
Ալավերդիում բացվեց «Դրախտ» մանկական սրճարանը
Ալավերդի քաղաքի զբաղվածության կենտրոնում 2012թ. գրանցված է 1362 գործազուրկ և աշխատանք որոնող կին: Կենտրոնի տնօրեն Նունե Անտաշյանը հայտնեց, որ գրանցված գործազուրկների և աշխատանք որոնողների թիվն իրական չէ, քանի որ կենտրոնում նպաստառության ժամկենտն ավարտվելուց հետո շատ կանայք դուրս են եկել հաշվառումից:
Ըստ տնօրենի՝ զբաղվածության կենտրոնում 2012թ. 77 կին ստացել է համակարգչային գրագիտության, կար ու ձևի և վարսահարդարի մասնագիտական ուսուցում: Նրանցից աշխատանքի է ընդունվել 28-ը: Այսուհանդերձ, զբաղվածության կենտրոնի տնօրենը կանանց զբաղվածության խնդիրը համարեց Ալավերդի քաղաքի հրատապ խնդիրներից մեկը:
Ալավերդու Սարահարթ թաղամասի բնակիչ Սրբուհի Մոսինյանը կարծում է, որ կանանց հոգսերը իշխանությունների ուշադրությունից ընդհանրապես դուրս են մնում, բացի դրանից՝ ալավերդցի կանայք դեռևս ունեն խորհրդային ժամանակների մտածելակերպ և սպասում են, որ պետությունն իրենց ապահովի պատրաստի աշխատանքով: Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ Ալավերդիում գործարար կանայք գրեթե չկան:
Ըստ Սրբուհու՝ խնդիրը լուծելու համար քաղաքի կանանց պետք է սովորեցնել փոքր բիզնեսի գաղտնիքները և տալ հարկային որոշ արտոնություններ: Տիկին Սրբուհին ասում է, որ աշխատանք չունենալու պատճառով Ալավերդիում շատ կանայք սոցիալական ու հոգեբանական ծանր վիճակում են: Սրանք հատկապես այն կանայք են, որոնց ամուսինները երկար տարիներ արտագնա աշխատանք են կատարում:
![]() |
![]() |
Սրբուհի Մոսինյանի պատշգամբի ծաղիկները |
Այս կանանց մեծ մասը մի կերպ է կարողանում հոգալ իր ընտանիքի գոյությունը: Այլ երկրներում կանայք 6 ամիսը մեկ անցնում են բժշկական անվճար մանրազնին հետազոտություն: Իսկ ալավերդցի կանայք, Սրբուհու խոսքով, փող չունենալու պատճառով, բժշկին դիմում են այն ժամանակ, երբ այլևս ոտքի վրա չեն կարողանում կանգնել:
«Նկատել եմ ՝ալավերդցի շատ հաճելի կանանց բերանում մի քանի հերթապահ ատամներ կան: Ատամների բացակայությունը կնոջն ամենաշատն է տեսքից զրկում»,- ասում է Սրբուհի Մոսինյանը:
Նա սովորել է Աավերդու նկարչական դպրոցում: Ժամանակ ունենալու դեպքում հիմա էլ նկարում է: Իր բնակարանն ինքն է վերանորոգել: «Երբ զբոսաշրջիկներ են հայտնվում հրապարակում, նրանց ուշադրությունը անմիջապես գրավում է մեր պատշգամբը: Նրանք ինձ առաջարկում են որպես հյուրատուն վարձակալել բնակարանս»,- ասում է Սրբուհին:
![]() |
![]() |
«Դրախտ» մանկական սրճարանը |
Պատշգամբում և պարտեզում Սրբուհին 50 տեսակի ծաղիկ ունի: Թեև առողջական խնդիրներ ունի, սակայն ծաղիկներն ու այգին անձամբ է խնամում: Սրբուհի Մոսինյանը որոշել է իր բնակարանի առաջին հարկում բացել մանկական սրճարան: «Սրճարանը դրախտ եմ կոչելու: Սրճարանիս հյուրերը պետք է լինեն 0-ից 100 տարեկան մարդիկ»,- ասում է նա:
Սրբուհին ինքն է կատարել սրճարանի ներքին հարդարման աշխատանքները: Օգոստոսի 30-ին «Դրախտ» մանկական սրճարանը բացվեց: Փոքրիկ, սակայն Ալավերդու դեպքում եզակի մանկական սրճարանում հյուընկալվել էին շատ երեխաներ և տարեցներ: Տիկին Սրբուհին իր հյուրերին անվճար հյուրասիրեց իր ձեռքով պատրաստած թխվածքներ և այլ ուտեստեր:
Մեկնաբանել