
«Նորաշենը վրացական եկեղեցի է, բայց գնել են հայերը»,- ասում է վրացի հոգևորականը
Թբիլիսիի վրաց ուղղափառ Սուրբ Երրորդություն եկեղեցու սարկավագ Էլիզբար Դիոկոնիձեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն և նրա թիմակիցներին քննդատող վրացի հոգևորականներից է: Նա հանդես է եկել ընդդիմության շարքերում և ձայն տվել Բիձինա Իվանիշվիլու ալյանսի օգտին: Էլիզբար Դիոկոնիձեն ասում է, որ իրեն որոշ հայեր հակահայ են համարում: Սակայն ինքը վստահեցնում է, որ հայ-վրացական բարեկամության ջատագովն է:
Հայ-վրացական հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք:
Թբիլիսիում հայերի և վրացիների հարաբերությունները միշտ կանգ են առնում անեկդոտների վրա: Մենք հայերի մասին ենք անեկդոտներ պատմում, հայերը` մեր, և դրանից այն կողմ (նկատի ունեմ` դեպի վատը) մեր հարաբերությունները չեն գնում: Օրինակ` հային հարցնում են` ո՞ր ազգության մեջ ավելի շատ վատ մարդիկ կան: Ասում է` իհարկե, վրացիների մեջ: Ինչո՞ւ` հարցնում է վրացին: Ասում է` բոլոր վատ հայերը փոխել են իրենց ազգանունները և դարձել վրացի: Եվ վատ վրացիները շատացել են: Ոչ մի ազգություն չի սիրում, երբ ազգանուններն են փոխում: Թումանյանը դարձել է Թումանիշվիլի:
Դա ձեր իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է:
Մեր նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանը ես դեմ եմ եղել: Ներկայիս իշխանությունը նոր է սկսել, և, կարծում եմ, երբ երեխան ծնվում է, հարցնել, թե ինչպիսին նա կդառնա հետագայում, շատ վաղ է: Ով իմանա` ինչպիսին կդառնա: Ես լավի հույս ունեմ: Ես հարել եմ Ն. Բուրջանաձեի և Կ.Կուկավայի բլոկին: Նրանք ձայն տվին Իվանիշվիլիին: Մարդը (Իվանիշվիլին) շատ հարստություն ունի, միլիարդատեր է, նա չի մտնի Վրաստանի պետական բյուջեի գրպանը, ինչպես նախրոդ իշխանությունները` Սահակաշվիլին և Շևարդնաձեն, նա շատ ավելի փող ունի, քան Վրաստանի բյուջեն է: Իվանիշվիլին ասում է, որ ուզում է օգնել իր պետությանը, եկեք հնարավորություն տանք: Ես 100 օր եմ տվել: Երեք ամիս հետո կնստենք ու կզրուցենք: Եթե դուր եկավ նրա գործողությունները, լավ, եթե չէ` սուր կքննադատեմ: Յուրաքանչյուր մարդուց կարելի է Սահակաշվիլի ստանալ:
Հայկական եկեղեցին երկար ժամանակ կարգավիճակ չուներ Վրաստանում, դեռևս կան «վիճելի» համարվող եկեղեցիներ, որոնց հարցը այդպես էլ չի լուծվում: Ըստ Ձեզ` ինչպե՞ս լուծել այս հարցերը:
Հայկական եկեղեցին պետք է կարգավիճակ ունենա Հայաստանում: Վրացական եկեղեցիներ արտասահմանում էլ կան, օրինակ` Ավստրիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, որոնք վրաց կաթողիկոսությանն են պատկանում, հիմա գնանք Ֆրանսիայի նախագահից գումա՞ր պահանջենք:
Խնդիրը մեր կառավարությունում էր: Վրաստանում, ըստ Սահմանադրության, եթե 3 հոգի հավաքվի և մի անվանում տա իրենց հավատքին, կարող է կարգավիճակ ունենալ և գումար պահանջել պետբյուջեից: Հայկական եկեղեցին արդեն պետությունից պահանջում է ֆինանսավորում: Առնոլդ Ստեփանյանը, և ոչ միայն նա, ասում է` եթե դուք հատկացնում եք 25 մլն լարի ձեր բյուջեից վրաց եկեղեցուն, հայկական եկեղեցուն էլ հատկացրեք 5 մլն: Դա սխալ է: Մենք հիմա Ֆրանսիայում կամ Իսպանայում ունենք ուղղափառ վրաց եկեղեցի, գնանք Իսպանիայի թագավորից փող ուզե՞նք: Ինչո՞ւ պիտի Իսպանիան հոգա վրաց եկեղեցու ծախսերը: Կասեն` դուք ուզում եք աղոթել, խնդրեմ, մենք ձեզ չենք խանգարի, բայց ձեր աղոթելու համար նաև փո՞ղ տանք: Դա ընդունելի չէ: Ուրեմն եկեք հայկական եկեղեցին կոչենք վրացական, որովհետև վրացական կառավարությունը պետք է ֆինանսավորի:
Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, Վրաստանի կառավարությունը ֆինանսավորում է Վրաստանում գործող հայկական դպրոցները: Ուրեմն պետք է դրանք կոչել վրացական դպրոցներ, կամ չպետք է այլևս ֆինանսավորել:
Իմ եկեղեցին պետք է ես ֆինանսավորեմ, դպրոցը դա պետական հաստատություն է, իսկ եկեղեցին պետական կառույց չէ: Եթե դառնա պետական հաստատություն, ապա կպատկանի այն պետությանը, որտեղ գտնվում է:
Ինչ վերաբերում է «վիճելի» եկեղեցիներին, ապա դա պետք է պատմականորեն ապացուցել: Պետք է խաղաղ և հանգիստ ճանապարհով լուծել: Մենք էլ պատմաբաններ ունենք, դուք էլ, թող նստեն և պատմականորեն ապացուցեն: Ամեն ինչ գրելով կամ ասելով չէ, հիմա մենք կանգնենք ասենք, որ Ռուսաստանում այսինչ եկեղեցին մերն է: Մեզ կասեն` սպասեք, ապացուցեք, որ դա ձերն է:
Օրինակ` Նորաշենի վերաբերյալ ով կուզենա, ես մեծ հաճույքով փաստաթղթեր ցույց կտամ: Նորաշենը սկզբում հայկական չի եղել, բայց երբ Հայաստանն ու Վրաստանը միացան Ռուսաստանին, ռուս Էկզարխոսը մի քանի եկեղեցիներ փակեց և վաճառքի հանեց, դա 19-րդ դարի սկզբներին էր: Բնական է` ով փող ուներ, գնեց այդ եկեղեցիները, այդ ժամանակ էլ հայերը գնեցին Սուրբ Նորաշենը: Լավ է, որ մուսուլմաններին չի վաճառվել այդ եկեղեցին (այդ նույն Մեյդանում կա և հայկական, և վրացական, և կաթոլիկ, և բուդդիստական եկեղեցիներ): Հայերն ասում են, որ դա մերն է, մեր ուժերով է կառուցված: Ոչ, եկեք եկեղեցու ոճը նայենք, ցածր գմբեթներ, Մցխեթում նույնանման եկեղեցի ունենք, 6-րդ դարի կառույց է, կառուցող ճարտարապետները հունաստանում էին սովորել, և այդ եկեղեցիները ավելի շատ հունաբյուզանդական ոճով են կառուցված: Շենքը վրացական է, բայց գնել են հայերը: Պետք է, որ պատմաբանները և կրոնի պատմաբանները նստեն և զրուցեն, որովհետև դա պատմություն է: Արդյո՞ք օրինական է վաճառվել Նորաշենը: Ստորագրել է Էկզարխոսը, ով վրացական պատրիարքական գահը ձևափոխել է, նա անօրինական է վաճառել մեր ունեցվածքը:
Ձեր կարծիքով` ինչո՞ւ են Ձեզ հակահայ համարում:
Առնոլդ Ստեփանյանն ուզում էր ինձ դատի տալ, որ ես հակահայ եմ: Ես Հավլաբարի մետրոյից դուրս եմ գալիս, իմ փողոցը սկսվում է հայկական թատրոնից: Ասացի` գնա Հավլաբար, Սաինգիլո Չիխե 5, այդ փողոցում 80 տուն կա, որից 3-ում են միայն վրացի ապրում, մյուսները հայ են, հարցրու այդ մարդկանց` ես հակահայ եմ, թե ոչ: Մենք միմյանց չենք հարցնում, երբ հարսանիք կա կամ թաղում, հարևանդ ամուսնացել է, վերջ, դու հրավիրված ես, մարդ է մահացել` գնում ենք:
Այն եկեղեցում, որտեղ ես եմ ծառայում` Սուրբ Երրորդությունում, իմ նախկին ուսանողը հայ է` Հայր Գերոգի Պողոսովը, ծնվել և ապրել է Վրաստանում, ավարտել է վրացական հոգևոր ակադեմիան, հիմա էլ Սուրբ Երրորդությունում է ծառայում: Հայր Քարդաշյանը մեկ ուրիշ վրացական եկեղեցում է ծառայում, քարոզ է կարդում վրացերենով: Գիտեք դա ինչ լավ է, որ ես այդպիսի լավ ընկեր ունեմ: Նախ նա իմ ընկերն է, հետո եմ ես նրա ազգությունը հարցնում: Առնոլդ Ստեփանյանը հետո հանդարտվեց: Ոչ Ստեփանյանին, ոչ Սահակաշվիլին, և ոչ մեկը հնուց ի վեր մեր ընկերությունը չի խաթարի: Մենք եղբայրներ են:
Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք հայ հոգևորականների հետ, շփում կա՞ ձեր միջև:
Նորմալ են: Ես անձամբ ծանոթ եմ 2-3 հոգևորականների հետ, երկու երիտասարդ ծառայողներ կան Հավլաբարի հայկական եկեղեցում: Երբ հանիպում ենք, բարևում ենք: Նրանք իրենց եկեղեցի են գնում, ես` իմ: Պատարագները նույն ժամերին են սկսվում և վերջանում, հետո և’ ես եմ տուն գնում, և’ նրանք: Եթե որևէ հարց լինում է, հանգիստ նստում, խոսում ենք դրանց մասին:
Իսկ նման դեպք եղե՞լ է, որ նստեք ինչ-որ հարցի շուրջ հանգիստ քննարկում անցկացնեք:
Իմ հետ չի պատահել, եթե լինի, ես միայն ուրախ կլինեմ, քանի որ ես հավատացյալ մարդ եմ: Ես հասկանում են իմ կրոնը, գիտեմ` ինչն է ճիշտ, ինչը` սխալ: Ինձ հաճելի կլինի` միասին նստել և զրուցել կրոնի, Աստվածաշնչի մասին: Ուզում եմ, որ հայ և վրացի ժողովրդները ապրել այնպես, ինչպես նախկինում ենք ապրել` ընկերաբար և հաշտ: Անեկդոտներից վերև չեք թռնի: Ընկերությունը հեշտ է խաթարվում, բայց շատ դժվար է հաստատել:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել