HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ «Նաիրիտի» գործով

Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան 

ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով կանխվել է փողերի լվացման մի փորձ: Այս գործի մասին գիտի թե’ ոստիկանությունը, թե դատախազությունը: Նրանք ոչինչ չեն արել.  ոչինչ չեն արել, որովհետև գիտեն, թե ովքեր են  կանգնած այդ գործարքի հետևում: Իսկ այն բացահայտելու համար իրավապահները նախ պետք է հարցաքնեին «Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանին  և դատավոր Արա Կուբանյանին,  և կծիկը կբացվեր: Սակայն իրավապահները հրահանգ չեն ստացել, դրա համար էլ փողերի լվացման այդ դեպքով պարզապես չեն զբաղվում: 

Նոյեմբերի 21-ին «Նաիրիտ գործարանի» դեմ դատական մեկ վեճ նոր հանգուցալուծում է ստացել: Անհայտ ծագման և օֆշորային գրանցում ունեցող ընկերությունը այս անգամ պարտվեց: Իսկ նույն վեճի մասին երկու դատավորներ տարբեր  վճիռներ են կայացրել: 

2009թ.-ին  «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ն (Numard Trading) դատի տվեց «Նաիրիտ գործարանին»`գումարի բռնագանձման պահանջով: Իսկ դրա համար հիմք էր հանդիսացել պարսկական ծագման «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ՍՊԸ-ի (Esmaeil Motavalli Soufiani Traiding) և «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի միջև կնքած մատակարարման պայմանագիրը: 

Եվ այսպես, 2002թ. հոկտեմբերի 3-ին այժմյան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի իրավանախորդ «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի և «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերության միջև կնքվել է կաուչուկի մատակարարման պայմանագիր, համաձայն որի` «Նաիրիտը» պարտավորվել է գնորդի ներկայացրած պատվերով որոշված խմբաքանակով մինչև 2700 տոննա քլորոպրենային կաուչուկ մատակարարել` 1տ-1500 դոլարի համարժեք դրամով: 3 ամիս անց` 2003-ի հունվարին նույն ընկերությունները կնքել են համաձայնագիր, որով արձանագրել են, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իրականացրել է ցուցահանդեսներում «Նաիրիտի» ապրանքների գովազդի հետ կապված աշխատանքներ: Կատարած աշխատանքների գինը, ըստ համաձայնագրի, կազմել է 882 մլն դրամ, որը համարվել է որպես մատակարարվող ապրանքների դիմաց արված կանխավճար, և «Նաիրիտը» պարտավորվել է պարսկական ընկերությանը մատակարարել 1000 տոննա քլորոպրենային կաուչուկ համաձայնագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում: 

Պայմանագրի 2.1 կետի համաձայն` քլորոպրենային կաուչուկը գնորդին է մատակարարվում (հանձնվում) Երևանում` Բագրատունյանց 70 հասցեում:

Այսինքն` պարսկական ընկերությունը պետք է մեքենաներ ուղարկեր գործարան, որպեսզի «Նաիրիտը» կաուչուկը բեռնավորեր և հանձներ: Սակայն ընկերությունը փոխադրամիջոց չի ուղարկել, և որևէ պահանջ այդ ընթացքում չի ներկայացրել: 

Տարիներ անց` 2008թ.-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը և դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները և պետք է վերադարձնի 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազում է շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած տույժի գումար: 

«Հայցվոր ընկերությունը պարտավոր էր ապրանքներ մատակարարելու պահանջով ողջամիտ ժամկետում դիմել պատասխանող ընկերությանը, որը չի կատարել, որից ենթադրվում է, որ հայցվոր կողմը կորցրել է իր հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ դեռևս 7 տարի առաջ: Պայմանագրի ուժով ծագած ցանկացած պարտավորություն պետք է կատարվի ողջամիտ ժամկետում` հակառակ դեպքում պետք է կիրառվի հայցային վաղեմություն»,- սա է եղել «Նաիրիտի» ներկյացուցիչների պատասխանը դատարանին: 

«Նումարդ թրեյդինգ» ընկերությունը դատարան է ներկայացրել մի գրություն, համաձայն որի` իբրև «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը 2006-ին գրավոր դիմել է պատասխանող ընկերությանը պարտավորությունների կատարման խնդրանքով: Այս գրությունը, սակայն, մուտք է արվել ոչ այնպես, ինչպես մուտք են արվում մյուս բոլոր գրությունները գործարան: Այդ ժամանակ գործարանի տնօրեն է եղել Կարեն Իսրայելյանը, ով պնդում է, որ նմանատիպ որևէ գրություն իրենք չեն ստացել: Ավելին` «Նաիրիտում» գրությունները միայն թվերով են մուտքագրվում, իսկ այս մեկում նաև տառ կա` «Ա» (1163 Ա), ինչը նշանակում է, որ գրությունը օրինական ճանապարհով չէ, որ մուտք է արվել, այլ հետագայում է «մտել» գործարան: 

Այն ժամանակ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարել է հայցը` պարտավորեցնելով «Նաիրիտին» վճարել շուրջ 5 մլրդ դրամ: Չնայած հայցվոր կողմը դատարան չի ներկայացել, և որևէ հարց ուղղելու հնարավորություն գործարանը չի ունեցել: Դատավոր Կուբանյանը հայցային վաղեմություն չի կիրառել` հիմք ընդունելով նաև վերոնշյալ գրությունը: «Նաիրիտ գործարանը», ի դեմս տնօրեն Վահան Մելքոնյանի, դատարանի վճիռը չի բողոքարկել, և շուրջ 5 մլրդ դրամը ձևակերպվել է որպես կրեդիտորական պարտք: 

Այս ամենից հետո եղան մամուլի հրապարակումներ, «բաց ֆաքսեր», քննադատություններ վարչապետի հասցեին, որից հետո միայն` 2011-ի մայիսին Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վերահսկողության տեսչությանը ստուգումներ իրականացնել «Նումարդ թրեյդինգի» կրեդիտորական պարտքի առաջացման արժանահավատության համար:

Ֆիննախի վերահսկողականն արձանագրել է, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը ցուցահանդեսում «Նաիրիտի» արտադրանքի գովազդի նպատակով կատարված աշխատանքների հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել` ոչ պայմանագիր, ոչ կատարողական ակտ, ոչ հաշիվ-ապրանքագրեր: 

«Փաստորեն, ընկերությունը վերը նշված պայմանագրով չնախատեսված ծառայության մատուցման փաստը ընդունելու, ծառայության մատուցումը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ստանձնել է 882 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն և նշված անհիմն գործարքի պատճառով ձևակերպել ավելի քան 4 մլրդ դրամի վնաս»,- արձանագրել է ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը, որի տակ ստորագրել է նաև «Նաիրիտի» այդ ժամանակվա տնօրեն Վահան Մելքոնյանը: 

Ֆինանսների նախարարության ստուգման արդյունքը որպես նոր երևան եկած հանգամանք օգտագործելով` «Նաիրիտ գործարանի» ղեկավարությունը վերջապես վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն այս տարվա մարտին: Վերաքննիչը գտել է, որ ստուգման արդյունքում կազմված ակտը գործի լուծման համար էական նշանակություն ունի, և դրանով հաստատված հանգամանքներն ըստ էության կարող են ազդել գործի ելքի վրա, որպեսզի փաստն էլ հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: 

Ի վերջո, այս տարվա նոյեմբերի վերջին Շենգավիթի դատարանը, այս անգամ դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ, անկախ այն հանգամանքից, թե հիմնավոր է հայցը, թե ոչ, մերժել է այն ամբողջությամբ` կիրառելով հայցային վաղեմություն: Դատարանը վճռել է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247 մլն դրամ, որից շուրջ  98 մլն դրամը չվճարված պետական տուրքի գումար, իսկ մոտ 148 մլն-ը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  վճարված պետական տուրքի գումար: Սակայն թե ինչպես է բռնագանձումն իրականացվելու անհայտ ընկերությունից, դեռևս պարզ չէ: 

«Նումարդ թրեյդինգ» ՓԲԸ-ն գրանցված է օֆշորում` Վիկտորիա հաուս, Վիկտորիա, Մէե, Սեյշելյան կղզիներ հասցեում: Այս ընկերության մասին որևէ տվյալ համացանցում չկա, ինչը նշանակում է, որ ստեղծվել է մեկ նպատակով` «Նաիրիտի» հետ հարցերը լուծելու համար: Տնօրենը Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստեֆեն Ջոն Քելին է (Stephen John Kelly), ում անունը կարելի է գտնել բազմաթիվ այլ ընկերությունների տնօրենների, բաժնետերերի կամ արդեն պաշտոնաթող եղած տնօրենների ցանկում, որոնց մեծ մասը նույնպես գրանցված է օֆշորում: Դատական գործում կամ ԴԱՀԿ ուղղված միջնորդագրերում որպես լիազորված ներկայացուցիչ երեք տարբեր են անձինք են եղել` ռուս Եվգենի Վլադիմիրովիչ Միխայիլովը, այնուհետև` բրիտանացի  Քիմ Պատրիսիա Փուսեն, վրացի Գիորգի Գոգիտիձեն: Դատական փաստաթղթերը ստանալու համար նրանք սկզբից նշել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Անի պլազա» հյուրանոցը, իսկ որոշ փաստաթղթերում երևում է Հանրապետության հրապարակի #76 փոստարկղը:  «Անի պլազա»-ում ընկերությունը ներկայացուցչություն չունի, ուղարկված ծանուցագրերն այդ հասցեից հետ են ուղարկվել: 

Այս բոլոր փաստական տեղեկությունները չգիտես ինչու իրավապահ մարմինների ուշադրությանը չեն արժանացել: «Նաիրիտի» թալանի և սնանկացման մասին բազմաթիվ հրապարակումներ անարձագանք են մնում: Հայ իրավապահներին չի հետաքրքրում, թե ովքեր և ինչ եղանակով են փորձում 10 տոկոս պետական բաժնետոմս ունեցող գործարանից գումարներ տանել, կամ ով է նրանց աջակցում և հովանավորում Հայաստանում: 

(շարունակելի)

Լուսանկարում`  ձախից` դատավոր Արա Կուբանյանը և գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը

Մեկնաբանություններ (4)

ARMEN
Injkan avazak ka mer ergrum mart asdzo apsos enchkan gexecik kaxak uneng sakayn anarjan u anasuneri vorjh tarcrecin. ES-EM@ Vardan petrosyan aganjt ganchi.
SAMVEL
ՀԵՏՔ ին.....Հնարավոր չի մի օր գրեք ՀՀԿ ական պաշտոնավոր մարդու մասին որը ոչ թալանով է զբաղվել ոչ էլ մաֆիոզ է ? Համոզված եմ մի երկու,երեք հոգի կգտնվեն
samvel
Չինովնիկության դրախտավայր Հայաստան...պարզից էլ պարզ է ինչքան յուղոտ է պատառը այնքան բարձր է հավակնորդի դիրքը իշխանական բուրգում,հաշվի առնելով ՆԱԻՐԻՏԻ բացառիկ նշանակությունը երկրի տնտեսության համար կարելի է ենթադրել թե դա ում հետաքրքրության ոլորտն է...ու էսպես կառուցում են արդար,ծաղկուն,և ժողեվրդավար Հայաստան ...
Դարդ-անելի
Փաստաթղթերի մուտքագրումն ու ելքագրումը օրինականության պահպանման գլխավոր պահանջներից է, որը կարգավորվում է գործավարության կանոններով։ Հայաստանում բարձիթողի վիճակում են գտնվում և անվերահսկելի են փաստաթղթերի մուտքագրման և ելքագրման գործառույթները։ Փաստաթղթեր են կազմվում հետին թվերուվ, չհիմնավորված տեղեկություններով, առանց մատյանային գրանցումների, որի շնորհիվ էլ հնարավոր է դառնում հանցանքներ պարտակելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր