
Արթուր Սաքունց. միջազգային դիտորդները կարող է՝ դարձյալ օբյեկտիվ չգնահատեն կեղծված ընտրությունները
Հնարավոր է, որ միջազգային դիտորդները հերթական անգամ չներկայացնեն այն օբյեկտիվ գնահատականները, որոնք արձնագրել են տեղական դիտորդական խմբերը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի մտահոգություն հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիտորդական առաքելություն է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերում:
Արթուր Սաքունցի խոսքով՝ քվեարկության օրը՝ ժամը 10-15-ը, մեծ է եղել ընտրողների հոսքը, և խորհրդարանական ընտրությունների համեմատ ակտիվությունը պակաս չի եղել: Քվեարկության օրը ընտրատեղամասերում նկատվել են կուտակումներ, որոնք, Ա. Սաքունցի խոսքով, պարարտ հողի էին ընտարակաշառք բաժանելու համար:
Բանախոսը նշեց, որ ստեղծվում էին «հենակետեր»՝ մարդիկ, ովքեր կարգավորում էին ընտրողների հոսքը, փորձում նրանց բերման ենթարկել և հետևել քվեարկության ընթացքին: Եղել են հատուկ մեքենաներ, որոնք ապահովում էին մարդկանց հոսքը ընտրատեղամաս: Արձանագրվել են լցոնման, քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման, ընտրողների ուղղորդման, կրկնակի քվեարկության դեպքեր, ինչպես նաև քարոզչություն ընտրատեղամասում:
Քվեարկության սենյակում պարբերաբար ներկա են եղել այդտեղ գտնվելու իրավունք չունեցող մարդիկ, որոնք ունեին հատուկ ցուցակներ: Խնդիրներ կային կապված թեկնածուների վստահված անձնաց հետ. բացի Սերժ Սարգսյանից՝ մյուս թեկնածուներն ունեին կամ շատ փոքր թվով վստահված անձինք կամ էլ վստահված անձինք ընդհանրապես չունեին: Արդյունքում վերահսկողություն չկար ընտրական գործընթացի վրա:
Ա. Սաքունցն առանձնացրեց նաև դիտորդական առաքելություն իրականցնող «Ընտրությունը քոնն է» կազմակերպությանը՝ նշելով, որ որոշ տեղամասերում դիտորդներ էին այն մարդիկ, ովքեր այդ հիմնարկի աշխատակից են: Նա նաև նշեց, որ իրավապահ մարմիններն անգործության էին մատնված, և օպերատիվ չէին արձագանքում ահազանգերին:
Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ ընտրողների մասնակցությունը եղել է անհամաչափ. Վանաձորում գրանցվել է 50-52% մասնակցություն, այնինչ գյուղական ավելի փոքր համայնքներում այդ թիվը հասել է մինչև 80%-ի: Նրա կարծիքով՝ այս բոլոր դեպքերը ազդել են ընտրական գործընթացի վրա: Արդյունքում հասարակության վստահությունը չբարձրացավ պետական մարմինների նկատմամբ, իսկ ընտրությունները կեղծվեցին:
Մեկնաբանել