
Արագածի կամուրջներին փլուզման վտանգ է սպառնում
Արագածոտնի մարզի Արագած գյուղում հեղեղատարի վրա կառուցված 4 կամուրջից երեքին փլուզման վտանգ է սպառնում: Հունիսի 2-ին չորրորդը հեղեղվել է: Արագած համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Բեյբությանը համայնքի առաջնային խնդիր համարում է հենց այս` հեղեղատարների ամրացումն ու հեղեղատարների վրա գտնվող կամուրջների վերակառուցումը:
Արագած գյուղը գտնվում է այնպիսի գոտում, որտեղ հեղեղներ ու սելավներ հաճախ են տեղի ունենում: Քուչակի հեղեղատարի, կամ ինչպես տեղացիներն են անվանում` Համիկի առվի վրա են գտնվում վերոնշյալ 4 կամուրջները: Երկու կամուրջներն ապահովում են դեպի արոտավայրեր տանող ճանապարհը, երկուսը` դեպի գյուղնշանակության հողեր: Դեռևս կանգուն երեք կամուրջները ապահովում են կապը արոտավայրերի հետ, բայց ամեն րոպե փլուզման վտանգ կա:
«Դա միայն կամուրջի խնդիր չէ, հեղեղվել է նաև կամուրջից դեպի առաջ և դեպի հետ գտնվող մերձափնյա տարածքները: Երկու բնակարան կա, որոնք ժամանակին անմիջապես հեղեղատարի ափին են կառուցվել, մարդիկ են ապրում, անհրաժեշտ է, որ հակահեղեղային կառույցներ տեղադրել»,- նշում է Ս. Բեյբությանը:
Անցյալ տարի 2 կամուրջ է փլուզվել` անմիջապես բնակավայրի ներսում: Համայնքի տարածքների միջև կապը երկար ժամանակ կտրված է եղել, որովհետև մինչ հեղեղները չնստեն, հայամանքապետարանն ի վիճակի չի եղել վերականգնել դա:
Համայնքի ղեկավարի տեղակալն ասում է, որ խնդիրը նույնիսկ կառավարությանն է ներկայացված, տեղյակ է մարզպետարանն ու արտակարգ իրվաիճակների նախարարությունը: Կամրջաշինությունը թանկ և բարդ գործընթաց է, և միայն համայնքի ուժերով հնարավոր չէ իրականացնել: Նախնական հաշվարկներ կատարելով` համայնքապետարանին առաջարկել են կամուրջներից մեկը նորոգել, որի համար մոտ 5 մլն դրամ է անհրաժեշտ: Իսկ յուրաքանչյուր կամրջի հիմքից կառուցման համար 3 մլն դրամ է անհրաժեշտ:
Մոտ 1 շաբաթ առաջ կառավարության կողմից ուղարկված հանձնաժողովը տեղում ուսումնասիրել է իրավիճակը, իր օգնությունն է առաջարկել նաև «Վրոլդ Վիժն» կազմակերպությունը` 1 մլն դրամի չափով` հեղեղված կամուրջը վերականգնելու համար:
Հանձնաժողովը նաև 500 գծամետր հակահեղեղային կառույցների տեղադրման հարց է առաջ քաշել, բայց թե որքան կարժենա դա, դեռ պարզ չէ: «Մենք ուզում ենք կոմպլեքս լուծում տալ,- չի թաքցնում համայնքապետի տեղակալը,-պատրաստ ենք համայնքի բյուջեից առավելագույն չափով մասնակցել»:
Արագածի տարեկան բյուջեն մոտ 60 մլն դրամ է: Ասում է, որ թվում է, թե բյուջեն բավականին մեծ է, բայց հոգսերն էլ շատ են. մանկապարտեզ, արվեստի դպրոց ունեն, որոնց իրենք են ֆինանսավորում:
Մեկնաբանել