HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետին

Հարգելի պարոն Վարչապետ,

Ծանոթանալով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (թիվ ՀՕ-246-Ն, 22 դեկտեմբերի 2010թ.) պահանջներին` նպատակահարմար եմ գտնում դիմել Ձեզ, սույն օրենքի սոցիալ-տնտեսական հետևանքների կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների  առնչությամբ:

Ողջունելի է ՀՀ կառավարության որոշումը՝ ուղղված Հանրապետության հարկային համակարգը միջազգային պրակտիկային համապատասխանեցնելուն. սա ճիշտ և կառուցողական քայլ է:

Դրա հետ մեկտեղ, կարծում եմ անընդունելի է, երբ օտար, նույնիսկ չափազանց առաջադեմ փորձը մեր պրակտիկայում ներդրվում է առանց հաշվի առնելու զարգացման արդի փուլում մեր երկրին բնորոշ սոցիալ-տնտեսական իրողությունները:

  1. Այսպես, հոդված 5-ի 1-ին կետում տրվում է հարկ վճարողի համախառն եկամտի սահմանումը. «Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա բոլոր եկամուտների հանրագումարն է»:

Հետևելով «օրենքի տառին»` մեր հարկ վճարողն  իր համախառն եկամուտը որոշելիս պարտավոր է հաշվի առնել նաև արտերկրից ստացվող մասնավոր փոխանցման (տրանսֆերտի) արժեքը: Սա ընդունելի է այն երկրների համար, որտեղ մասնավոր փոխանցումների արժեքն ու քանակը անհամեմատելի են երկրի բյուջեի հետ և զանգվածային բնույթ չեն կրում:

Ըստ պաշտոնական տվյալների` Հանրապետություն է մտնում մոտավորապես 2.5-3 միլիարդ ԱՄՆ դոլարի մասնավոր փոխանցում, որի հիմնական մասը մարդկանց կողմից ուղարկվում է Հայաստանում բնակվող իրենց ընտանիքի անդամների նվազագույն բարեկեցության ապահովման նպատակով: Որպես կանոն, մեկ մասնավոր փոխանցման միջին վիճակագրական չափն ամսական կազմում է մոտ 200-300 դոլար, և այդ գումարը մեր հայրենակիցները ծախսում են իրենց առօրյա կարիքները հոգալու համար: Հիմնականում այդ օգնության շնորհիվ է հանրապետությունում խթանվում մանրածախ առևտուրը և սպասարկման ոլորտը, այսինքն՝ փոքր և միջին բիզնեսը:

Օրինապահ հարկ վճարողը պետք է հայտարարի սույն եկամուտը և վճարի համապատասխան հարկ: Ի՞նչի այն կարող է հանգեցնել.

  • մասնավոր (միանգամյա) փոխանցման գումարը ընկնում է կրկնակի հարկման տակ, որն ուղարկողին կդրդի կողմնակի ուղիներ փնտրել  (բանկային համակարգից դուրս) իր բարեկամներին և ազգականներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար,
  • հարկային ծառայությունը Հանրապետության բանկային համակարգի օգնությամբ, հարկերի  հավաքման բարձրացման նպատակով, կուժեղացնի ֆիսկալ համակարգը, որն էլ, իր հերթին, կնպաստի կոռուպցիային՝ իր հետ բերելով արտագաղթի աճ: (Մի շարք արտասահմանյան երկրներում օրենսդրորեն սահմանված քվոտա է դրվում չհարկվող մասնավոր փոխանցման վրա: Ինչո՞ւ մենք նույնպես չհետևենք այդ օրինակին).
  • արտագաղթի աճը, իր հերթին, կնպաստի մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության և բնակչության սպասարկման ոլորտի ծավալների նվազմանը, այսինքն փոքր և միջին բիզնեսի կրճատմանը և գործազրկության նոր ալիքի առաջացմանը:

Իհարկե, մեր ուշադրությունը չէինք կենտրոնացնի այս խնդրի վրա, եթե սույն օրենքի 2-րդ գլխի 6-րդ հոդվածում՝ «Նվազեցվող եկամուտներ», մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ դրույթներ նշված լինեին:

II. Գլուխ 3-ում (հոդված 10) տրված է եկամտային հարկի հաշվարկման կարգը՝ նոր տոկոսադրույքներով:

Հավատարիմ մնալով 2012 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատավարձի մակարդակի պահպանման մասին «օրենքի տառին», գործատուն ստորև ներկայացված աշխատավարձի դեպքում[1] յուրաքանչյուր աշխատողի պետք է լրացուցիչ վճարի.

  • 38090 դրամ –  լրացուցիչ 363 դրամ
  • 50000 դրամ –  լրացուցիչ 406 դրամ
  • 170609 դրամ –  լրացուցիչ 2050 դրամ
  • 283307 դրամ –  լրացուցիչ 1933 դրամ
  • 1000000 դրամ –  լրացուցիչ 1220 դրամ

Եթե դիտարկենք վերոնշյալ հաստիքացուցակը` հաշվի առնելով Հանրապետության աշխատող բնակչության հարաբերակցությունը Երևանում և փոքր քաղաքներում, ապա փոքր քաղաքների աշխատողների մեծ մասի աշխատավարձը, հիմնականում տատանվում է 35-50 հազ դրամի, իսկ Երևանում՝ 60-150 հազ դրամի սահմաններում: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի պահանջվող մակարդակը պահպանելու համար գործատուին անհրաժեշտ է հայթայթել լրացուցիչ միջոցներ միջինը 1000 դրամի չափով: Սրանք գործատուի համար փոքր գումարներ չեն, եթե հաշվի առնենք, որ մեր երկրում հիմնականում, զարգացած են աշխատատար ոլորտները, ինչպես օրինակ, առևտուրը և բնակչության սպասարկումը: Ուստի, գործատուն ստիպված կլինի`

  • կրճատել 100 հազ դրամը գերազանցող աշխատավարձով աշխատատեղերը.
  • բարձրացնել իրացվող ապրանքի և մատուցվող ծառայությունների արժեքը, որն էլ, իր հերթին, կբերի շահութահարկի և ԱԱՀ-ի ավելացման.
  • կրկնակի հաշվապահություն վարել՝ իրացվող ապրանքների և ծառայությունների ծավալները թաքցնելու նպատակով.
  • վճարել աշխատողներին` առանց նրանց գրանցման (կաճի թաքնված աշխատուժի քանակը):

Ամփոփելով վերոշարադրյալը, կարելի է փաստել, որ, հավանաբար, տնտեսությանը գործնականում սպասվում է`

  • ստվերային հատվածի ավելացում.
  • աշխատատեղերի կրճատում.
  • կոռուպցիայի մակարդակի բարձրացում` գործատուի և հարկային համակարգի միջև.
  • փոքր և միջին բիզնեսի կրճատում, ինչն իր հերթին, կխթանի արտագաղթը:

III. Հաջորդ կարևոր գործոնը գործատուի կողմից հարկային համակարգին հաշվետվության պարտադիր ներկայացումն է էլեկտրոնային տեսքով:

Եթե այս պայմանը որևէ կերպ կարելի է իրականացնել Երևանում և Գյումրիում, ապա Հանրապետության փոքր քաղաքներում դրա իրականացումը գրեթե անհնարին է` ֆինանսական, տեխնիկական և կադրային մի շարք պատճառներով: Համաձայն այս պահանջի` գործատուն պետք է ունենա համակարգիչ, ինտերնետ կապ և էլեկտրոնային ստորագրության իրավունք: Սրանք լրացուցիչ ծախսեր են պահանջում:

Հնարավո՞ր է, արդյոք, ներկայումս ապահովել տվյալ բաղադրիչների առկայությունը տեղերում: Ավելին, փոքր և միջին բիզնեսի զգալի թվով ներկայացուցիչներ, իրենց գործունեությունը գործնականում իրականացնում են առանց հաշվապահական ծառայության, իսկ այնտեղ, որտեղ այդ բաղադրիչներն առկա են, աշխատողների պրոֆեսիոնալ մակարդակը, որպես կանոն, ցածր է:

Ելնելով վերոշարադրյալից` Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի համար նման բախտորոշ օրենքի ընդունման ժամանակ անհրաժեշտ էր համալիր միջոցառումներ իրականացնել, որոնք հնարավորություն կտային և կնպաստեին սույն օրենքի կիրարկմանն առանց խնդիրների:

Թերևս հնարավոր էր մի մարզում կամ որևէ խոշոր քաղաքում փորձարկել սույն օրենքի պահանջները, այլ ոչ թե «անակնկալներ» մատուցել, որոնք զարգացման վատթարագույն սցենարի դեպքում կարող են հանգեցնել ծանր ֆինանսական հետևանքների (էլ չենք խոսում բարոյական վնասի մասին):

Հաշվի առնելով վերոշարադրյալը` նպատակահարմար կլինի որոշակի ժամկետով «սառեցնել» քննարկվող օրենքի կիրարկումը մինչև՝

  • այդ օրենքի որոշ դրույթների ճշգրտումը (ելնելով «մի’ վնասիր» սկզբունքից).
  • մի շարք միջոցառումների իրականացումը՝ փոքր և միջին բիզնեսը հարկման նոր պայմաններին և տեխնոլոգիաներին նախապատրաստելու ուղղությամբ.
  • գործատուի և հարկային ծառայությունների միջև փոխհարաբերությունների էլեկտրոնային տեխնոլոգիաների կատարելագործումը:

Սույն օրենքն առանց համապատասխան փոփոխությունների, լրացումների և ճշգրտումների չի նպաստի «Դեմքով դեպի ժողովուրդը» կանխադրույթի իրագործմանը:

Լևոն Ներսիսյան
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ տնօրեն

Հ.Գ. Հետաքրքիր է պարզել, թե միջին գործատուն  (անգամ բարձրագույն տնտեսագիտական կրթություն ունեցող) կարո՞ղ է առանց կողմնակի օգնության հասկանալ և յուրացնել սույն օրենքի մի շարք դրույթներ:



[1] Աշխատավարձը ներկայացված է հաշվի առնելով սոցապահովության ֆոնդի համապատասխան չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter