Ջրանցքը` աղբավայր
Լիլիթ Սիմոնյան
Արզնի-Շամիրամ ջրանցքը իսկական պատուհաս է դարձել եղվարդցիների համար: Մի քանի տարի առաջ ջրանցքը հիմնովին վերանորոգվեց, եւ պարբերաբար, ըստ անհրաժեշտության, նորոգման աշխատանքներ են կատարվում:
Սակայն ջրանցքի շահագործումից հետո էլ չի լուծվել երկու կարեւոր խնդիր. բացակայում են անվտանգության պատնեշները, եւ բնակիչները շարունակում են աղբը լցնել ջրանցքը: Ամեն տարի բազմաթիվ դժբախտ դեպքեր են լինում` մարդկային կորուստներ: Դեռահասներն ու երիտասարդները ջրանցքում լողում են` չգիտակցելով վտանգը:
2010 թ. ամռանը 14 տարեկան մի տղա ջրախեղդ էր եղել եղբոր ու ընկերոջ հետ լողալիս, վերջիններս չէին կարողացել փրկել նրան: Եվ սա միակ դեպքը չէ: Մինչդեռ ջրանցքի պատի ճեղքերից բռնվելով` հնարավոր էր փրկվել: Այս դժբախտ պատահարներից հետո անգամ ջրանցքի մոտակայքում չեն տեղադրվել նախազգուշացնող, ջրանցքում լողալն արգելող ցուցանակներ:
Ջրանցքը որպես աղբատար է ծառայում բոլոր այն համայնքների համար, որոնց միջով հոսում է: Դրա հարեւանությամբ գտնվող տների բնակիչներն իրենց կենցաղային աղբն ամբողջությամբ լցնում են ջրանցքը: Բնակիչները դա պատճառաբանում են աղբատարի բացակայությամբ: Եղվարդի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով այս խնդրին` Եղվարդի փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը նշել է, որ իրենք բավարար քանակությամբ աղբամաններ են տեղադրել: Մնում է ենթադրել, որ կամ աղբամանները բավարար չեն, կամ էլ աղբը ժամանակին չեն տեղափոխում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել