
Ի՞նչ պարտք, ի՞նչ բան. պատգամավորի դարդը «անասունների առողջությունն ու երկնքի չարությունն» է
Հայաստանի արտաքին պետական պարտքն այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 3 միլիարդ 382 միլիոն 600 հազար դոլար, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 13,5 տոկոսով, կամ մոտ 402 միլիոն 200 հազար դոլարով:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, արդյոք արտաքին պարտքը չի՞ սպառնում մեր երկրի անվտանգությանը:
«Հիմա դրա ժամանակը չունեմ, անձրեւներն են ինձ անհանգստացնում, չգիտեմ` այս տարի գյուղացին բերք կունենա՞, թե՞ չէ: Գյուղացիներն ուշ ցանք արեցին, անձրեւները շատ են, նայում եմ՝ երկնքի մեջ չարություն կա: Երեկ մի փոքր կարկուտ գցեց, բայց լավ է՝ շատ չեկավ: Եթե այսպես շարունակվի, մինչեւ մաղձը չթափի, երկինքը չի հանգստանա»,- անհանգստացած է Արագածոտնի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանը:
Նրան հետաքրքրում է նաեւ անասունների առողջության հարցը, ինչը լուրջ խնդիր է գյուղացիների համար: Օրինակ` Լյովա Խաչատրյանը մինչեւ հիմա չգիտի՝ դաշտ դուրս եկող անասունները հիվա՞նդ են, իրար կվարակե՞ն, թե՞ ոչ:
«Մեղուները կոտորվեցին: Ի՞նչն է պատճառը, գիտենք եւ, ի վերջո, սննդի անվտանգությունը կաշխատի՞ Հայաստանում, թե՞ ոչ: Ինձ նման բաներ է հետաքրքրում, թե չէ պարտքը... Պարտքից հրաժարվել է պետք, ի՞նչ պարտք, եթե նպատակային չի ծառայում»,- նշում է պատգամավորը:
Այն, որ արտաքին պարտքը ծախսվում է ոչ նպատակային, պատգամավորը եզրակացրել է վարչապետի այն հայտարարությունից, որ գնումներն արվել են կրկնակի թանկ: Սա, ըստ Խաչատրյանի, նշանակում է, որ «ինչ-որ բան այն չէ»:
«Պետք է նայեն, ուսումնասիրեն, ինձ հետաքրքրում է նաեւ` այդ պարտքն ով է փակելու, ժողովո՞ւրդը, թե՞ անհատները»,- եզրափակեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Մեկնաբանել