
Վերաքննիչում սկսվել է Գագիկ Ծառուկյանի դեմ գերմանացի ներդրողի բողոքի քննությունը
Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկնարկեց Գերմանացի ներդրող, «Իստինվեստոր» ՍՊԸ տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բողոքի քննությունը:
Դատական նիստին ներկայացել էր միայն հայցվոր կողմը, իսկ կոմբինատի ներկայացուցիչը նիստին չէր մասնակցում: Նախագահող դատավոր Արսեն Մկրտչյանը որոշեց հետաձգել նիստը, քանի որ բացի նրանից, որ պատասխանող կողմը ներկա չէր, նաև բողոքի պատասխան չի ներկայացրել դատարան: Իսկ դատարանը հարցեր ունի պատասխանողին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 28-ին:
Հիշեցնենք՝ գերմանացի ներդրողը սկսել է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ՝ կոմբինատում ունեցած իր բաժնետոմսերից զրկվելու պատճառով: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արայիկ Մելքումյանի, վճռել էր «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Միևնույն ժամանակ վճռել էր «ԻստԻնվեստոր»-ի օգտին բռնագանձել 14.8 մլն դրամին մոտ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար:
Մեկնաբանել