
«Կրելով հայու բարձր անունը` ապացում ենք, որ մենք ապրում ենք և շարունակելու ենք ապրել»
«Մենք պետք է միշտ հիշենք, որ ամենակարևորը մարդկային կյանքն է: Մենք պետք է դա հիշենք ոչ միայն սգի, հիշատակի օրերին, այլև դրա մասին միշտ հիշենք և ուշադիր լինենք միմյանց նկատմամբ», - ասաց տեր Թադևոս Հայրաբյանը:
Վերջինս Ռոստովի մարզի Մյասնիկյան շրջանի Չալթր հայկական գյուղի սուրբ Համբարձում եկեղեցու հոգևոր հայրն է: Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, եկեղեցու բակում հավաքվել էին շրջանի մի խումբ հայեր` հիշելու Մեծ եղեռնի անմեղ զոհերին:
Տեր Թադևոս Հայրաբյանը կոչ արեց հավաքվածներին աղոթել ցեղասպանության ենթարկված հայերի հոգիների փրկության համար` համոզված լինելով, որ վերջիններս էլ աղոթում են իրենց համար, որպեսզի իրենք լինեն մարդ, ունենան խիղճ և իմանան, թե ուր են գնում:
«Եթե այսօր հասնենք Ցեղասպանության ճանաչմանը, հասնենք այն բանին, որ Թուրքիան ներողություն խնդրի իր նախնիների արածի համար, ապա մենք կիմանանք, որ վաղը ուրիշները նման վայրենությունը չեն կրկնի: Այսօր, ձգտելով հասնել Հայող ցեղասպանության միջազգային ճանաչմանը, մենք մտածում ենք ոչ միայն մեր ազգի մասին, այլև` ամբողջ մարդկության», - ասաց տեր Թադևոս Հայրաբյանը:
Այնուհետև հոգոր հայրը հայերենով աղոթք կարդաց:
«Չնայած արդեն դար է անցել այդ իրադարձություններից, բայց մեր ցավը չի մեղմանում, որովհետև չկա արդարացում անգամ մեկ մարդու սպանությանը: Իսկ այստեղ արդեն խոսքը վերաբերում է զանգվածային սպանության մասին», - իր խոսքում նշեց Մյասնիկյան շրջանի ղեկավարի տեղակալ Նազիկ Քեշիշյանը:
Նրա խոսքերով` 20-րդ դարի մեծ ողբերգությունը, որին հավասարը չի եղել Հայաստանի բազմադարյան և բազմավերք պատմության ընթացքում, մնացել է անպատժելի: Իսկ դա հետագայում հանգեցրել է նմանատիպ դեպքերի կրկնմանը: Օսմանյան Թուրքիան ծրագրել էր հայ ժողովրդի, նրա հնագույն մշակույթի, քաղաքակրթության համակարգային, ոչնչացումը:
Արդեն տարիներ շարունակ տեղի հայությունը հավաքվում է սուրբ Համբարձում եկեղեցու բակում, ծաղիկներ դնում եկեղեցու կողքը կառուցված խաչքարի վրա: Հայ վարպետների ձեռքերով պատրաստված խաչքարը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանց անմեղ արյունն է խորհրդանշում հավաքվածների բերած կարմիր ծաղիկները:
Տեր Թադևոս Հայրաբյանը գտնում է, որ նշված խոսքերին անհրաժեշտ է ավելացնել նաև գործը:
«Սովորելով հայոց լեզուն, պատմությունը, երգերը, մշակույթը և կյանքում կրելով հայու բարձր անունը, դրանով ապացում ենք, որ մենք ապրում ենք և շարունակելու ենք ապրել: Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Աստաված տա` երկրի վրա այլևս նման ողբերգություն չլինի»:
Մեկնաբանել