
Սև կարապների «անհայտ» վարակն ու «զեմլյակ» տնօրենների հակամարտությունը
Մոտ 10 օր առաջ Երևանի կենդանաբանական այգու երկու սև կարապները անկել էին Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լճում, որոնց Կենդանաբանական այգու տնօրինությունը մայիսի վերջին հինգ ամսով, 380 հազար դրամով վարձակալությամբ տվել էր «Օպելա» ՍՊԸ-ին: Կենդանաբանական այգու տնօրինությունը վստահեցնում է, որ կենդանիները անկել են անհայտ վարակից: Անկումից հետո կարապները փորձաքննության են ենթարկվել: Եզրակացությունը բացառել է թունավորումները, մանրէաբանական կամ ինֆեկցիոն հիվանդությունները: Չեն փորձաքննվել միայն վիրուսների մասով, որոնց հետազոտությունը հայաստանյան պայմաններում հնարավոր չէ:
«Կա օրգանների ձևափոխում, որը տարբեր պատճառներով` տարբեր հարուցիչների ֆոնի վրա է տեղի ունենում: Եթե մենք չունենք ինֆեկցիոն հարուցիչներ, չունենք թունավորում, բայց ունենք ձևափոխումներ, դա արդեն բերում է նրան, որ եղել է վիրուսային էթիոլոգիա ունեցող հիվանդություն»,- մանրամասնում է Կենդանաբանական այգու Վիվարիումի բաժնի վարիչ Անուշ Ռաֆայելյանը:
Վերջինս վստահեցնում է, որ եթե կարապները այգում վարակված լինեին, ապա վաղուց վարակը պետք է նաև մյուս կարապներին կամ թռչուններին անցներ, մինչդեռ իրենց մոտ դեռևս որևէ թռչուն չի անկել, իսկ անտառում թռչունները կարող էին շփվել մեծ քանակությամբ վայրի կենդանիների հետ: Վիվարիումի բաժնի վարիչը հաստատում է, որ միայն մեկ կարապի անկման դեպք է գրանցվել, որի պատճառը, սակայն, թույլ զարգացած իմունային համակարգն ու սնկային հիվանդությունն է եղել:
Ըստ վարձակալության պայմանագրի` յուրաքանչյուր կարապի համար «Օպելա» ՍՊԸ-ն պետք է իր գնի չափով էլ փոխհատուցում վճարի: ՍՊԸ-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք ոչ մի տարօրինակ բան չեն նկատել կարապների մոտ: Նրանք անկել են միանգամից: Պարզ լճում նաև բադեր կան, բայց նրանց հետ դեռևս ոչինչ չի պատահել: Նախքան կարապներին տեղափոխելը Կենդանաբանական այգու մասնագետ Անուշ Ռաֆայելյանը գնացել ու ծանոթացել է պայմաններին, իսկ կերը այգուց են տարել: «Մենք որ տարանք, հո չէի՞նք ուզում, որ մի բան լիներ»,- ասում է տնօրենը:
«Սև կարապները ոչ մի թունավորումից էլ չեն անկել, կարապները սովից են սատկել»,- ասում է Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը և հավելում, որ Հայաստանում թռչունը կարող է սատկել միայն չումայից և թռչնագրիպից, որոնք Հայաստանում չկան: Նախկին տնօրենը խոստովանում է, որ ինքն էլ է կարապներ տվել ուրիշներին, սակայն ոչ թե սևերը, այլ սպիտակները, որովհետև սպիտակները բազմանում են, իսկ սև կարապները հազվագյուտ են, չեն բազմանում: Սև կարապներին թույլ են տվել տանել միայն Կարապի լիճ:
«Ասում են, որ գնացել են, նայել են և այլն: Ոչ մեկը Պարզ լիճ չի գնացել, ոչ մեկը ոչ մի բան չի արել, ես գիտեմ: Տարել են, ինքնահոս թողել են, ոչ կերակրել են, այդ թռչունն էլ խույս է տվել, գնացել սովից սատկել է: Ի՞նչ ինֆեկցիա պիտի լիներ, որ 8-9 օրվա մեջ կենդանին սատկեր, դա հեքիաթ է»,- վստահ է Սահակ Աբովյանը:
Նախկին տնօրենը հավանական է համարում այն, որ խնամակալներն էլ չեն ցանկացել, որ կարապները սատկեն, պարզապես չեն հասկացել, թե ինչպես խնամեն: «Իսկ տնօրենն էլ ի՞նչ գիտի, որ ասի, թե կարապին ոնց նայեն: Կարող է գիտի` կամերան ոնց են սեղմում, էս կնոպկան ոնց է մոտեցնում կամ հեռացնում, բայց կենդանուց նա չի հասկանում,- ասում է Սահակ Աբովյանը,- ես գյուղում կենդանիների հետ ծնվել եմ, կենդանիների հետ աշխատել եմ, երկու ինստիտուտ եմ ավարտել, 22 տարի կենդանիների հետ եմ աշխատել, 20 տարի էլ Կենդանաբանական այգում եմ աշխատել: Կինոռեժիսորը կենդանուց ի՞նչ պիտի հասկանա»:
Ի՞նչ է անում կինոռեժիսորը Կենդանաբանական այգում, և ինչո՞ւ է Սահակ Աբովյանը երդվել այլևս ոտք չդնել այգի
Կարապներին վարձակալությամբ «Օպելա» ՍՊԸ-ին տրամադրելը Կենդանաբանական այգու նոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանի առաջին գործարքն էր: Հիշեցնենք, որ մասնագիտությամբ կինոռեժիսոր Ռուբեն Խաչատրյանը, ով ծնունդով ջավախքցի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի որդին է, երկու ամիս է, ինչ զբաղեցնում է այգու տնօրենի պաշտոնը` փոխարինելով Սահակ Աբովյանին: Նախկին տնօրենն էլ նշում է, որ, ըստ կանոնադրության, այգու տնօրենը կարող է միայն մասնագետ լինել, մինչդեռ Ռ. Խաչատրյանը մասնագետ չէ և համապատասխան կրթություն չունի:
Պարզելու համար, թե ինչպես է Ռ. Խաչատրյանը նշանակվել տնօրեն, եթե կանոնադրությունը դա թույլ չէր տալիս, դիմեցինք քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանին: Վերջինս խոստացավ պարզաբանում տալ, սակայն մինչ այս պահը նրանից պատասխան չենք ստացել:
Սահակ Աբովյանն ասում է, որ ինքը 12 տարեկանից աշխատել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում, բանվորից հասել է տնօրենի պաշտոնի, հետո, երբ կենդանաբանական այգում խառը իրավիճակ է եղել` կենդանիների անկում, կոնֆլիկտներ, Սահակ Աբովյանին առաջարկել են տեր կանգնել այգուն: Նա էլ համաձայնել է «այգին ոտքի կանգնեցնել»:
Կարապների անկումից հետո կենդանաբանական այգում խառնաշփոթ է սկսվել. աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ նոր տնօրենի գործողությունների` քաղաքապետին դիմելու համար: Նոր տնօրինությունն էլ դա վերագրում է Սահակ Աբովյանին:
Այս տարի լրանում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանական տարեթիվը նշելու համար նախկին տնօրենը մեծ ծրագրեր է ունեցել, որոնք, սակայն, կյանքի չեն կոչվել. երկու ամիս առաջ քաղաքապետ Կարեն Կարապետյանը կենդանաբանական այգու նոր տնօրեն նշանակեց Ռուբեն Խաչատրյանին, երբ 1.5 տարի էր մնացել Սահակ Աբովյանի թոշակի անցնելուն:
Կատարած աշխատանքի և կենդանաբանական այգում ունեցած ներդրման համար Սահակ Աբովյանը մի քանի օր առաջ մեդալ է ստացել Եվրասիական կենդանաբանական այգիների ասոցիացիայից, որը միավորում է ավելի քան 70 կենդանաբանական այգիներ: Նա օրերս է վերադարձել ասոցիացիայի հավաքից և հեռուստատեսությամբ տեղեկացել կարապների անկման մասին: Իր կողմից կազմակերպված ստորագրահավաքի և իր` Կենդանաբանական այգի վերադառնալու մասին լուրերը Սահակ Աբովյանը «հիմարություն» որակեց` նշելով, որ ինքը չի պատրաստվում վերադառնալ: Մինչև թոշակի գնալը, եթե ուրիշ առաջարկ լինի, կաշխատի, հետո թոշակի կգնա: Եթե ոչ` կարձագանքի որդու առաջարկին և կմեկնի նրա մոտ` Ռուսաստանի Դաշնություն:
Սահակ Աբովյանն ասում է, որ ինքը նույնիսկ կարող էր օգնել, իր ունեցած կապերն օգտագործելով` ուղղություն ցույց կտար, հետո կհեռանար: «Ես հրաժեշտ տվի իմ աշխատողներին և ասի, որ երդվում եմ` այս այգի այլևս ոտք չդնել, որովհետև ինձ հետ անարդարացի վարվեցին: Ինձ կարելի էր ավելի նորմալ ճանապարհել: 22 տարի թռչնաբուծականում եմ աշխատել, 20 տարի` այստեղ, ու` վեր կաց գնա, մանավանդ, որ թոշակիս մնացել էր 1,5 տարի»,- նեղսրտում է նախկին տնօրենը:
Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը էկոլոգիական կրթության և կենսաբազմազանության ազգային կենտրոն ստեղծելու ծրագիր է ներկայացրել քաղաքապետարան: Լինելով հիմնադրամի հիմնադիրներից մեկը` Ռուբեն Խաչատրյանը հիմնադրամի անդամների հետ Հայաստանում էկոլոգիական կրթության և կենսաբազմազանության պահպանման մոդել է մշակել, որտեղ պետք է հավաքվի ոլորտի ամբողջ տեղեկատվությունը:
Կենտրոնը պետք է ունենա նաև կրթական մաս` քոլեջ, պետք է լինի նաև մի հատված, որը վերաբերի հանրությանը, եւ դա կենդանաբանական այգին է: Բայց, ինչպես նոր տնօրենն է ներկայացնում, դա ոչ թե հայաստանցիների պատկերացրած այգին է, այլ մի վայր, որտեղ կենդանիներն ազատ են, և այցելուն, «հայտնվելով բնության մեջ», հնարավորություն ունի ուսումնասիրել նրանց վարքագիծը, ապրելակերպը: Այլ կերպ ասած` կենդանաբանական այգին պետք է արգելավայր դառնա, որտեղ կենդանիները ազատ տարածքներում կապրեն: Այս տարվա աշնանից կգործի կենդանաբանական այգու դպրոցը: Ըստ ծրագրի` դասաժամեր են լինելու դպրոցական երեխաների համար, մեկ օր դպրոցի որևէ դասարան կանցկացնի կենդանաբանական այգում: Կրթական կենտրոնի համար տարածքն արդեն վերակառուցում են:
Նախկին տնօրեն Սահակ Աբովյանն ասում է, որ իրենք այդ կրթական ծրագիրը միշտ են ունեցել, ուղղակի չեն ցուցադրել: Ամեն տարի 20-30 հազար երեխա, այդ թվում` աշակերտներ են անվճար թողել այգի: Դպրոցների աշակերտները իրենց դասընթացներն այստեղ են անցկացրել. «Իրենք շոու են սարքում, ձևական շոու, դա ժամանակին էլ է արվել, բայց չի ցուցադրվել կամ բարձրաձայնվել»:
Այդուհանդերձ, Ռուբեն Խաչատրյանը ծրագիրը ներկայացրել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, այնուհետև նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Միևնույն ժամանակ ծրագիր է ներկայացրել նաև Սահակ Աբովյանը` Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ: Այն ենթադրում էր նոր կենդանաբանական այգու մոդել` ժամանակակից ազատավանդակներով, քիչ ճաղավանդակներով:
Սակայն Ռուբեն Խաչատրյանի ծրագիրը մեծ ներդրումների խոստումներ է պարունակել: Քաղաքապետը հարցրել է, թե արդյոք Սահակ Աբովյանը նման ներդրումներ կկարողանա՞ անել, Սահակ Աբովյանը անկեղծորեն հրաժարվել է` ասելով, որ ի վիճակի չէ այդքան գումար ներդնել, ինչից հետո քաղաքապետը որոշել է փոխել տնօրենին, իսկ Սահակ Աբովյանն այդ ընթացքում աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
«Նրանք խոստացել էին, որ մինչև այս ամսվա վերջ 2 մլն ներդրում պետք է արվեր, բայց մինչև այսօր ոչ մի ներդրում չի արվել,- վստահ է նախկին տնօրենը,- ես ընդհանրապես ողջունում եմ բարեփոխումները, մենք 5-6 տարի է` կռիվ ենք անում, որ բարեփոխումներ լինեն, այգին վերակառուցվի, ինչը որ մենք մեր ուժերով արել ենք, շատ-շատ գործ ենք արել, բայց այսօր այգին վերազինման, վերափոխման կարիք ունի»: Ռուբեն Խաչատրյանն էլ իր հերթին վստահեցնում է, որ այս տարի մոտ 50 մլն դրամի ներդրում է արվելու կենդանաբանական այգում: Շուրջ 15 մլն դրամի ներդրում արդեն արվել է:
Նոր տնօրենը «շոկի» մեջ է եղել
«Երբ առաջին օրերին եկա, ինձ համար շոկ էր, թե ինչ մեքենայով են կերը բաժանում. մի հատ մեծ գրուզավիկ, խարխուլ, արգելակները լավ չեն աշխատում, երեխաների միջով այդ մեքենան օրը երկու անգամ պտտվում էր կենդանաբանական այգում»,- պատմում է տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նա երկամսյա պաշտոնավարումից հետո արդեն բարձրաձայնում է կենդանաբանական այգու տեսանելի թերությունները: Մեզ հետ զրույցում մի քանի խնդիրներ առանձնացրեց, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Նախ` կերախոհանոց, որտեղ կենդանիների կերն է պատրաստվում, որպես այդպիսին չկա այգում: Բացակայում է կերը պահելու, մշակելու, կտրելու, դասակարգելու մեխանիզմը: Առաջիկայում նախատեսել են ստեղծել կերախոհանոց` կերի ստուգման փոքր լաբորատորիայով:
Հաջորդ քայլը կենդանաբանական այգու ներքին կոմունիկացիայի բարելավումն է` աշխատողների աշխատաոճի, ժամի, կենդանիների մաքրման ու հիգիենիկ պայմանների բարելավումը: «Այգին միշտ աշխատել է, բայց այն չի զարգացել, այլ հետընթաց է ապրել: Միգուցե կենդանատեսակներն ավելացել են, բայց դա կապ չունի այգու զարգացման հետ»,- ասում է Ռ. Խաչատրյանը:
Բաժիններում մարդկանց աշխատելու համար ոտնամաններ, դույլեր, խողովակներ, մկրատ և այլ աշխատանքային գործիքներ են գնել: «Որովհետև, երբ առաջին օրն եկանք, ասացին` ուրագ էլ չկա: Չկային բժշկական գործիքներ, չկար դեղորայք, որը հիմա գնալով համալրվում է»,- հավելում է նոր տնօրենը: Չի գործել նաև հասարակական զուգարանը, որովհետև շատ վատ վիճակում է եղել:
Մյուս կարևոր հանգամանքը կենդանիների առողջական վիճակն է: Անուշ Ռաֆայելյանը կենդանիների ներկայիս վիճակը և պայմանները բավարարից ցածր է գնահատում և օրինակ բերում, որ ճիճվաթափում ուշ-ուշ է իրականացվել, իրականացվելու դեպքում էլ` անորակ դեղորայքով: Սակայն Ս. Աբովյանի խոսքով, այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը. դեղորայքն անորակ չի եղել, այն մատակարարել է տենդերը շահած «Ալֆա 1» ՍՊԸ-ն, որը ամենամեծ անասնաբուժական դեղատունն ունի Հայաստանում:
«Դու քանի՞ օր ես աշխատել կենդանաբանական այգում, այդ աղջիկն էլ երևի չի աշխատել,- ասում է Սահակ Աբովյանը,- 4 տարի գրանցված է, բայց մի օր աշխատել է, 10 օրվա բյուլետեն է բերել»: Տնօրենը հավաստում է, որ ճիճվաթափման միջոցառման ակտերը մի հոգի չի ստորագրում, 8-ից ավելի մասնագետներ են ստորագրում, երեք ամիսը մեկ ճիճվաթափում է կատարվել. «Առանց ամաչելու սուտ են խոսում: Փաստաթուղթը հաշվապահությունում դրված է, կարելի է բացել, նայել, թե ինչ դեղորայք է եղել, երբ է արվել ճիճվաթափումը»:
Անուշ Ռաֆայելյանը Վիվարիումի բաժնում 4 տարի է աշխատում, զբաղվել է կրծողների բազմացմամբ, մասնագիտությամբ անասնաբույժ է: Մեր հարցին, թե ինչու չի բարձրաձայնել, երբ կասկածելի դեպքեր են եղել, պատճառաբանում է, որ կենդանաբանական այգում կլանային համակարգ է տիրել, երկու գլխավոր մասնագետները եղել են տնօրենի բարեկամները, աշխատում են նաև նրա հայրենակից այլ բարեկամներ: Գլխավոր բժիշկ Սամվել Միքայելյանը Սահակ Աբովյանի քրոջ որդին է, գլխավոր անասնաբույծ Արման Աբովյանը` որդին:
Երկուսն էլ երկու ամիս է` աշխատանքի չեն գնում, սկզբում արձակուրդի մեջ էին, հիմա էլ բյուլետեն են վերցրել: Սամվել Միքայելյանն արդեն ասել է, որ բյուլետենից հետո չի գնալու նոր տնօրենի հետ աշխատելու, քանի որ նա մասնագետ չէ և կենդանիների հետ աշխատելու փորձ չունի: Սահակ Աբովյանն ասում է, որ իր քրոջ որդին լինելու հանգամանքն այստեղ բնավ էլ կարևոր չէ, Ս. Միքայելյանը շատ լավ մասնագետ է, նրան բոլորն են ճանաչում հանրապետությունում: Ժամանակին լամպի լույսի ներքո նրա արած վիրահատությունից 70 երկրի մասնագետներ ապշել են:
Որդին, հավանաբար, նույնպես դիմում կգրի ու կազատվի աշխատանքից: «Ո՞նց կարող է նրանց հետ աշխատել, որ ասում են արջին պետք է ամորձատել, ձիուն պետք է ամորձատել: Սամվելն ասել է` ես ձեռքերս կկտրեմ, նման վիրահատություն չեմ անի»,- պատմում է Սահակ Աբովյանը: Նա վստահեցնում է, որ այգում աշխատող այլ բարեկամ չունի, բայց բոլոր աշխատակիցներն էլ իրեն հարազատ են, որովհետև 20 տարի միասին են եղել:
«Հաշվապահն ինձ ի՞նչ բարեկամ է, ջավախքցի է, հետո՞ ինչ»,- մեր դիտարկմանը, թե նոր տնօրենը նաև այլ բարեկամներ է մատնանշել` ի դեմս հաշվապահի, արձագանքեց Սահակ Աբովյանը:
Կենդանաբանական այգու աշխատակիցների հնչեցրած այն վարկածը, թե նախկին տնօրենն ուզում էր իր որդուն դարձնել այգու տնօրեն, Ս. Աբովյանը նույնպես բացառում է. «Նման նպատակ չի եղել»: Միևնույն ժամանակ, Ս. Աբովյանը հիշեցնում է, որ որդին սկսել է լաբորանտից, ամբիոնի վարիչ է աշխատել, անասնաբույժ է աշխատել երկու տարի, երկու տարի էլ` գլխավոր կենդանաբույծ, ասպիրանտ է, եթե նման նպատակ լիներ, դա նորմալ կլիներ, քանի որ որդին 16 տարվա մասնագիտական փորձ ունի, իսկ նոր տնօրենը համապատասխան մասնագիտական կրթություն չունի.«Թող գնա իր կինոն նկարի, կենդանու հետ ի՞նչ գործ ունի նա»:
Ի դեպ, նոր տնօրենի աշխատանքի անցնելուց հետո այգու 10 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել, իսկ այգեգործին Ռ. Խաչատրյանն է հեռացրել:
Փոխարենը տնօրենը արդեն երկրորդ ամիսն է` բոլոր աշխատակիցներին 10-20 հազար դրամ հոնորար է տալիս, մյուս ամսվանից սկսած` հիմնադրամը լավ աշխատողներին հավելավճարներ է խոստացել` 10-30 հազար դրամի չափով:
Կենդանիների առքուվաճառքը կարգելվի
Ռ. Խաչատրյանը վստահեցնում է, որ այսուհետ կենդանիների առքուվաճառքը դադարեցվելու է, քանի որ կենդանաբանական այգին, բացի նրանից, որ առևտրով է զբաղվել, չի նպաստել նաև տվյալ տարածքի կենսաբազմազանության պահպանությանը: Կենդանաբանական այգում մարդիկ վայրի բնությունից կենդանիներ ու թռչուններ են բերել ու սիմվոլիկ գնով վաճառել կենդանաբանական այգուն:
Այդ թռչունները կամ կենդանիները արգելոցներից, այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներից են եղել: Կենդանաբանական այգին վերավաճառել է անհատների, այգիների, կազմակերպությունների` նպաստելով վայրի բնության «վարի գնալուն», այսինքն` կենսաբազմազանության կրճատմանը: Ավելին, Ռ. Խաչատրյանը կասկածում է, որ գուցե ինչ-որ մի գումար «սև դրամարկղով» է անցել:
«Մարդիկ, ակնկալելով, որ փող են աշխատելու, գնում են այս թռչունի ձագին կամ այն կենդանուն բռնում են վայրի բնությունից, բերում են, տալիս են այգուն, այգին գցում է վանդակի մեջ,- նշում է Ռ, Խաչատրյանը,- իմ կարծիքով, նման կենդանաբանական այգին պետք է ուղղակի փակվեր: Եթե մի կառույց ի զորու չէ աշխատելու, գոնե այն սկզբունքներին համաձայն, որ կենդանաբանական այգին պետք է գործի, պետք է փակվի, եթե ոչ հիգիենիկ, ոչ ճիշտ կրթություն, մեսիջ տվող է դառնում»:
«Ես ունեմ մի բնակարան, ամառանոց չունեմ, նույնիսկ անձնական մեքենա չունեմ, բա ո՞ւր են էդ գումարները»,- մեղադրանքներին արձագանքում է Սահակ Աբովյանը:
Ռ. Խաչատրյանը նաև կասկածամտորեն է խոսում նախկին տնօրենի օրոք բյուջեի մուտքերի մասին` նշելով, որ նախորդ ամսվա կուտակված բյուջեն համարժեք է անցյալ տարվա ողջ բյուջեին, ընդ որում` միայն մուտքի տոմսարկղից: Աբովյանն էլ իր հերթին դա վերագրում է նախ` սեզոնին. մայիս և հունիս ամիսներին միշտ էլ մարդկանց հոսքը շատ է, դրանից հետո այն խիստ նվազում է: Հետո` եթե նախկինում մինչև 7 տարեկան երեխաների մուտքը անվճար է եղել, ապա հիմա միայն մինչև 2 տարեկանները կարող են անվճար մտնել այգի: Ավելին, նոր տնօրենը նաև թանկացրել է մուտքի տոմսի գինը` 300 դրամից հասցնելով 500 դրամի:
Կենդանիների առքուվաճառքին Սահակ Աբովյանն էլ առանձնապես կողմնակից չէ, սակայն ասում է, որ դա անհրաժեշտ է նոր կենդանիներ ձեռք բերելու համար: Բացի այդ, առքուվաճառքից ստացած գումարը տարեկան 3 մլն դրամը չի գերազանցել: Այն, որ թռչուններին բազմացրել են վաճառելու նպատակով, Սահակ Աբովյանը նորմալ է համարում, քանի որ թռչունը տարին մեկ անգամ է ձվադրում, և այդ թռչունին չի կարելի զրկել ձագ հանելու հնարավորությունից. «Ի՞նչ է նշանակում վայրի կենդանիների, թռչունների ձվերը չթողնել ինկուբացնել ու այդ ձվերը փչացնել, դա հանցագործություն է, որովհետև թռչունը տարին մեկ անգամ է ձվադրում, և մենք չենք թողնում, որ սերունդը շարունակի: Բա վաղը, մյուս օրը թռչունը որ սատկի, տեղը ի՞նչ պիտի բերես»,- ասում է նախկին տնօրենը:
Թռչուններ, այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակներ գնելու մեղադրանքը նախկին տնօրենը ևս արդարացնում է: Սահակ Աբովյանի խոսքով, այդ թռչունները հիմնականում վիրավոր են եղել կամ ինչ-որ խնդիր են ունեցել, իրենք գնել են մի նպատակով, որ այդ կենդանուն չտանեն խրտվիլակ սարքեն ու վաճառեն այլ տեղերում: «Ինձ բերել է, ասում է` դու չառնես, կտանեմ չուչել սարքել կտամ և ինձ 150-200 դոլար փող կտան: Ճիշտ ենք արել մենք, որովհետև այդ կենդանին կդառնար խրտվիլակ»,- հաստատում է Ս. Աբովյանը և հավելում,- մեզ մոտ այսօր այդ թռչունները հաջողությամբ բազմանում են և կարող են հանդիսանալ փոխանակման ֆոնդ, և կարող ենք աշխատել, համարակալել, չիպակալել և բաց թողնել բնություն»:
Չնայած արդեն երկու ամիս է` Սահակ Աբովյանը չի աշխատում, բայց տեղյակ է այգում կատարվող անցուդարձին. «Թռչուններին, կարապներին, արագիլներին, կռունկներին հանել են, որ ինչ է թե` տեղ սարքեն ատրակցիոնների համար: Եվ դա կոչվում է բնության պահպան մարդ: Նման բան չի կարելի անել, չեկած` նա ոչնչացնում է, այսօր թռչունի 200-300 ձու է ոչնչացրել»:
Մինչ նախկին և նոր տնօրեններն իրենց փաստարկներն են ներկայացնում, կենդանիները մնացել են առանց գլխավոր անասնաբույժի ու անասնաբույծի: Իսկ նոր տնօրենը հավաստում է, որ իրենց ներկայացրած ծրագրի արդյունքները մեծավ մասամբ տեսանելի կլինեն 5-6 տարի հետո:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել