
«Հոգեվարքի մէջ գտանք Խոյի Փեսայ գիւղի Ս. Աստւածածին եկեղեցին»
Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան: Ատրպատականի Հայոց Թեմի անշարժ հարստութեան ու նախնիների ժառանգութեան ընդհանուր իրավիճակի քննարկումից ի յայտ է գալիս, որ այսօրւայ դրութեամբ, Ատրպատականի Հայոց Թեմի տարածքում գտնւող եկեղեցիներից միայն ոմանք ամբողջովին վերանորոգւած են, ուրիշներ մասամբ միայն, ոմանք վերանորոգութեան ընթացքի մէջ են, ուրիշներ խոնարհւած, իսկ ոմանք ամբողջովին քանդւած ու լքւած:
Բնական աղէտներ` երկրաշարժ, յորդառատ անձրեւներ, հողաշէն փխրուն պատերի բնական փլուզում եւ փայտաշէն տանիքների գերանների փտումի հետեւանքով կքում, երբեմն պատճառ են դարձել որոշ եկեղեցիների խոնարհու-մին: Կարելի չէ’ անտեսել նաեւ կործանարար ձեռքերի կատարած դիտումնաւոր եւ նպատակադրւած քանդումների ծրագիրը, որը գործադրւում է յատկապէս հայա-թափւած գիւղերում, հեռու Պետական Հնապահպանման Հիմնարկի հսկող աչքե-րից եւ Ազգային Առաջնորդարանի տեսողութիւնից, աշխարհագրական հեռաւորութեան եւ մարդոյժի պակասի հետեւանքով:
Այս տեսակի եկեղեցիներից է Խոյ գաւառի Փեսայ գիւղի Ս. Աստւածածին եկեղեցին, 18-րդ դարի կառոյց: Այստեղ այցելեց Ատրպատականի Հայոց Թեմի Ա-ռաջնորդ` Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանը Չորեքշաբթի 5 Յունիս 2013-ի ա-ռաւօտուն: Թեմակալ Առաջնորդի տեղագրութիւնը ստորեւ.-
«Թաւրիզից 158 քիլոմետր դէպի հիւսիս, Խոյ գաւառի Փեսայ գիւղը հա-սանք, մեր ցուցակների հիման վրայ տեսնելու Ս. Աստւածածին եկեղեցին: Մահւան սնարի մօտ հասնող հոգեւորականի նման, որ վերջի թոշակը պիտի տայ հիւանդին, հոգեվարքի մէջ գտանք Փեսայ գիւղի Ս. Աստւածածին եկեղեցին…:
Նախ, դէպի գիւղ մուտքի ճանապարհը լայնացրած լինելով, եկեղեցու հա-րաւային կողմի յետսամասից շուրջ 6 մետրի հողամաս ճանապարհի ներքեւ էր մնացել: Հիւսիսային կողմից էլ, դէպի կողքի գիւղը բացւած ճանապարհի բերումով եկեղեցին մնացել էր երկու փողոցի միջում: Արեւելեան կողմից էլ հողից մի անցք բացւած լինելով, մի եռանկիւն մասի մէջ է կղզիացել յիշեալ եկեղեցու աւերակոյ-տը: Գիւղացիք ծանօթ չէին այդ կառոյցի իսկութեանը, այլապէս դրա հայկական անցեալ ունեցած լինելու մասին ծանօթանալը, մի գուցէ պատճառ դառնար, այդ աւերակոյտին էլ անհետացմանը…:
![]() |
![]() |
Ցածից մինչեւ երկու մետր, քարաշէն կառոյց ունի եկեղեցին, բաւականա-չափ յղկւած քարերով, որոնք երեւում են Արեւելեան պատի դրսի կողմից, որը եկեղեցուց մնացած ամենից բարձր պատն է` շուրջ երեք մետր բարձրութեամբ: Քարերից յետոյ աղիւսով է շարունակւել կառոյցը, յատկապէս խորանի վերեւի կի-սակամարը կազմելու համար:
Եկեղեցու ընդհանուր տարածութիւնը 10x6 պէտք է եղած լինի, հետեւելով յատակագծի վրայ երեւացող քարերից, յատկապէս Արեւմտեան կողմում, որտեղ եւ պէտք է գտնւած լինի մայր մուտքը: Արեւելեան հատւածի մի մասը աւելի կանգուն մնացած լինելով, ներսից կարելի է տեսնել խորանի ձախակողմեան խորշը, որտեղ դրւում է գինին ու նշխարհը: Խորշի վերեւում, քառակուսի յղկւած գերանի կտոր է ամրացւել, վերեւի աղիւսների ծանրութիւնը պահելու համար:
Տանիքի հողը այնքան է թափւել ու լցրել ներսը, որ գետնի բարձրութիւնը հասել է մինչեւ սոյն խորշի յատակին: Սրա յետեւում, ձախակողմեան աւանդատան մի պատը կանգուն մնացած լինելով, կարելի է ենթադրել, թէ զոյգ աւանդատները խորանի մասից բաժանւած են եղել շուրջ մէկ մետր լայնք ունեցող պատով: Իսկ դասի բերանում, որտեղից ատեանն է բաժանւում, եղել են երկու հաստ աղիւսակերտ սիւներ, որոնք դասի մուտքը սեղմել են, հազիւ երկու հոգու անցք թողելով: Կողքի պատերի վրայ բարձրացող աղիւսների կոր շարւածքից ենթադրելով, դասի այս մուտքի վերեւը թաղաձեւ է եղել, նմանւելով խորանի կիսակամարին:
Հիւսիսային պատի վրայ մեծ փոս է բացւել, որը բնական քանդումից աւելի գանձ փնտռելու յատուկ աշխատանքի հետքեր է պարզում: Այստեղից երեւում է եկեղեցու պատերի մի քանի շարք աղիւսներով հիւսւած լինելը, տոկուն կառոյց ունենալու ճարտարապետական նկատումներով: Եկեղեցին ներսից ծեփւած է եղել, սակայն տանիքի չգոյութեան բերումով կիրի սպիտակութիւնը չքացել է, տեղացող անձրեւների պատճառով:
Վերջի աղօթք անելով այս եկեղեցու աւերակների մօտ, վերջի հաղորդութիւն տւած եղանք նրան, մեր հերթին մենք էլ ստանալով այդ սրբավայրի աստուածային վերջի օրհնութիւնը…»:
Մեկնաբանել