
«Գրեմիի» արժանացած խմբի դիրիժոր. «Իսկապես չեմ մտածում այնպիսի բաների մասին, ինչպիսին «Գրեմին» է»
«Ինչ ես հայտնաբերել եմ հայկական երաժշտության մեջ, այն է, որ հայկական երաժշտությունը շատ կրքոտ է: Դա չի նշանակում, որ այն պետք է լինի բարձր կամ ագրեսիվ, բայց այն կրքոտ է»,- «Հետքի» հետ զրույցում ասում է էստոնացի դիրիժոր Միկկ Ուլեոյան:
Նա այժմ ղեկավարում է Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը: 2014 թ.-ին լրանում է երգչախմբի ստեղծման 70-ամյակը: Այս ընթացքում իրար փոխարինել են տարբեր դիրիժորներ, այդ թվում Միկկ Ուլեոյայի հայրը: Իսկ մոտ 50 հոգանոց անձնակազմը բավականին բազմազան է: Երգչախմբի անդամներից ոմանք խմբում են արդեն 20 և ավելի տարիներ, կան նաև երիտասարդ ուսանողներ:
Նախքան այս երգչախմբի գեղարվեստական ղեկավար լինելը Մ. Ուլեոյան ղեկավարել է Էստոնիայում հայտնի մի շարք նվագախմբեր ևս: Իսկ դրանից առաջ նաև երգել է երգչախմբերում:
«Բայց այս նվագախմբում տարբերվում է ձայնի որակը: Այն շատ առանձնահատուկ է: Այն կարող է լինել շատ մեղմ և փափուկ և կարող է լինել իսկապես հզոր,- ասում է դիրիժորը:- Ինձ շատ դուր է գալիս այս ձայնը, որից ես հաճույք եմ ստանում»:
Խմբի երգացանկում գերակշռում է հատկապես հոգևոր երաժշտությունը: Բացի էստոնական, հունական հոգևոր երաժշտությունից՝ նրանք երգում են նաև հայկական հոգևոր երաժշտություն' Կոմիտաս, Մակար Եկմալյան:
Մ. Ուլեոյան խոստովանում է, որ խորությամբ ծանոթ չէ հայկական երաժշտությանը, բայց այն որոշակիորեն նմանեցնում է Gregorian chant-ին, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ավանդական պաշտամունքային երաժշտությունն է: Բացի դրանից' էստոնացի դիրիժորը նշեց, որ իրենց հետ աշխատել է Էստոնիայում ապրող մի հայ երգիչ, ով օգնել է ճիշտ արտասանել և հայկական տարբերակին հնարավորինս մոտ ներկայացնել հայկական երաժշտությունը:
Այժմ խմբում երգում են նաև օտարազգիներ' ճապոնացի, չինացի, անգլիացի, ռուս: Դիրիժորի խոսքով' նրանց մեծ մասն այժմ խմբում է, որովհետև Էստոնիայում են սովորելու նպատակով: Սակայն խնդիր կա խմբում ընդգրկել բավարար թվով պրոֆեսիոնալ երաժիշտների:
«Ես չեմ կարող այս մակարդակն ամբողջությամբ պրոֆեսիոնալ համարել, այն պետք է ավելի լավը լինի»,- ասում է Մ. Ուլեոյան:
Նրա խոսքով' Էստոնիան շատ փոքր է, և իրենք չունեն բավարար թվով լավ կրթված վոկալիստներ, ովքեր պատրաստ են երգել երգչախմբում, այլ ոչ թե հանդես գալ որպես մեներգիչ:
Հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ դրսից կադրեր հրավիրել երգչախմբում երգելու համար, Մ. Ուլեոյան պատասխանում է. «Տեսականորեն, այո, իհարկե, կարող ենք հրավիրել այլ տեղերից երաժիշտներ: Բայց գործնականում դա անհնար է, քանի որ Էստոնիայում աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան Եվրոպայում, ոչ ոք չի գա այդ աշխատավարձով աշխատելու: Այն անգամ քիչ է Էստոնիայի համար»:
Գեղարվեստական ղեկավարի խոսքով' քանի որ իրենք ազգային երգչախումբ են, ցանկալի կլիներ, որ կազմում լինեին էստոնացիներ, բայց իրենք պատրաստ են ընդունել երաժիշտների նաև այլ երկրներից:
Խումբը հիմնել և մինչև 1975 թվականը ղեկավարել է Գուստավ Էրնեսակսը: Այնուհետև երգչախմբի համար առանձին գործեր են գրել Դմիտրի Շոստակովիչը, Օտար Տակտակիշվիլին, Գևին Բրայերսը, Ջովանի Բոնատոն:
Իր գործունեության ընթացքում երգչախումբը հայտնի է դարձել նաև Էստոնիայի սահմաններից դուրս, ստացել բազմաթիվ մրցանակներ, այդ թվում 2004-ին արժանացել է «Գրեմիի»:
«Ես տեսնում են այնքան շատ բաներ, որոնք պետք է բարելավվեն, որ իսկապես չեմ մտածում այնպիսի բաների մասին, ինչպիսին «Գրեմին» է: Ես պետք անեմ իմ գործը որքան հնարավոր է լավ և բարելավեմ խմբի մակարդակը: Բայց այս մրցանակի մասին ես մոռանում եմ»,- ասում է Մ. Ուլեոյան:
Մեկնաբանել