
Որտե՞ղ է մշակվում Հայաստան տոննաներով ներկրվող կիսաֆաբրիկատ կաշին
Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող կաշվի վերամշակման գործարանում («Բիզոն» ՍՊԸ) կան մասնագետներ և բոլոր սարքավորումները՝ կաշվի արտադրությունն ամբողջությամբ իրականացնելու համար, բայց այն փակման եզրին է: Գործարանի արտադրած կաշին չի վաճառվում: Հսկայական տարածություն զբաղեցնող գործարանում օրական ընդամենը երկու-երեք ժամվա գործ կա անելու, բայց տնօրենը՝ Աշոտ Մելքոնյանը, բոլոր աշխատողներին կանչում է աշխատանքի: Ասում է` «կգան, մի բան կանեն», 10-12 հոգուն աշխատանքով ապահովելը քիչ չէ այսօր Հայաստանի համար:
Գործարանը հիմնվել է 2011թ.: Աշոտ Մելքոնյանը պատմում է, թե ինչպես «չոլերի մեջ հսկայական տնտեսություն ստեղծեց», որն այսօր չի կարողանում աշխատեցնել:
«Էստեղ եղել է անապատ: Էստեղ ինչ-որ կա, ես եմ սարքել»,- ասում է նա` թվարկելով փակվելու եզրին գտնվող տնտեսության վրա արած ծախսերը: Գործարանի սարքավորումները բերվել են Պարսկաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Տամբով և Ռյազան քաղաքներից: «3 ֆուրով էս ստանոկները քանդած վիճակում բերեցին,- պատմում է Ա. Մելքոնյանը,- երեք պարսիկ մասնագետ տասնհինգ օրում բարաբանները հավաքեցին, տեղադրեցինք: Երբ որ պատրաստիի վրա ես նստում, դա ուրիշ է, սարքելը՝ ուրիշ: Ես սարքել եմ, դրա համար սիրտս ցավում է»: Ա. Մելքոնյանը մի քանի տարի ապրել է ԱՄՆ-ում, նրա զույգ տղաները ծնվել են այնտեղ, ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Ասում է՝ իր համար դժվար չէ մեկ օրում փակել գործարանը, գործազուրկ թողնել իր աշխատողներին, զբաղվել իր բիզնեսներով, երեխաների ապագան էլ կառուցել Ամերիկայում:
Ավելացնում է, որ եթե գործարանը սարքելու ծախսերի 10 տոկոսը՝ մոտ 50 հազար դոլարը, ներդներ ուրիշ գործի մեջ, օրինակ՝ գնար Պարսկաստանից կաշի բերեր ու վաճառեր Հայաստանում, ավելի շատ շահույթ կունենար:
Բայց ցանկացել 1 արտադրություն հիմնել Հայաստանում, որ «մարդիկ կապվեն էս հողին, չթողնեն, գնան»: «Լուրջ եմ ասում, 10 անգամ ավելի շատ շահույթ կունենայի, եթե դրսից ապրանք բերեի, էստեղ ծախեի», -ասում է նա:
Գործարանի արտադրանքը չի վաճառվում հենց այն պատճառով, որ որոշ մարդիկ որոշել են իրենց փողերը ներդնել Պարսկաստանից ու Թուրքիայից Հայաստան կաշի ներկրելու բիզնեսում:
Աշոտ Մելքոնյանի խոսքով` շուկայում իրենց արտադրանքի մրցակիցը պարսկական և թուրքական կաշիներն են: Հայաստան ներկրված թուրքական կաշին սովորաբար ավելի թանկ է, քան տեղականը, մեկ քառակուսի դեցիմետրը՝ 140-150 դրամ: Պարսկական կաշին գրեթե նույն գնով է վաճառվում, ինչ հայկականը` 70-100 դրամով: Ա. Մելքոնյանն ասում է, որ իրենց արտադրանքը թուրքական և պարսկական ապրանքից ոչնչով վատը չէ, պարզապես «իմպրտնին» գնելը հայկական բնավորություն է:
Բանվորները տեսակավորել էին գործարանում մշակված, վաճառքի պատրաստ կաշիները: Դրանցից մի քանիսի վրա գրված էր` «լավագույն կաշի»: «Գործարանի լավագույն արտադրանքը նույնպես գրեթե չի վաճառվում»,- ասում է Ա. Մելքոնյանը:
Հսկայական ռեսուրս ունեցող գործարանը, որը պատրաստի աշխատատեղ է, այսօր փակվում է` չդիմանալով թուրքական և պարսկական ապրանքի մրցակցությանը: Այս իրավիճակի պատճառը միայն «իմպրտնին» նախընտրող հայկական բնավորությունը չէ:
Պետական «աջակցություն» հայկական կաշվի արտադրությանը
Շուկայում հայկական կաշվի հետ մրցակցող պարսկական և թուրքական կաշին, ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստան է ներկրվում «լրացուցիչ մշակված»` կիսաֆաբրիկատ վիճակում:
Դա նշանակում է, որ ներմուծված ապրանքի մշակման վերջնական փուլն անցնում է Հայաստանում` կաշվի վերամշակման գործարաններում:
«Բիզոն»-ի տնօրեն Աշոտ Մելքոնյանը զարմացավ, որ Հայաստան է ներկրվում կիսաֆաբրիկատ կաշի: «Իսկ ո՞ւր է գնում այդ կաշին: Եթե բերեն, կամ ինձ մոտ պիտի մշակվի, կամ պետք է տանեն Վարդանի մոտ (նկատի ունի «Կաշի» ԲԲԸ-ն-Մ.Մ.), այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
«Կաշի ԲԲԸ»-ի (նախկինում` Երևանի Ստ. Շահումյանի անվան կաշվի գործարան) տնօրեն Վարդան Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գործարան կիսաֆաբրիկատ կաշի չի մտնում:
Նշենք, որ կիսաֆաբրիկատ կաշվի վերամշակումը կարելի է իրականացնել միայն այն սարքավորումներով, որ կան վերոնշյալ երկու գործարաններում: Կաշվի վերամշակման այլ գործող գործարան Հայաստանում չկա: Հետևաբար, Հայաստան ներկրվող պարսկական և թուրքական կաշիները պատրաստի արտադրանք են, որոնք պարզապես մաքսազերծվում են որպես «կիասֆաբրիկատ» ապրանք` մաքսային սահմանված արժեքից ավելի ցածր գնով:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2013թ. Հայաստան է ներմուծվել մոտ 475 տոննա «լրացուցիչ մշակված» կաշի, 2012-ին ` մոտ 370 տոննա, 2011թ.` մոտ 305, իսկ 2010թ.` մոտ 250: Որտե՞ղ է վերամշակվել այդքան կիսաֆաբրիկատ կաշին. գործարանները տեղյակ չեն:
Ըստ վերոնշյալ ցուցանիշների` ամեն տարի Հայաստան ներմուծվող «լրացուցիչ մշակված» կաշվի քանակն ավելանում է 50-100 տոննայով. ներմուծողները հասկացել են, որ պատրաստի կաշին «լրացուցիչ մշակված» տարբերակով Հայաստան ներկրելը ձեռնտու բիզնես է:
Արդյունքում ներկրված արտասահմանյան ապրանքը դառնում է մրցունակ տեղական կաշվի հետ՝ գնային առումով. ներմուծողը կարողանում է այն վաճառել գրեթե նույն գնով, ինչ տեղական արտադրողը:
Աշոտ Մելքոնյանը նշում է, որ ի տարբերություն Հայաստանի, Իրանում կաշվի վերամշակմամբ զբաղվող գործարանները պետական աջակցություն են ստանում: Նրա խոսքով` Իրանի գործարաններում կաշվի հումքը վերամշակելու համար էլեկտրաէներգիան անվճար է: Բացի այդ, Իրանում արտադրվում են կաշվի վերամշակման համար անհրաժեշտ բոլոր քիմիկատները, հետևաբար այնտեղ կաշվի վերամշակումն ու վերջնական արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր գին ունեն, քան Հայաստանում:
Հայաստանում կաշվի վերամշակման համար անհրաժեշտ նյութերից միայն աղ, սոդա և կիր է արտադրվում: Մնացած 19 տեսակ քիմիկատները ներկրվում են Պարսկաստանից: Ա. Մելքոնյանն ավելացնում է, որ այդ նյութերը մաքսակետում մաքսազերծվում են «շուկայական գներով»: «Բայց անհայտ է, թե ինչպես է ձևավորվում շուկայական գինը, եթե դրանք Հայաստանում չեն արտադրվում»,- ասում է նա:
Հայաստանում չարտադրվող նյութերը «շուկայական գներով» մաքսազերծելու փոխարեն Աշոտ Մելքոնյանն առաջարկում է օրինական ճանապարհով մաքսազերծել Հայաստան ներկրվող պարսկական և թուրքական ապրանքը, որոնց ինքնարժեքն առանց այն էլ հայկականի համեմատությամբ ավելի ցածր գին ունի:
Ինչ վերաբերում է որակին, ապա Աշոտ Մելքոնյանը նշում է, որ իրենց արտադրած կաշին պարսկական ապրանքին չի զիջում: Թուրքականի որակը, ըստ նրա, կարող է ավելի լավը լինել, բայց նրանք վատ հումքը ապրանքային տեսքի բերելու տեխնոլոգիա նույնպես ունեն, որի արդյունքում դժվար է որոշել, թե լավ տեսք ունեցող կաշին իսկապե՞ս որակյալ է, թե՞ ոչ: «Եթե մեզ մոտ մորթի ժամանակ փչացած կաշին չի ստացվում այնպես մշակել, որ արդյունքում չստացվի ծակոտիներով ապրանք, ապա թուրքերն այդ ծակոտիները փակում են հատուկ նյութերով»,- ասում է նա: «Դա չի երևում: Էլի բերում, Հայաստանի վրա են ծախում: Թուրքերը ոչ թե մեկ-երկու, այլ 350 հատ գործարան ունեն: Ես գնացել, տեսել եմ: Երևան քաղաքի չափ տերիտորիա մենակ կաշի մշակող գործարաններ են: Ստամբուլից մի քիչ հեռու է գտնվում այդ տարածքը»,- ասում է նա:
Այդ օրը գործարանում աշխատողները պատմում էին, թե ինչպես են աշխատեցնում սարքավորումները: Ամեն մեկը պատմում էր իր «դասը», որ սովորել էր 16-17 տարեկանից սկսած: Նրանք բոլորը հին կաշեգործներ են: Մի քանիսն աշխատել են Երևանի կաշվի մայր գործարանում (այժմ` «Կաշի» ԲԲԸ), կաշեգործությամբ են զբաղվել նաև այն տարիներին, երբ հայկական կաշին սպառվում էր ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում էր: «Նրանք բոլորը մասնագետներ են առանց դիպլոմի,- ասում է Ա. Մելքոնյանը,- բայց անփոխարինելի են, իրենց գործը ուրիշ մարդու, որ փողոցից բերես, չի կարող անել, պետք է տարիներով սովորի»: Այդ աշխատողներն են հայկական նախկին որակյալ կաշվի արտադրողները: Նրանց չէր սպառնա անգործ մնալու վտանգը, եթե իսկապես Հայաստան ներմուծվեր այդքան կիսաֆաբրիկատ կաշի և չստեղծվեր արհեստական մրցակցություն տեղական և ներկրվող ապրանքի միջև:
Շարունակելի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել