
Ի՞նչ են անում ավելի քան 10 տեղակալները չաշխատող «Նաիրիտում»
Առաջիկա փետրվարին կլրանա «Նաիրիտ գործարանի» չգործելու երկրորդ տարին, սակայն այդպես էլ պարզ չէ՝ աշխատելու է գործարանը, թե ոչ: Օրերս ռուսական «Իտերա» ընկերության ներկայացուցիչները այցելել են Հայաստան, ՀՀ կառավարությունը, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, համառորեն լռում է այդ մասին:
Իսկ 2008 թվականից աշխատանքի անցած ավելի քան 10 տեղակալները շարունակում են աստղաբաշխական թվով աշխատավարձ ստանալ չաշխատող «Նաիրիտում»: Այդ գումարները կառավարությունը «հայթայթում» է պետական այս կամ այն հիմնարկից:
Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք գործարանի աշխատավարձերին և նշել, որ նախկինում 2100 աշխատող կար գործարանում, սակայն 2008-ից հետո այդ թիվը հասել էր 3000-ի, ընդ որում՝ բանվորների քանակը չէր ավելացել, այլ ավելացել էին ղեկավար անձնակազմը և սպասարկողները: Գործարանի կանգնելուց հետո այդ թիվը մի փոքր նվազել է՝ շուրջ 200-ով: Սակայն ղեկավար անձնակազմը մնացել է գրեթե «անսասան»:
Նախորդ հրապարակումից առաջ «Նաիրիտ գործարանի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանին հարցրել էինք, թե գլխավոր տնօրենը քանի տեղակալ ունի, Ա. Հարությունյանը 5 էր ասել, ինչպես նաև խոսել էր մեկական օգնական և խորհրդական ունենալու մասին: Սակայն երբ երեկ նորից հարցրինք Անուշ Հարությունյանին տեղակալների մասին՝ նշելով նաև նրանց անունները, վերջինս ասաց, որ 7-ն են, (պատճառաբանեց, որ անցյալ անգամ մոռացել է երկու տեղակալների մասին ասել, քանզի վերջիննես այլ մասնաշենքում են նստում), 3-ը, ըստ Ա. Հարությունյանի, այլևս չի աշխատում: Բացի այդ 10-ից՝ ևս 2-ը գլխավոր ինժեների տեղակալներն են: Սրանցից բացի՝ մեր տեղեկություններով, տնօրենը ոչ թե մեկական խորհրդական ու օգնական ունի, այլ ունի 2 խորհրդական և 3 օգնական:
«Նաիրիտ գործարանից» այդպես էլ չհերքեցին գլխավոր տնօրենի աշխատավարձի 7 մլն լինելու փաստը, ոչ էլ տեղակալների՝ 3.5-ական մլն դրամ աշխատավարձը: Իսկ 3.5 մլն դրամ ստացողները, ինչպես պարզվում է, այնքան էլ քիչ չեն՝ ավելի քան 10 հոգի: Մինչդեռ երբ «Նաիրիտ» գործարանն աշխատում էր, ընդամենը տնօրենի 3 տեղակալ կար:
Մնում է հարցնել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ինչու են մսխվում պետության փողերը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել