HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի մրցանակի նախկին դափնեկիր. պատրաստվում եմ նորից ու նորից դիմել ծայրահեղ ու ավելի ծայրահեղ քայլերի

Գիտական հանրության «տանը» կռիվ է ընկել. մի մասն ուզում է համոզել, որ Հարություն Կարապետյանը ճիշտ էր՝ հետ հանձնելով նախագահի մրցանակը, որ վերևներում սթափվեն, որ դա ճիշտ ճանապարհ է՝ հայտնելու դժգոհությունն առ այն, թե ուր է հասել ու դեպի ուր է գնում հայաստանյան գիտությունը, մյուս մասը համաձայն չէ. «Ողջը կանգնել են պարսպի նման, ջոկվել, բաժանվել երկու բանակի, ամեն մի բանակ ընտրել փահլեվան, կանգնել թիկունքին տղերանց մեկի»։

Մի մասը գիտնականի քայլը որակում է որպես թատրոն, մյուս մասը լրիվ համաձայն է գիտնականի հետ ու համարում է, որ թատրոնը մեր երկրում մարզպետներին ու նախարարներին գիտության թեկնածուներ դարձնելն է, ու որ ճի՛շտ է արել պարոն Կարապետյանը, որ նրա օրինակին եթե դիմեն շատերը, գուցե հասկանան, որ «ապրել չի լինի էսպես ամեն օր. մինը՝ իր կամքին՝ ինչ ասես, անի, մյուսը խոսելու իրավունք չունի»...

Այս ամենի մեջ մի բան պարզ է՝ Հարություն Կարապետյանի քայլը մեծ աղմուկ առաջացրեց, միաժամանակ նաև բազում հարցեր.

–Պարոն Կարապետյան, թե ինչ պատճառով դիմեցիք այդ ծայրահեղ քայլին՝ ասել եք Ձեր բաց նամակում, իսկ կասե՞ք նաև՝ արդյո՞ք այն կոնկրետ նպատակ է հետապնդում. կարծո՞ւմ եք, որ դրանով կսթափեցնեք իշխանություններին՝ վերանայելու գիտության հետ կապված իրենց անհաղորդ կեցվածքը։

-Անկասկած, քայլը հետապնդում է կոնկրետ նպատակ` իշխանություններին լսելի դարձնել այն բազում բացասական երևույթների մասին, որոնք քննարկվել են թե՛ հանրապետական ԶԼՄ–ներում և թե՛ բնագավառի պատասխանատուների հետ։ Բայց, ցավոք, այդ ամենը  մնացել է անհետևանք։  Դրանով է պայմանավորված նաև պահի ընտրությունը։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ուր կհասնենք, եթե ապագա 5 տարիներին էլ նույնը շարունակվի։ Ես անձամբ պատկերացնում եմ։ 

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է իշխանությունների ապառաժյա համառության պատճառը՝ այսքան բողոքներից ու բացատրելուց հետո անգամ, ոչ մի կերպ չտեսնել հայաստանյան գիտության հնարավոր անկումն ու վախ չապրել այդ «հնարավոր»–ից, չփորձել ամեն գնով կանխել այն։

-Առաջինն այն փաստն է, որ իշխանությունները կտրված են թե՛ հանրությունից և թե՛ առանձին բնագավառների խնդիրներից։ Համոզված եմ, որ նրանք տեղյակ էլ չեն Ձեր նշած բողոքներից։ Բնական է, որ կարիքների հարցը պետք է բարձրացնեն բնագավառի պատասխանատուները և իշխանությունների մոտ ձևավորեն համապատասխան վերաբերմունք։ ՀՀ կառավարության անդամ են միանգամից երեք պատասխանատուներ` ԿԳ նախարարը, ինչպես նաև ԳՊԿ–ի և ՀՀ ԳԱԱ նախագահները։ Կարծում եմ, չեք գտնի մեկ այլ ոլորտ, որն այդքան ներկայացուցիչ ունենա ՀՀ կառավարության կազմում։  Բայց արդյունքն այն է, ինչը` կա և, իսկապես, խիստ մտահոգիչ է։ Կարծում եմ, բնական է ենթադրել, որ նրանք բավարարված են բնագավառի վիճակով։ 

-Արդյո՞ք գիտության թերֆինանսավորման պատճառը գումարի սղությունն է, թե՞ դրա արմատներն ավելի մութ տեղերում է պետք փնտրել։

-Թերֆինանսավորման պատճառն ակնհայտորեն ֆինանսական սղությունը չէ։ Դա միայն և միայն իշխանությունների վերաբերմունքի հարց է, որը, կրկնվենք, ձևավորվում է պատասխանատուների կողմից։

-Ես հարցում եմ կատարել հիսունից ավելի երիտասարդ գիտնականների շրջանում ու այս հարցմանն ի պատասխան՝ ստացել տարաբնույթ պատասխաններ, դրանց թվում՝ որ այս դավաճանական քայլը հովանավորվում է «դրսից», որ «դրսին» ձեռք չի տալիս, որ մեր երկրում զարգանա գիտությունը, քանի որ դա կնշանակի պետությա՛ն զարգացում։ Դուք երկար տարիներ սերտ համագործակցության մեջ եք արտասահմանյան գիտական-կազմակերպչական կառույցների հետ՝ Դուք որևէ նման բան զգացե՞լ եք ձեր շփումների ընթացքում։

-Անկեղծ ասած, ճիշտ հակառակն եմ զգացել այն կազմակերպությունների կողմից որոնց հետ շփվել եմ։ Ավելին, շատ հաճախ նրանք չեն թաքցրել իրենց զարմանքը մեր իշխանությունների վերաբերմունքից, երբ պատասխանատուները բնագավառի կարիքների բավարարումը բացահայտ պայմանավորում են անձնական խնդիրներով։ Հասկանալի է նաև, թե ինչու է սերմանվում դավադրության տեսությունը երիտասարդների շրջանակներում։ Կոնկրետ օրինակներ չեմ բերի, որոնք կան՝ և ոչ եզակի թվով, և հուսով եմ, որ երիտասարդներն ուշ, թե շուտ կհասկանան։

-Կար նաև այսպիսի կարծիք. «Դրա պատճառը, ըստ երևույթին, այն է, որ ներկայիս իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ իրապես գիտելիքահեն հասարակության և գիտելիքի վրա հիմնված հանրապետության առկայության դեպքում իրենք, որպես կառավարող օղակ, անհամատեղելի կլինեն, ասել է թե՝ մականունավորներ և օլիգարխիկ էլեմենտներ տեղ չեն կարող ունենալ գիտելիքի վրա հենված երկրում»։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։

-Այս կարծիքին ավելի համամիտ եմ և կարող եմ ավելի կոնկրետացնել. ոչ միայն «օլիգարխիկ էլեմենտները տեղ չեն կարող ունենալ գիտելիքի վրա հենված երկրում» այլև հենց գիտության բնագավառում։ Թող, երիտասարդներն ավելի ուշադիր ուսումնասիրեն պետբյուջեի բաշխումը, և շատ բաներ կպարզվի նույնիսկ «հրապարակայնության» ներկայիս վիճակում։

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար։ Արդյո՞ք կարող է գալ ժամանակ, որ Դուք ինքներդ էլ ենթարկվեք ուղեղների արտահոսքին և գնաք արտասահմանում ապրելու և աշխատելու։

-Բացառված չէ, իհարկե։ Ապագան ցույց կտա։

-Ձեր որդիները նույնպես երիտասարդ գիտնականներ են կամ բռնած են այդ ճանապարհը։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս նրանց՝ դրսում նորմալ ապրելու ու ստեղծագործելու  և այստեղ մաքառելու ու նվիրյալ լինելու երկընտրանքի  հարցին։

-Պարզվում է՝ տեղյակ եք իմ որդիների մասին։ Նախ՝ իմ որդիներն ինքնուրույն մարդիկ են` սեփական կարծիքով ու առաջխաղացմամբ, ձեռքբերումներով, որոնք, համեստորեն ասած, վատը չեն։ Իմ խնդիրն եմ համարում՝ նրանց, և ոչ միայն նրանց, ներկայացնել այն մթնոլորտը, որը տիրում է այնտեղ, ուր պատրաստվում են վերադառնալ արտասահմանից։ Վերջնական որոշումն իրենցն է։ Իսկ եթե ինձ լսեն, ապա կասեմ՝ շուտափույթ որոշումներ չկայացնեք, սպասեք։

-Այդ ծայրահեղ քայլից՝ նախագահի մրցանակից հրաժարվելուց բացի ի՞նչ փորձեր եք անելու ճշմարտությանն ու արդարությանը հասնելու համար։

-Նորից ու նորից դիմելու եմ ծայրահեղ ու ավելի ծայրահեղ քայլերի։

-Իսկ ի՞նչ արձագանք է ստացել Ձեր քայլը հանրության, մասնավորապես գիտական հանրության կողմից: Կա՞ն Ձեզ աջակցողներ։ Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ Ձեր օրինակին կհետևեն ուրիշները։

-Շատ նորմալ արձագանք է, սպասում եմ խոստումների իրականցմանը, ներառյալ գիտական կոչումներից հրաժարվելը։ Խոստացողներ կան, բայց դա իրենց խնդիրն ու որոշումն է։

-Չե՞ք կարծում, որ, ըստ ամենայնի, հիմա արտահայտվողներ շատ կլինեն. վերադարձնել չցանկացողների մի մասը՝ ի արդարացումն իրենց՝ առաջինը կխոսեն՝ քննադատելով Ձեր քայլը:

-Շատ հավանական է, բայց դա արդեն իրենց խնդիրն է։ Բացարձակապես չեմ ակնկալել որևէ աջակցություն, իսկ վայրահաչողներ` ակնկալել եմ։ Շատ բնական եմ համարում։ Կերամաններից օգտվողներն ինչպե՞ս կարող են չհերոսանալ։

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում հենց մեկը վեր է կենում ու պահանջում իր քաղաքացիական արժանապատվությունը և իրավունքները,խորհրդային ուղեղով վախվորած/ամեն ինչի հարմարվող նապաստակները սկսում են իրենց պիտակների շարանը: Նույնը նաև նախագահի թեկնածու Ա.Ղուկասյանի քաջ,ճիշտ,հայրենանվեր ու բավականին էֆեկտիվ հացադուլը:.......................................... Հայաստանում հիմա պատվոգրի բիզնես է: Ի՞նչ ասել է պատվոգիր. թղթի վրա խզբզած մի բան չի՞- տալիս են թող փող տան:Պատվոգիրս ո՞րն է. պատվոգրեր թող 8-10 տարեկան երեխաներին տան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter