
Կրթություն` օվկիանոսից այն կողմ. Վահան Միսակյան
Ճարտարապետ Վահան Միսակյանը այն ուսանողներից է, որ «դուրս են եկել Հայաստանից և դեռ չեն վերադարձել»: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ավարտելուց հետո նա ընդունվել է Կոլումբիայի համալսարանի Ճարտարապետության, պլանավորման և պահպանման բարձրագույն դպրոց` որպես մագիստրոս: Հիմա մագիստրատուրային փոխարինելու է եկել ասպիրանտուրան: Վահանն արդեն հասցրել է ոչ միայն սովորել, այլև դասավանդել նույն համալսարանի մագիստրական ծրագրում: Նրա ճարտարապետական նախագծերը, որոնք ներկայացված են հարցազրույցում, Հայաստանի համար են:
Վահան, երբ որոշեցիր ընդունվել Կոլումբիայի համալսարան, իսկապես ուզում էիր կրթությո՞ւնդ շարունակել, թե՞ Հայաստանից դուրս գալու տարբերակ էր:
Հայաստանը վանդակ չէ, որից պետք է դուրս գալ: Եթե կրթություն ստանալը միայն դուրս գալու համար է, ապա թե որպես մարդ, թե որպես մասնագետ չես կարող նշանակալի ձեռքբերում ունենալ: Պետք է խուսափել երկիրը պարզապես թողնելու այդ «թշվառական» մտածելակերպից և ունենալ ազնվական շարժառիթ: Իսկ իմ «Հայաստանից հեռու գտնվելու ամեն մի վայրկյանը», ինչպես ծնողներս են ինձ շարունակ հիշեցնում Հայաստանից, «արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե ուղղված լինի ազգային նշանակության նպատակի իրագործման»: Ընդհանուր առմամբ, մասնագետը կարող է գոյություն ունենալ տեղական կամ միջազգային տարածության մեջ, զարգանալ մասնավոր կամ համընդհանուր մասնագիտական էկոհամակարգում: Երկրորդը` միշտ ավելի դժվար ու երկար ճանապարհ է ենթադրում, բայց իմ համոզմամբ՝ այն միակ ճանապարհն է, եթե ուզում ես օգտակար լինել քո տեսակին, հատկապես որպես մշակութային գործիչ: Իսկ երկու տարի առաջ Նյու Յորքի Կոլումբիայի hամալսարանի նման միջավայրում կրթությունը շարունակելը ինձ տեսանելի հիմնական ուղղությունն էր:
Հստակ ծրագրեր ունեի՞ր: Ինչո՞ւ մեկնեցիր, ի՞նչ էիր ուզում սովորել:
Ես դիմել և ընդունվել էի մի քանի համալսարան միաժամանակ, բայց ընտրեցի Կոլումբիայի համալսարանի Ճարտարապետության, պլանավորման և պահպանման բարձրագույն դպրոցը երկու հիմնական պատճառով: Նախևառաջ այն թույլ կտար ձեռք բերել ինձ հետաքրքրող տեխնիկական և տեսական գիտելիքներ, ինչպես նաև կտար ինձ հետաքրքրող մասնագետների հետ առնչվելու հնարավորություն:
Երկրորդ` համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Ճարտարապետը քաղաքի` որպես «շնչող օրգանիզմի» մասնագետ է, իսկ Նյու Յորքը իր հսկայածավալ դեմոգրաֆիկ մետաբոլիզմով (ժողովրդագրական նյութափոխանակություն - Մ.Մ.) անսպառ հետաքրքրության և ուսումնասիրության առարկա է: Սկսեցի կրթությունս դիզայն-ստուդիաների կառուցվածք ունեցող «Առաջադեմ ճարտարապետական նախագծում» ծրագրով և այս պահին շարունակում եմ ուսանել «Քննադատություն և կուրատորական գործունեություն» ավելի տեսական բնույթի ծրագիրը: Ուսուցման ընթացքում նաև աշխատել եմ համալսարանում ու դասավանդել մագիստրական ծրագրում:
Երևանը լի է ճարտարապետական խնդիրներով, այդ մասին բարձրաձայնում են երիտասարդ հայ ճարտարապետները, նրանց հետ կապ հաստատու՞մ ես:
Ավելի ճիշտ կլինի ասել՝ Երևանը լի է ճարտարապետների խնդիրներով և մասամբ քաղաքի պատմամշակութային արժեքների պահպանման և վերարտադրման տարաձայնություններով: Երիտասարդ ճարտարապետների հետ կապի մեջ լինում եմ, բայց ոչ այնքան, ինչքան կցանկանայի: Ընդհանուր առմամբ, տպավորություն ունեմ, որ նրանց պայքարի առարկան ունի ազնիվ բնույթ: Քննարկվող խնդիրներն, անկասկած, արդիական են մեզ համար՝ որպես հայի, բայց առարկայական չեն՝ որպես արդի և համընդհանուր ճարտարապետական խնդիրներ: Հայաստանում դեռ այս պահին գոյություն չունի զարգացած ճարտարապետական դիսկուրս, իսկ հայկական ճարտարապետական միտքը չի առնչվում աշխարհի արդի ճարտարապետական դիսկուրսին:
![]() |
«Երկնաքերի գաղափարական այս նախագծի համար Վահանը մրցանակ է ստացել Լոս-Անջելեսի IDA (International design awards) կազմակերպության կողմից: «Բազմաֆունկցիոնալ համալիր Երևանում: Նախագիծը նպատակ ունի դառնալ ճարտարապետության ապագայի նպատակային մոդել: Նախատեսված է, որ համալիրը կգտնվի Երևանում՝ Հրազդանի կիրճում, որը գտվում է ոչ հեռու քաղաքի պատմական կենտրոնից: Ամբողջ համալիրը, ըստ նախագծի, գտնվում է այնպիսի վայրում, որ կարող է համարվել որպես մուտք դեպի քաղաքի կենտրոն»:
|
Հայաստանցի ճարտարապետները կրթված չե՞ն, որ չեն կարողանում լուծել այդ խնդիրը:
Հարցը ոչ այնքան կրթվածության կամ ինֆորմացվածության մեջ է, որքան դատողության և էֆեկտիվ միջամտելու ընդունակության: Այն պարադիգմաները, որոնք «կենդանի» են այս պահին Հայաստանում` ճարտարապետության ոլորտում, չեն ապացուցում աշխարհին իրենց գոյության արդիականությունը և խորքայնությունը: Տարեկան աշխարհում տպագրվում են տասնյակ հազարավոր հոդվածներ ճարտարապետության, տեսության և քննադատության ոլորտում, հարյուրավոր ճարտարապետական գրքեր և ամսագրեր. դիսկուրսը գտնվում է շարունակական էվոլյուցիայի փուլում: Ամեն մի ճարտարապետական տեքստ արդյունք է տարիների հետազոտության և հավելում է նախորդող պատմական շերտին: Մի խոսքով, չափից ավելի շատ են խելացի, «պրակտիկ և տեսաբան» ճարտարապետները և պատկերացրածից շատ ավելի արագ է տեղի ունենում «ինտելեկտուալ նյութափոխանակությունը» ճարտարապետության ոլորտում: Բայց, միևնույն է, այս ամենը հայաստանցի ճարտարապետի խորքային ուսումնասիրության առարկա չի դառնում:
Ի՞նչ անել, որ ճարտարապետի ձայնը Հայաստանի նման երկրներում ուժ ունենա: Այդպիսի բաներ սովորո՞ւմ եք Կոլումբիայի համալսարանում:
Նախ պետք է տարբերել ճարտարապետին շենքի դիզայներից: Ճարտարապետ բառը կոնկրետ ԱՄՆ-ում օրենքով ամրագրված իրավաբանական տերմին է: Ինչը նշանակում է, որ շենք նախագծող ամեն ոք չի կարող կոչվել ճարտարապետ: Կան բազմաթիվ պահանջներ և փուլեր, որոնցով մասնագետը պետք է անցնի, եթե ցանկանում է օրինական գործել «ճարտարապետ» կոչումով: Կան նաև տասնյակ փուլեր, որոնցով նախագիծը պետք է անցնի մինչև կառուցման ավարտը, և ճարտարապետը շարունակ մասնակից է լինում այս ընթացքին: Այս պատմականորեն ձևավորված բյուրոկրատական մեխանիզմները հնարավորություն են տալիս ունենալ հստակ և տեսանելի մասնագիտական նվազագույն շեմ, ինչպես նաև ընձեռում է ճարտարապետին նկատելի իրավական ազդեցություն: Արևմտյան երկրներում և կոնկրետ ԱՄՆ-ում գոյություն ունեն նաև մեծ «լոբբիստական» կազմակերպություններ, օրինակ՝ «ԱՄՆ-ի ճարտարապետների միությունը», որում ընդգրկված են հազարավոր ազդեցիկ մասնագետներ:
Դու ձեր համալսարանի հայ ուսանողական միության նախագահն ես եղել: Ինչո՞վ է զբաղվում միությունը:
Իմ առաջին ուսումնական տարվա ընթացքում ես հնարավորություն ունեցա ժամանակ տրամադրել և մի քանի այլ հայ ուսանողների հետ միասին ակտիվացնել մեր ուսանողական միությունը Կոլումբիայի համալսարանում, որը, ի դեպ, գոյություն է ունեցել բավականին վաղ ժամանակվանից: Բոլորիս միավորում էր այն գաղափարը, որ հայկական մշակույթը պետք է տեսանելի ներկայություն ունենա այս միջավայրում, և որ հայկական աշխարհին առնչվող հարցերը պետք է լսելի լինեն ուսանողական միության միջոցով: Ես մշակեցի միության լոգոն, թիմակիցներիս հետ միասին աշխատեցի նաև սահմանադրության վրա և ընդհանուր առմամբ մի շարք այլ միջոցներով աշխատեցի վերարտադրել այն տեսլականը, որը ձգտում կառաջացնի բոլոր հայ ուսանողների մոտ ակտիվ մասնակից դառնալ հայկական աշխարհին առնչվող հարցերին ինտելեկտուալ միջոցներով: Մեր ուսանողական միությունը, մի շարք նվիրված հայ երիտասարդների շնորհիվ, այսօր շարունակում է ակտիվ գործել, և այն այսօր արտասահմանյան բուհերում ամենից գործուն հայ ուսանողական միություններից մեկն է:
Քանի՞ հայ ուսանող կա: Մտածո՞ւմ են վերադառնալու մասին:
Կոնկրետ այս պահին Կոլումբիայի համալսարանում սովորում են մի քանի տասնյակ հայ ուսանողներ, ամենատարբեր մասնագիտություններով: Մեկ կամ երկու հոգի Ճարտարապետության, պլանավորման և պահպանման բարձրագույն դպրոցից, ում ես անձամբ եմ ճանաչում, ծրագրում են անպայման մասնակից դառնալ Հայաստանի կյանքին: Նման ցանկություն հիմնականում հայտնում են այստեղ մեծացած հայերը:
Քո մասին պատմող էլ. կայքը, այդ թվում՝ նախագծերիդ առաջարկները, միայն անգլերեն տարբերակ ունեն: Ավելո՞րդ ես համարում քեզ հայ պատվիրատուին ներկայացնելը:
Իմ Երևանի դասախոսներից մեկը շարունակ պնդում էր, որ ճարտարապետները խոսում են վիզուալ` իրենց գծագրերի միջոցով: Ընդհանուր առմամբ, իմ ներկայությունը մամուլում և համացանցում հիմնականում «տեսական բնույթի» նախագծերի միջոցով է: Այսինքն՝ նախատեսված հանդիսատեսը հիմնականում աշխարհի ճարտարապետներն են, ու նաև մարդիկ, ովքեր առնչվում են ճարտարապետական մտքի առաջացման գործընթացին: Իսկ պոտենցիալ հայ պատվիրատուների հետ շփումները լինում են իրական կյանքում, տարբեր իրադարձությունների ընթացքում:
Ունե՞ս ճարտարապետական նախագծեր, որ ուզում ես իրականացնել Հայաստանում:
Ճարտարապետը կարող է արտահայտել անհատական բնույթի գաղափար, որի ճշմարտացիությունը ապացուցելի է միայն մասնավոր իրականության մեջ, բայց, այնուամենայնիվ, ես, որպես ճարտարապետ, կուզենայի մտածել նախագծի մասին, որը գոյություն կունենա համընդհանուր հայ իրականության մեջ:
![]() |
«Այս նախագիծը լանդշաֆտային ճարտարապետության տեսակ է, որն օգտագործում է ճարտարապետական սիմվոլիկան՝ խորհրդանիշները, մշակութային և կրոնական գաղափարները ճարտարապետական մեկ ձևի մեջ միավորելու համար: Այն նպատակ ունի ամրագրել Երևանի կենտրոնական հրապարակի կոմպոզիցիոն տեղաբաշխումը, որը խախտվել է խորհրդային շրջանի պաշտամունքային խորհրդանիշները հրապարակից հեռացնելուց հետո, ինչպես նաև նպատակ ունի հասնել քաղաքային հանրության՝ գեղագիտական և սոցիալ-վարքագծային ազդեցությունների: Կառույցը հիշեցնում է Արարատ լեռը, որի վրա Նոյան տապանն է»:
|
Հանրապետության հրապարակում հուշարձանի վերաբերյալ ունեմ նախագիծ: Չնայած այդ նախագիծն արվել է դեռ 2008 թվականին, երբ որ ես դեռ ուսանող էի Երևանում, գաղափարական կմախքը համարում եմ արդիական: Իմ համոզմամբ՝ այս նախագիծը, որը ազգության` որպես նպատակային գոյության ձևի մասին է, ակնհայտ վիճարկում է, որ ազգությունը գաղափարախոսություն է, որը պետք է ապրի ներկայում, հասարակության անդամների միջոցով: Ճարտարապետությունը պետք է խուսափի գաղափարազուրկ մարմնավորումներից և մտածի այն տարածության մասին, որը կարող է ցանկալի ազդեցություն ունենալ: Այսինքն՝ հաջողված ճարտարապետությունը կլինի քաղաքի բնակչին երևակայական երկխոսության մեջ ներգրավելու փորձ, կօգնի նրան տեսնել իրականությունը այլ տեսանկյունից:
Ինչպես հայտնի ճարտարապետ տեսաբաններից մեկն է առաջարկում, եթե տեսնենք իրականությունը տարբեր, հնարավոր է` տարբեր մտածենք, եթե տարբեր մտածենք, հնարավոր է` տարբեր երազենք, իսկ եթե մենք բոլորս երազենք տարբեր, հնարավոր է` ապրենք այլ հասարակության մեջ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել