նրանից, որ ձուկն է վերացել, ոռոգման սեզոնին մշտապես «կռիվ» են տալիս հէկերի տերերի հետ, որ ջուր բաց թողնեն՝ իրենց արտերը ջրելու: Չնայած, ըստ թույլտվությունների, Եղեգիսի վրա կառուցված հէկերը ամռան երկու ամիսներին չպետք է աշխատեն: «Սաշիկը՝ նախագահի եղբայրը, էն մի գեսը որ սարքեց (Եղեգիսի վրա - հեղ.), ոսկե սարեր խոսք տվեց, կբացենք ջուրը»,- հիշում է շատինցի Բալաբեկ Խուդյանը: Բայց այդ խոստումները չեն իրականացվել:
«Մենք ոչինչ չունենք, քար ու սարի մեջ ենք, էդ ջրով ենք մեր անասունը պահում, այգին ջրում, հիմի էդ էլ են կտրում»,- համագյուղացուն լրացնում է Արիս Սմբատյանը: Գյուղացիները նշում են, որ այդ հէկերը վնասից բացի իրենց ոչինչ չեն տալիս: «Օրական գեսը դնում են, էներգիան թանկացնում են, գեսը դնում են՝ գազը թանկացնում են, մեզ ի՞նչ»,- ասում է Արիս Սմբատյանը:
Կառուցվող հէկը շատ մոտ է գյուղացիների տներին: Նրանք մտահոգվում են, որ ձայնը մարդկանց անդորրը կխանգարի, բայց չգիտես՝ ինչպես է թույլտվություն տրվել հենց այդտեղ հէկը կառուցելու համար:
Գյուղապետ Մամիկոն Սմբատյանը նշում է, որ գյուղապետարանը նախագծի առաջադրանքը տվել է մի տարածքի վրա, իսկ բնապահպանության նախարարությունը՝ այլ տարածքի համար հաստատել, որը գյուղացիների տներին շատ մոտ է՝ 20-30 կմ հեռավորությամբ:
«Վերևի գեսերում աշխատում են շատինցիներ. եթե հոսանքն անջատվում է, 1-2 րոպե եթե չեն հասցնում, դղրդոցն էնքան ուժեղ է լինում, որ ցնցում է լինում, իսկ դա, բնական է, վտանգավոր է, բայց եզրակացություն կա, որ ոչ մի բանի չի խանգարի»,- ասում է գյուղապետը:
Մամիկոն Սմբատյանն ասում է, որ եթե հէկի տերերը պահպանեն ջրի բնապահպանական թողքը, վտանգավոր բան չի լինի. նախատեսված է, որ 600 լիտր ջուր պետք է մնա գետում:
«Եթե իջնեք ներքև, եթե անցնեք գետի էն կողմը, մի կաթիլ ջուր չի գնում գիշերը, դիտավորյալ աշխատողները կտրում են ամբողջ ջուրը, որ գեսն աշխատի, բայց նման իրավունք չունեն»,- ասում է գյուղապետը արդեն գործող հէկի մասին և նշում, որ այս ամենը տեսնելով՝ շատինցիներն անհանգստանում են:
Եղեգիսը Արփա գետի վտակներից է, երկարությունը՝ 47 կմ: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ցուցակի՝ Եղեգիսի և դրա վտակների վրա արդեն իսկ 6 գործող հէկ կա, ևս 11 հէկի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լիցենզիա է տրամադրել: Բնակիչների մտահոգությունն իրականություն է դառնում՝ Եղեգիսը դառնում է խողովակաշար. մի կետից ջուրը մտնում է խողովակի մեջ, երկրորդ կետում դուրս գալիս և նորից մտնում մյուս հէկի խողովակի մեջ:
«Մենք մշտական էկոլոգիայից ենք խոսում, հիշում ենք, թե ոնց էր բնությունը: Կամ մեր պապերը պատմում էին, որ անտառ կար էստեղ, մենք էդ անտառը չտեսանք, հիմա էլ մենք շուտով կպատմենք տենց, որ ջուր ունեինք, հիմա ջուր չկա, անապատ է»,- ասում է Արիս Սմբատյանը:
Գյուղացիները գիտեն, թե ով է կառուցում հէկը՝ Ռոբերտ Օխանյանը, ով նաև հէկ ունի Քարագլուխում, Հաղպատում և Ամբերդի հէկի բաժնետերերից է: Նրա նախաձեռնությունն էր նաև Թռչկանի ջրվեժի վրա հէկի կառուցումը, որը բնապահպանների ջանքերով տապալվեց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել