
Տաճատ Վարդապետյանի «բացասման բացասում» փիլիսոփայությունը
ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նորմալ է գնահատում: Պատգամավորը ակնկալում է, որ նոր իշխանությունների ժամանակ հայ-վրացական հարաբերությունները պետք է ավելի ջերմանան: Այս ակնկալիքը Տաճատ Վարդապետյանը հիմնավորում է' ելնելով «բացասման բացասում» փիլիսոփայությունից: Նա նշում է, որ ըստ այդ փիլիսոփայության' յուրաքանչյուր հաջորդը պետք է ավելի ջերմ, բարյացակամ լինի: Ավելին, պատգամավորն ակնկալում է նաև, որ այս իշխանությունների օրոք Ջավախքի հայության և Վրաստանի հայության վիճակն ու հոգսերը կթեթևանան:
Պատգամավոր Վարդապետյանը Բիձինա Իվանիշվիլու «New Rimes» թերթին տրված հարցազրույցի հայերին վերաբերող հատվածը քաղաքական անփորձության վերագրեց: Նա կարծում է, որ Իվանիշվիլին և իր թիմը դեռ քաղաքական հասունացման շրջան են ապրելու, և «քաղաքական հեռատեսությունը ևս պատշաճ նվաճումներ կունենա»: «Հետո կարծես թե այդ հայտարությունը հետևեց այն բանին, որ նրա կողմնակիցներն ասում էին, որ նա տրամադրված է, որ Ջավախքում, վիրահայության շրջանակներում հայոց լեզվի խնդիր լուծվի, այդ առումով անակնկալ էր նաև ինձ համար, բայց հետո հերքում տվեց, որ ինքը նպատակ չի ունեցել նման բան ասելու, այնուհանդերձ, ես չեմ ուզում հոռետեսորեն արտահայտվել, որովհետև նոր ձևավորված իշխանություններ են, և տարածաշրջանում հայ-վրացական փոխհարաբերությունների ջերմությունից էական բաներ են կախված»,- ասաց Տ. Վարդապետյանը:
«Հետքի» հարցին, թե արդյոք «Վիրահայերի միասնությունից» ներկայացվածություն եղել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, և ճիշտ են այն պնդումները, թե ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Հովհաննես Սոֆոյանը գնացել և պաշտպանել են Սահակաշվիլու թիմակիցներին, Տաճատ Վարդապետյանը նշեց, որ Հ. Սոֆոյանը հաստատ չի եղել, իսկ Վարդան Այվազյանի մասին տեղյակ չէ:
Մեկնաբանել