HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագիրն իրականացվել է թերություններով և խախտումներով

«Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագիրն իրականացվել է թերություններով և խախտումներով: 2010 թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտներից գործում են ընդամենը 8-ը, 2011 թ.` 17 սուբյեկտներից` 8-ը, իսկ 2012 թ. վարկավորված 130 սուբյեկտներից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել են գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ Ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա, ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանը, աշխատատեղերի ավելացմանը:   

Սա արձանագրել է ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ իր ընթացիկ հաշվետվությունում: 

Ըստ հաշվետվության` կառավարության որոշմամբ տնտեսվարող սուբյեկտներին վարկային միջոցների տրամադրմամբ օժանդակելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՓՄՁ ԶԱԿ-ին առանց գրավի միջոցների և տարեկան 0.001 % տոկոսադրույքով հատկացվել է 559 մլն դրամի բյուջետային վարկ: 

Հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ «Կոնսեր» ՍՊԸ-ին (պահածոների արտադրություն) և «Վայք գրուպ» ՓԲԸ-ին (գինու արտադրություն) վարկային միջոցների տրամադրմանն աջակցելու նպատակով վարկային երաշխավորություններ են տրամադրել համապատասխանաբար` 395 մլն և 164 մլն դրամի չափով:

«Կոնսեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված աջակցության հայտի համաձայն` նրա նախորդ տարվա հասույթը կազմել է 3 մլն դրամ` 8 վարձու աշխատողների պարագայում:

Վարկի մարումը պետք է սկսվեր 2011 թ., սակայն 29.10.2010 թ. բանկը տեղեկացրել է ՓՄՁ ԶԱԿ-ին կազմակերպության շուրջ 3,9 մլն դրամի չափով ժամկետանց պարտավորությունների առկայության մասին, որոնք արդեն 07.01.2011 թ. կազմել են շուրջ 7,5 մլն դրամ, իսկ 09.02.2011 թ. բանկը ՓՄՁ ԶԱԿ-ի գրավային հաշվից մարել «Կոնսեր» ՍՊԸ-ին տրամադրված 395 մլն դրամի վարկը և շուրջ 1,6 մլն դրամի տոկոսագումարը: 02.03.2011 թ. ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ արձանագրվել է, որ վարկառուի ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում բանկի կողմից ՓՄՁ ԶԱԿ-ից գանձվել է շուրջ 408 մլն դրամ, այդ թվում` շուրջ 13 մլն դրամի տոկոսագումար, իսկ նշված գումարի պահանջի իրավունքն անցել է ՓՄՁ ԶԱԿ-ին: 03.03.2011 թ. «Գործակալության» պայմանագրով ՓՄՁ ԶԱԿ-ը «Կոնսեր» ՍՊԸ-ի նկատմամբ իր պահանջի բոլոր իրավունքները փոխանցել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Նույն կերպ, «Վայք գրուպ» ՍՊԸ-ին հատկացված 164 մլն դրամի չափով վարկի ամբողջ գումարը տեղադրել է բանկում: Վարկը տրամադրվել է տարեկան 10 % տոկոսադրույքով` 29.05.2010 թ-ից վարկի և տոկոսագումարների վճարման պայմանով: Սակայն, 03.10.2012 թ. բանկը տեղեկացրել է ՓՄՁ ԶԱԿ-ին «Վայք գրուպ» ՓԲԸ-ի մոտ առաջացած շուրջ 4,4 մլն դրամի ժամկետանց պարտավորությունների և 30-օրյա ժամկետում պարտավորությունը չմարվելու դեպքում գրավային հաշվում առկա բոլոր միջոցները վարկի մարմանն ուղղելու մտադրության մասին: Արդյունքում, ավանդային հաշվից մարվել են շուրջ 78 մլն դրամի չափով վարկի վերջնական մնացորդը և շուրջ 4,4 մլն դրամի ժամկետանց պարտավորությունները: Արդյունքում, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 559 մլն դրամի բյուջետային վարկից վերականգնվել է շուրջ 85,8 մլն դրամը կամ 15.4%-ը: 

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով «Կոնսեր» ՍՊԸ-ին և «Վայք գրուպ» ՓԲԸ-ին հատկացված համապատասխանաբար` 395 մլն և 164 մլն դրամի ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում վերականգնվել է ընդամենը 85,8 մլն դրամը: 

ՀՀ վերահսկիչ պալատը առաջարկել է կառավարությանը «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկել արձանագրված խախտումներն ու թերությունները, միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար: Վերահսկել երաշխավորություն ստանալու համար ՓՄՁ սուբյեկտների կողմից ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տրամադրվող տեղեկատվությունը` բացառելով ֆինանսական ոչ հավաստի ցուցանիշների ընդունումը, ապահովել ստացված վարկային միջոցների ծախսման նպատակայնությունը և գործարար ծրագրերի իրականացումը: Հետևողականորեն բարձրացնել սկսնակ գործարարներին ձեռներեցությանն աջակցության ծրագրի արդյունավետությունը, նրանց տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցության գործիքների հասցեականությունը:  

Նշենք, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. փետրվարի 15-ի վճռով «Կոնսեր» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter