
Ինչո՞ւ են գաղտնի պահվում վարկավորված ՓՄՁ-ները
ՀՀ կառավարության նախաձեռնած` ՓՄՁ-ների աջակցության ծրագրի շրջանակներում 6.5 մլրդ դրամի չափով վարկ է տրամադրվել տարբեր կազմակերպությունների վերջին 3,5 տարում: Այս գումարի 1 տոկոսը բաժին է ընկել հաքարդյունաբերական ոլորտին: «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈւՎԿ) գործադիր տնօրեն Արթուր Բադալյանից հետաքրքրվեցինք, թե հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող որ ընկերությունն է աջակցություն ստացել:
Վերջինս խուսափեց նշել ընկերության անունը և պատասխանեց. «Ընկերությանը չասեմ` որ ընկերությանն է, առևտրային գաղտնիք է, բանկային գաղտնիք է ինչու չէ»: Նա միայն նշեց, որ վարկը տրամադրվել է հեռավոր սահմանամերձ շրջանում քարի հանքին (Գեղարքունիքի մարզում) և, ըստ Ա. Բադալյանի, կարևորը ընկերությունը չէ, այլ «նման սահմանամերձ տարածքում հանքարդյունաբերություն զարգացնելը և նոր աշխատատեղեր ստեղծելը և փորձել արտահանելը»:
Նշենք, որ ՓՄՁ-ների վարկավորումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկի միջոցներով, իսկ ծրագիրը նախկինում կառավարությունն էր իրականացնում, այնուհետև` 2009-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն և ստանձնեց այդ գործընթացի իրագործման պարտավորությունը:
Ասուլիսի ընթացքում Արթուր Բադալյանը հրապարակեց որոշ ընկերությունների անուններ, որոնք, ըստ նրա, հաջողված օրինակ են, ասենք` «Լիկվոր» դեղագործական ընկերությունը: Սա Ա. Բադալյանը հիմնավորեց նրանով, որ նախապես նրանց համաձայնությունը ստացել են, և դա օպերատիվ շտաբում քննարկված ծրագիր է եղել: Մեր դիտարկմանը, թե ՀՀ կառավարության նախաձեռնած և պետական վարկի միջոցներով իրականացված ծրագիրը չի կարող առևտրային գաղտնիք լինել, և այն թափանցիկ պետք է լինի հանրության համար, Ա. Բադալյանը պատասխանեց. «Ես շատ կուզենայի ասել, չգիտեմ` տվյալ կազմակերպությունն ինչ արձագանք կտա»:
Նշենք, որ երբ ծրագիրն անցնում էր կառավարության օպերատիվ շտաբով, հավանության արժանացած բոլոր ընկերությունները հրապարակվում էին, դրանից հետո արդեն աջակցություն ստացած ընկերությունների անունները հրապարակային չեն:
Մեկնաբանել