HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Յանի. «Ինձ շատ բան հարկավոր չէ. հագիս լինի մի վերնաշապիկ ու ես քայլեմ ջրի ափով»

«Չկա ամենամեծ երազանք: Երբ ես փոքր էի, շատ երազանքներ ունեի: Այժմ դրանց մեծ մասը իրականացել է: Հիմա արդեն կյանքի նկատմամբ ավելի համեստ պահանջներ ունեմ»,- ասում է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Յանին:

Երաժիշտը ծնվել է Հունաստանի Կալամաթա քաղաքում 1954 թ. նոյեմբերի 14-ին: Նա հիշում է, որ ընտանիքը շատ աղքատ էր, և իրեն շատ բան թույլ տալ չէր կարող: Բայց ուներ փոքրիկ ռադիո, որը լսում էր գիշերները: Ապրելով Միջերկրական ծովի շրջակայքում՝ նա հնարավորություն ուներ ծանոթանալ մոտակա երկրների երաժշտությանը: Մանկուց լսած տարբեր մեղեդիներն իրենց ազդեցությունն են ունենում երաժշտի հետագա ստեղծագործությունների վրա:

Յանիի երաժշտության մեջ կարելի է լսել ամենատարբեր երկրների ազգային երաժշտությանը բնորոշ տարրեր, ինչպես նաև դրանց միահյուսումը: Այդ մեղեդիները, խառնվելով և լրացնելով միմյանց, Յանիի ձեռքում դառնում են ներդաշնակ, գեղեցիկ և շատ զգայական: Նրա երաժշտությունը հանդիսատեսին իսկապես տանում է մի մոգական աշխարհ:

Յանիի խոսքով՝ այն բոլոր ազդեցությունները, որոնք կրում է իր երաժշտությունը տարբեր ֆոլք երաժշտություններից, նախ և առաջ կախված է այն հանգամանքից, թե ինչպես է ինքը մեծացել:

Նրա կարծիքով՝ երեխային չպետք է ստիպել անել ինչ-որ բան, այլ պետք է դա գրավիչ դարձնել նրա համար: Այդպես են վարվել նաև իր ծնողները, ովքեր երբեք չեն ստիպել իրեն զբաղվել երաժշտությամբ կամ դաս անել այն ժամանակ, երբ ինքը չի ցանկացել: Յանին երաժշտական լիարժեք կրթություն չի ստացել, բայց գալիս է մի պահ, երբ ինքն արդեն սեփական կամքով սկսում է դաշնամուր նվագել:

«Երջանիկ եմ, որ երաժշտական դասեր չեմ վերցրել, որովհետև ոչ ոք ինձ երբեք չի ասել, թե ինչպիսին պետք է լինի երաժշտությունը,- խոստովանում է Յանին:- Առաջին տարիներին շատ կարևոր է ունենալ լավ ուսուցիչ: Բայց գալիու է մի պահ, երբ նա հեռանալու է, և ձեզնից սպասելու են ստեղծել մի բան, որը ոչ ոք մինչ այդ չի ստեղծել: Դա հենց ստեղծագործական գործընթացն է, որը ես շատ սիրում եմ: Չեմ կարծում, թե դա դպրոցներում դասավանդվում է»:

Իր երաժշտական կարիերայի սկզբում Յանին իր համար ստեղծում է հատուկ համակարգ, որի օգնությամբ կարող էր հիշել երաժշտությունը: Բայց այժմ նա շատ քիչ է օգտվում իր «հայտնագործությունից», քանի որ ունի երաժշտական շատ լավ հիշողություն:

«Ես շատ դժվարությամբ եմ ինչ-որ բան մոռանում: Երբ ես երաժշտություն եմ գրում, ես դա գրում եմ նախ և առաջ իմ մտքում. պարտադիր չէ՝ դաշնամուրով նվագեմ»,- ասում է Յանին:

Սակայն նախքան երաժշտությունը վերջնականապես «իրենով կաներ» Յանիին, վերջինս լրջորեն տարված էր սպորտով: 14 տարեկանում երիտասարդ մարզիկը Հունաստանում սահմանում է ռեկորդ ազատ լողում: Այդ ժամանակ պատանի Յանին երազում էր դառնալ օլիմպիական չեմպիոն: Սակայն արդեն 18 տարեկանում նա մեկնում է ԱՄՆ, ընդունվում Մինեսոտայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Ուսանողական տարիներից էլ սկսվում է Յանիի երաժշտական կարիերան:

Յանին առաջին ալբոմը թողարկում է 1984 թ., հաջորդում են բազմաթիվ ալբոմներ, հավաքածուներ ու մի շարք հիթեր: Վերջին ալբոմը Յանին թողարկել է 2012 թ.՝ Live at El Morro, Puerto Rico:

«Ինձ համար չկան օրենքներ կամ կանոններ: Ես պատրաստ եմ օգտագործել ցանկացած գործիք, եթե այն կարող է արտահայտել մարդու էմոցիաները,- ասում է Յանին:- Երբ ես խառնում և միացնում եմ երաժշտական տարբեր ոճեր, դա պարտադրաբար չեմ անում: Դա բնականից է ստացվում, քանի որ այդ ամենը բխում է իմ ներսից»:

Երաժշտական խումբը, որ ստեղծել է Յանին, բազմազգ է. ջութակահար Սամվել Երվինյանը հայ է, ջութակահարուհի Սայկա Կատուսկին՝ ճապոնուհի, փողային գործիքների երաժիշտ Պեդրո Էուստաչեն Վենեսուելայից է, իսկ տավիղահար Վիկտոր Էսպինոլան՝ Պարագվայից:

Յանիի խոսքով՝ բազմազգ թիմը հատուկ մտածված չի ստեղծվել, պարզապես այդպես է ստացվել:

«Ես աշխարհում փնտրել եմ լավագույն երաժիշտներին: Արդյունքը եղավ այն, որ ես աշխատում եմ միացյալ ազգությունների հետ: Մենք հավատում ենք, որ բազմազանությունն ունի ուժ»,- ասում է երաժիշտը:

Յանին սիրում է համերգային ծրագիրը պահել թարմ և հետաքրքիր հանդիսատեսի համար: Բայց դա չի նշանակում, թե երկրից երկիր գնալով՝ նա փոխում է գործիքները՝ համապատասխանեցնելով այդ երկրի ազգային գործիքներին: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է տվյալ պահի ներշնչանքից: Միաժամանակ խոստովանում է. «Ես սիրում եմ դուդուկը, այն շատ զգացմունքային գործիք է»:

Շրջագայելով աշխարհով մեկ՝ Յանին մեկ ուղերձ է փոխանցում մարդկությանը՝ խաղաղության ուղերձը: Նրա խոսքով՝ դա էր իր երազանքը, և ինքն էլ փորձում է իր ներդրումն ունենալ այդ գործում:

«Այն բաները, որ ես ասում եմ, երկրից երկիր չեն փոխվում: Ես կարողացել եմ ասել իմ ասելիքը բոլոր երկրներում, և մարդիկ բաց են դրա համար,- ասում է Յանին:- Ես երաժշտությամբ ցանկանում եմ ճշմարտությունն ասել: Երաժշտությունը պետք է ճշմարիտ և անկեղծ լինի»:

Չնայած Յանիին դժվար է պատկերացնել երաժշտությունից դուրս, բայց «Հետքը» հետաքրքրվեց, թե ուրիշ ինչ հետաքրքրություններ ունի երաժիշտը:

«Ես սիրում եմ ցանկացած բան, որ կապված է օվկիանոսի հետ՝ լողալ, նավարկել, լինել ջրի տակ,- պատասխանեց Յանին:- Ես շատ հասարակ եմ այդ հարցերում, ինձ շատ բան հարկավոր չէ. հագիս լինի մի վերնաշապիկ ու ես քայլեմ ջրի ափով: Ես սիրում եմ այն, ինչ անում եմ, ես սիրում եմ երաժշտությունը, և այն գրեթե ամբողջովին լցնում է ինձ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter