
«Բարև ձեզ». Երևանում բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Բարև ձեզ» խորագիրը: Ցուցահանդեսը ներառում է աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկար: «Ստամբուլի աչք» անունը կրող լուսանկարիչ Արա Գյուլերն ավելի քան 800.000 լուսանկարի հեղինակ է:
Լուսանկարիչը հայաստանյան ցուցահանդեսից հետո իր աշխատանքները կնվիրի Հայաստանի Հանարապետությանը:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում: 1951 թ. ավարտել է Կեդրոնական հայկական վարժարանը: Մանկության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է գործել կինոն. երազել է դառնալ ռեժիսոր կամ սցենարիստ: Նրա մի քանի պատմվածքներ հրատարկվել են գրական ամսագրերում և հայկական թերթերում:
Իր լրագրողական ուղին սկսել է 1950 թ. «Ենի Իսթամբուլ» թերթում, այնուհետև «Թայմ Լայֆի», «Փարիզ Մատչի», «Ստեռնի» ֆոտոլրագրող էր: Գրեթե նույն ժամանակահատվածում աշխատանքի է անցել «Մագնում» գործակալությունում և մի ակնարկ պատրաստել Նոյյան տապանի մասին:
Այդ տարիներին նա նաև ներկայացնում է Նեմրութ լեռը, և աշխարհն իմանում է Նեմրութի մասին լուսանկարների միջոցով: Նրա կարևոր ակնարկներից է նաև մոռացված Աֆրոդիսիաս քաղաքի վերահայտնաբերումը:
1961 թ. Միացյալ Թագավորությունում հրատարակված «Լուսանկարչության բրիտանական ամսագիր» տարեգրքում Գյուլերը ճանաչվել է աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկը՝ նույն տարում դառնալով նաև Մեդիա լուսանկարիչների ամերիկյան միություն /ASMP/ անդամ: Գերմանիայում ստացել է «Լեյկայի վարպետ» մրցանակը:
Արա Գյուլերի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում «Մարդը և իր աշխարհը», Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում՝ «Գունավոր լուսանկարչության տասը վարպետները» ցուցադրությունների և Քյոլն քաղաքի «Ֆոտոկինա» տոնավաճառի ժամանակ:
Նրա լուսանկարը Պիկասոյի ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ եղել է «Սկիրա» հրատարակչության «Պիկասո. մետամորֆոզ և միասնություն» գրքի անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն հրատարակությունների առաջին էջին:
1992 թ. մեծն ճարտարապետ Սինանի գործերի նրա լուսանկարները հրատարակվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Նույն տարում նրա «Ապրել Թուրքիայում» գիրքը հրատարակվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում:
2002 թ. Ֆրանսիայի կառավարությունը Արա Գյուլերին շնորհել է արվեստի և գրականության պատվո լեգիոնի շքանշան, իսկ 2009 թ. Փարիզի քաղաքապետարանից ստացել է Փարիզ քաղաքի շքանշան: 2009 թ. ԱՄՆ-ում «Լյուսի» հիմնադրամը շնորհել է Կենդանության օրոք ձեռքբերումների մրցանակ և 2011 թ.՝ մշակույթի և զբոսաշրջության նախարարության մրցանակը՝ մշակույթի և արվեստի ոլորտներում մատուցած ծառայության համար: 2012 թ. Արա Գյուլերը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նաև հարցազրույցներ է անցկացրել և լուսանկարել հանրահայտ մարդկանց՝ սկսած Բեռնար Ռասսելից և Ուինսթոն Չերչիլից մինչև Առնոլդ Թոյնբին, Պաբլո Պիկասոն և Սալվադոր Դալին:
Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս:
Արա Գյուլերի մասին գրվել է ութ դոկտորական թեզ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Մեկնաբանել