
Երևանը կարող է զրկվել սառնորակ ջրից
Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը հավատում է մեծերից լսած խոսքերին, որ ապագա պատերազմները կլինեն ջրի համար մղվող պատերազմներ: «Պետություններն իրար հետ պատերազմելու են միայն ջրի համար, ոչ ոսկու, ոչ ադամանդի, այլ ջրի, որովհետև մարդու կենսունակությունը պահպանելու ամենակարևոր միջոցը ջուրն է»,- ասում է Ռ. Յադոյանը:
Այս անհրաժեշտությունը հիդրոերկրաբանը նշեց Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ գտնվող հանքավայրի շահագործման համատեքստում, քանի որ հենց Կապուտանի վրայով է անցնում 40 աղբյուրների ջրերը. այն Երևանը սնուցող ամենահին մատակարարման կենտրոնն է, ամենասառնորակ ու համեղ ջուրը գալիս է հենց այդտեղից: Եվ հանքի շահագործումից 2000-2500 լ/վ պաշար ունեցող ջուրը կարող է վերանալ, ինչը նշանակում է, որ Երևանը կարող է զրկվել այդ սառնորակ ջրից: Կապուտանի հանքավայրը նույնպես, ըստ Ռուբեն Յադոյանի տեղեկությունների, շահագործելու են չինացիները:
«Ոչ մի կազմակերպություն այդպիսի ծախսերի առաջ չի կանգնի, որպեսզի փրկի այդ ջրերը: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես պետք է շահագործեն այդ հանքավայրը, որ չխանգարեն մեր ջրերի հոսքին»,- մտահոգվում է հիդրոերկրաբանը:
Կապուտանի երկաթի հանքավայրը ուսումնասիրվել է 1970-ականներին: Պարզվել է, որ այստեղ երկաթի հումքը շատ որակյալ է: Ռ. Յադոյանը նշում է, որ այս հարցին պետական վերաբերմունք է անհրաժեշտ ցուցաբերել, ինչը չկա, իսկ մասնավոր ընկերությունը անում է այն, ինչ ուզում է: «Քաղցրահամ ջուրը ապագայում լինելու է ամենաթանկարժեք, ամենադեֆիցիտը»,- ամփոփում է մասնագետը:
Մեկնաբանել