
Ազգային ժողովի հայրերն ու որդիները
Ամիսներ առաջ Ազգային ժողովի հասարակայնության եւ լրատվության վարչությանը խնդրեցինք տրամադրել ԱԺ պատգամավորների օգնականների ցանկը: Նկատեցինք, որ պատգամավորների զգալի մասը վճարովի հիմունքներով հենց իրենց երեխաներին են տեղավորել աշխատանքի:
Պարզաբանման նպատակով մի քանի գործարար պատգամավորներից հետաքրքրվեցի, թե ինչու են հենց իրենց երեխաներին վերցրել հաստիքով աշխատանքի, իսկ հասարակական հիմունքներով աշխատում են այլ երիտասարդներ:
Պատգամավորներից մի քանիսը, խեղճացած տեսք ընդունելով, խնդրեցին, որ իրենց երեխաների անունները չգրենք, մինչեւ օգնականների տեղափոխություն կանեն: Ամենեւին նպատակ չունեինք, որ պատգամավորներն իրենց զավակներին ազատեն աշխատանքից:
Սակայն, պատգամավորներն ավելի ճկուն գտնվեցին, քան կարելի էր ենթադրել: Նրանք իրենց երեխաներին ոչ թե հասարակական կարգով աշխատանքի ընդունեցին, ինչպես խոստանում էին, այլ գործընկեր պատգամավորների մոտ` դարձյալ վճարովի հիմունքներով: Օրինակ` ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյանը (Բրիլյանտի Արշակ) իր զավակին որպես օգնական տեղավորել է ընկերոջ` Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) մոտ:
Վճարովի հիմունքներով աշխատող պատգամավորների օգնականներն ամսական պետբյուջեից ստանում են 90 հազար դրամ աշխատավարձ: Չեմ կարծում, որ պատգամավորներն ունեն այդ գումարի կարիքը եւ ընտանիք պահելու համար են զավակներին տեղավորել այդ աշխատանքին:
Հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանն իր օգնական որդուն տեղավորել է հանրապետական գործընկերոջ` ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի մոտ` որպես խորհրդական եւ օգնական: Ռաֆիկ Գրիգորյանը սիրում է օգտվել պետական բյուջեի ընձեռած բոլոր հնարավորություններից:
Մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել էինք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Այն կազմում է 45.000 դրամ, եւ Ռաֆիկ Գրիգորյանն ամեն ամիս ստանում է նաեւ այդ գումարը: Ճիշտ է, այդ գումարով Երեւանում դժվար թե բնակարան վարձի, բայց պատգամավորը չի հրաժարվում այդ օգնությունից: Հակառակը, նույնիսկ դժգոհում է, որ այն իրեն չի բավականացնում:
Նույն ճարպկությամբ Արեգ Ղուկասյանը (ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայրը) որդուն օգնականի հաստիքով աշխատանքի է ընդունել Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի մոտ: Արեգ Ղուկասյանը նույնպես ԱԺ-ի այն պատգամավորներից է, ով «չոր աշխատավարձով» չի ապրում եւ իր ստացած աշխատավարձի հույսին չէ: 2009 թ. պատգամավորի եկամուտը կազմել է 354 մլն 482 հազար դրամ: Նրան են պատկանում մի շարք ձեռնարկություններ, այդ թվում` Երեւանի աղի հանքը:
Մեկ այլ ՀՀԿ-ական` Գագիկ Մելիքյանը, ով վերջերս մամուլի ակումբներից մեկում հրավիրած ասուլիսից առաջ աչքի ընկավ իր առատաձեռնությամբ եւ հյուրասիրությամբ` կոնյակ եւ «բոմբոներկա» հյուրասիրելով լրագրողներին, իր ընտանեկան բյուջեն լցնում է նաեւ օգնական դստեր օգնությամբ: Վերջինս իր հայրիկի միակ օգնականն է: Գագիկ Մելիքյանի գույքի եւ եկամուտների 2009 թ. հայտարարագրից երեւում է, որ նա աշխատավարձի հույսին է: Նրա տարվա եկամուտը կազմել է 3 մլն 609 հազ. դրամ:
Կարինե Աճեմյանը նույնպես իր դստերն է աշխատանքի ընդունել որպես օգնական: Պատգամավորը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օրենքով դա արգելված չէ, հետո էլ ավելացրեց, թե դուստրը շատ պատրաստված եւ գրագետ է եւ շատ հարցերում է իրեն օգնում:
«Աղջկաս եմ որպես օգնական վերցրել, քանի որ նա ինձ շատ է օգնում, նույնիսկ երեկոյան ժամերին է աշխատում: Փորձի առումով այս աշխատանքն իր համար էլ է շատ օգտակար: Այնպես որ, չեմ փոշմանել, որ հենց նրան եմ ընտրել»,- ավելացրեց Կ. Աճեմյանը: Ըստ պատգամավորի` իր դուստրը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի. «Կարծում եմ` երիտասարդների միտքն ավելի պայծառ պիտի լինի»:
Նույն կերպ վարվել է Վազգեն Կարախանյանը` դստերն իբրեւ օգնական աշխատանքի ընդունելով: Այս պատգամավորը նույնպես հավելյալ եկամուտներ չունի: Ըստ նրա հայտարարագրի` 2009-ին ունեցել է ընդամենը 3 մլն 556 հազար դրամ եկամուտ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ որդուն է ձեւակերպել օգնականի հաստիքում: Նա նույնպես պատգամավոր հայրիկի միակ օգնականն է:
Պետական բյուջեից ամսական 90 հազար դրամ ստանալու խնդիր են լուծում նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք այդ գումարի կարիքն ամենեւին չունեն, նրանց երեխաներն ԱԺ-ում աշխատում են «պրիստիժի» համար: Օրինակ` Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանն ունի 2 օգնական: Նրանցից մեկը պատգամավորի աղջիկն է: Վերջինս գրանցված է հաստիքով, իսկ մյուսը` Լիանա Նազարյանը, պատգամավորի համար աշխատում է հասարակական հիմունքներով:
Նույն սկզբունքով էլ դստերը աշխատանքի է ընդունել պատգամավոր Մանվել Բադեյանը: Դժվար է հավատալ, որ «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատերը, ով 2009 թ. երեք շենք-շինություն է գնել եւ հայտարարագրել 17 մլն 545 հազար դրամ, ունի այդ 90 հազար դրամի կարիքը, սակայն նա գնացել է այդ քայլին եւ հասարակական կարգով որպես օգնական վերցրել Է. Գյոզալյանին:
Բնական է, որ հասարակական հիմունքներով աշխատող օգնականները նույնպես վարձատրվում են պատգամավորների կողմից: Խնդիրն ավելի շատ բարոյական հարթությունում է: Նրանց հետ աշխատող պատգամավորների զավակները համարվում են Ազգային ժողովի աշխատակիցներ, եւ նրանց աշխատանքը հաշվվում է իբրեւ ստաժ, իսկ հասարակական հիմունքով աշխատողների մասին հետագայում ոչ ոք չի էլ հիշի:
Պատգամավորներից միայն Վիկտոր Դալլաքյանն է հասարակական կարգով իր որդուն` Երվանդ Դալլաքյանին օգնական վերցրել:
Բոլորի միջեւ հավասարության նշան չդնելով` հավելենք, որ ԱԺ-ում աշխատում են նաեւ պատգամավորների այնպիսի զավակներ, որոնք, իրոք, տիրապետում են իրենց աշխատանքին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել