HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միգուցե արդեն լուրջ մտածեմ` ինչու Ջավախքը անկախ չէ». ջավախքցի ուսանողները իրենց նամակը հանձնեցին

Եթե Հայաստանում Վրաստանի դեսպանատունն այսօր աշխատեր, ջավախքցի ուսանողները դեսպանատան աշխատակիցներին, գուցե նաև դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, անձամբ կհանձնեին իրենց պատրաստած նամակը: Իսկ քանի որ Վրաստանի դեսպանատան համար այս օրը աշխատանքային չէր, ջավախքցի ուսանողները իրենց դիմում-բողոք-պահանջը թողեցին դեսպանատան փոստարկղում: 

Բաց թողնել բոլոր քաղբանտարկյալներին, Գլդանի բանտի գործով դատավարությունն անցկացնել արդար և պատժել մեղավորներին, հոկտեմբերի 1-ին անցկացնել ազատ և դեմոկրատական ընտրություններ, ապահովել Սամցխե-Ջավախքի տնտեսության կայուն  աճը, ավելացնել փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, ստեղծել մշտական աշխատատեղեր, կրճատել գործազրկությունն ու աղքատությունը Ջավախքում, դադարեցնել քաղաքական հետապնդումները ջավախքյան ակտիվիստների նկատմամբ, վերացնել այսպես կոչված «սև ցուցակը», որի համաձայն` արգելվում է Սամցխե-Ջավախքով մտահոգված որոշ հայ գործիչների մուտքը Վրաստան, Ախալքալաքում բացել հայ-վրացական համալսարան. սրանք էին երիտասարդների հիմնական պահանջները, որով դիմել էին դեսպանին:  «Հայ-վրացի, ազերի, թե թուրք, մեզ համար միևնույն է, կարևորը քաղբանտարկյալ չլինի»,-նկատեց Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղից ԵՊՏՀ սովորողող ուսանողը: 

Արտակ Աբրահամյանը ՀՀ քաղաքացի է, ԵՊՀ քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանող է: Նա այսօր մասնակցում էր Վրաստանի դեսպանատան մոտ ջավախքցի ուսանողների կազմակերպած բողոքի ակցիային: Չնայած անձամբ Ջավախքում դեռ չի եղել, սակայն արդեն իսկ պատկերացնում է խնդիրների շարքը, որի մասին մշտապես խոսում են, այն է` վրացական իշխանությունների կողմից ջավախքահայերի նկատմամբ իրականացված հալածանքները, աշխատատեղերի պակասը, տարածաշրջանը թուրքերով բնակեցնելը, որի պատճառով էլ Ջավախքում բնակչությունը նվազում է. «Ջավախքահայերի վիճակը այս պահին, կարելի է ասել, ծայրահեղ ծանր է»:   

ԵՊԲՀ-ի ուսանող, գյումրեցի Հենրիկ Մարգարյանն ասում է, որ Գլդանի բանտում կատարվածից հետո բոլորն են անհանգստացած, քանի որ ոտնձգություն է կատարվել մարդկային արժեքների դեմ: «Քանի դեռ Վրաստանում տիրում է նման մթնոլորտ, և քաղաքացիներին պաշտպանող ուժային կառույցները ոտնձգություն են կատարում քաղաքացու իրավունքի նկատմամբ, նման պետության մեջ մենք չենք կարող ապահով լինել, որ մեր հայրենակիցները պաշտպանված կլինեն: Ցանկալի է տեսնել Վրաստանը այնպիսին, ինչպիսին ներկայացվում է միջազգային հանրությանը:  Մի պետության մեջ, որտեղ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ լկտի դրսևորումներ կան, միգուցե արդեն լուրջ մտածեմ` ինչու Ջավախքը անկախ չէ,- ասում է Հենրիկը և շարունակում,- Ջավախքում ջավախքցին անկախ չէ իր մշակութային դրսևորման մեջ, այսինքն` իր ազգային պատկանելությունը ներկայացնելու և իր մշակույթը կերտելու հնարավորություն չունի, ինչը լուրջ խնդիր է»:  Հենրիկը վստահ է, որ հայաստանցի երիտասարդները պատրաստ են աջակից լինել իրենց հայրենակիցներին, բայց սպասում են, որ ջավախքցիներն իրենց ուղղություն ցույց տան: 

18-ամյա Գոռ Մաթևոսյանն էլ կարծում է, որ Հայաստանի կառավարության կողմից պետական մոտեցում է պետք, որը, սակայն, իր լիազորությունները ամբողջապես չի կատարում. «Կառավարություն է աշխատում, կառավորությունն աշխատում է դեսպանատան հետ, կա արտաքին գործոց նախարարություն: Վրացիները ոչ հայատյաց քաղաքականություն են վարում, այդ ամեն ինչին դեմ քաղաքականություն պետք է գնա, ոչ թե այնտեղ ջարդեր լինեն, իսկ Հայաստանում մեդալ կախեն Վրաստանի նախագահ Սահակաշվիլու վիզը»: 

Երիտասարդ ցուցարարներին միացավ նաև  ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Չնայած պատգամավորը խոստովանեց, որ պատահական էր անցնում Վրաստանի դեսպանատան մոտով, բայցևայնպես, ողջունում է երիտասարդների նախաձեռնությունը: ԱԺ պատգամավորը ուրախ է, որ երիտասարդները քաղաքական խնդիր են դնում և բնական է համարում, որ Հայաստանում բնակվող ջավախքահայերը մտահոգ են ջավախքահայության խնդիրներով և Վրաստանում տիրող իրավիճակով:

Լյուդմիլա Սարգսյանը խոստովանեց, որ Վրաստանում հայ բանտարկյալների հարցը խորությամբ չի ուսումնասիրել, բայց կարծում է, որ Վրաստանում կան հայ քաղբանտարկյալներ, հիմա էլ որոշ հայազգի քաղաքական գործիչներ են հետապնդվում:

Մեր հարցին, թե պատգամավորական գործունեության ընթացքում Լ. Սարգսյանը պատրաստվում է ջավախքահայությանը հուզող հարցեր բարձրացնել, պատասխանեց. «Բնականաբար: Իմ կարծիքով ջավախահայության խնդիրը չի կարող առանձին լինել Հայաստանից, դա մեր ազգի մի հատվածն է, որն ապրում է Վրաստանում, և բնականաբար, նրանց հուզող բոլոր խնդիրները մեր խնդիրներն են»:

Թե որոնք են այդ խնդիրները, ՀԱԿ խմբակցության պատգամավորը մանրամասնեց. «Նախևառաջ մենք խնդիր ունենք, որ ջավախքահայությունը մնա Ջավախքում, դա մեծագույն խնդիր է, իսկ դրա համար պետք է լինեն աշխատատեղեր, պետք է կրթական ցենզը բարձրացվի, մշակույթը ավելի բարձր մակարդակի վրա դրվի: Մենք, որպես պետականություն ունեցող երկիր, պարտավոր ենք հոգալ նաև ջավախքահայության խնդիրները, և ինչու ոչ մեծ խնդիրներ էլ կարող ենք հետագայում դնել»,- ասաց Լ. Սարգսյանը:

Պատգամավորը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ջավախաքահայությունը շարունակի ապրել Ջավախքում, իսկ դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որ Հայաստանը կարող է հոգալ և ապահովել, որ ջավախքահայությունը, հատկապես երիտասարդությունը, մնա այնտեղ:

Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ջավախքահայության նկատմամբ Լ. Սարգսյանը գնահատում է ոչ բավարար և կարծում է, որ լավ ցանկության դեպքում ջավախքահայերի վիճակը շատ ավելի լավ կլիներ: «Ես հույս ունեմ, որ գալիք իշխանությունը, համենայնդեպս ընդդիմությունը, բավականին ուժեղ է այնտեղ, և եթե ընդդիմությունը գա իշխանության, հույս ունեմ, որ շատ ավելի ջերմ հայացքով կնայի դեպի ջավախքահայությունը, քան հիմա է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Երիտասարդները իրենց ակցիան այսօր ավարտված համարեցին, սակայն պատրաստակամություն հայտնեցին առավել զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել, եթե իրենց պահանջները հաշվի չառնվեն:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Միգուցե արդեն լուրջ մտածենք` ինչու Հայաստանը անկախ չէ:
Armmisli
umic ankakhana?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter