HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել․ Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել են ջրամբարաշինության 5 նախագծեր։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրությունից։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նշել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Կոտայքի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, վերակառուցել Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։

Նալբադյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Քասախի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլն մ3, արդյունքում կբարձրացվի 4517 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 503 հա հողատարածքներում։ Նախագծի արժեքը կազմում է 15.4 մլրդ դրամ։ Ջրամբարը տեղակայված է լինելու Սևան–Հրազդան ջրառ համակարգում, ուստի նրա խոսքով, կուտակված ջրի միջոցով հնարավոր կլինի մեղմել ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունները Սևանա լճի վրա։ Ջրամբարը կկարողանա անմիջապես սնուցում ապահովել ստորին Հրազդան ջրանցքին։

Ելփինի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 0,93 մլն մ3։ Ակնկալվում է, որ դրա արդյունքում կբարձրացվի 132 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 168 հա հողատարածքներում, 0,3 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.3 մլրդ դրամ։

Աստղաձորի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 1,55 մլն մ3, որով կբարձրացվի 210 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի 530 հա լրացուցիչ հողատարածքներում, տարեկան 1,6 մլն կՎտ/ժամ էլ.էներգիայի խնայողություն։ Նախագծի արժեքը գնահատվում է 7.5 մլրդ դրամ։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ տեղակայված լինելով Սևանա լճի ավազանում՝ ակնկալվում է, որ ջրամբարն էապես կնվազեցնի այժմ առկա տարբեր ռիսկեր, որոշ դեպքերում կզորայցնի դրանց բացասական ազդեցությունը։ Վերակառուցվելիք Արթիկի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 1,479 մլն մ3, ակնկալվում է գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավել լրացուցիչ 300 հա հողատարածքներ։ Նախագծի արժեքը գնահատվում է 5,7 մլրդ դրամ։

Լիճքի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 4 մլն մ3, ակնկալվում է, որ կբարձրացվի 1315.8 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, կապահովվի 2,1 մլն կՎտ/ժամ էլ.էներգիայի խնայողություն և 195 հա լրացուցիչ հողատարածքների ոռոգում։ Նախագծի արժեքը գնահատվում է 11.4 մլրդ դրամ։

Մարտիրոս Նալբանդյանի հավելել է, որ վերոնշյալ ծրագրերի իրականացմամբ ընդհանուր առմամբ կկուտակվի 18 մլն մ3 ջուր, շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 մլրդ դրամ, փաստացի ոռոգվող հողատարածքների ծավալը կկազմի 6175 հա, գյուղատնտեռսության մեջ ներգրավվելիք նոր ոռոգելի հողատարածքների թիվը՝ 1696 հա։ Նախագծերից կօգտվի շուրջ 40 բնակավայր, ուղղակի և անուղղակի շահառուների թիվը 700 հազար մարդ, տարեկան խնայվող գումարային էլեկտրաէներգիան՝ 3,8 մլն կՎտ/ժամ։

Հաջորդիվ քննարկվել են ներդրումների ծավալներին, աղբյուրներին, ինչպես նաև նախագծերից ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է նախագծերի իրականացումը և նշել, որ գլոբալ պրոցեսները գնում են այնպես, որ մոտեցումը պետք է լինի հետևյալը․ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել: «Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի: Այդպիսի սցենար ընդհանրապես գոյություն չունի: Եվ հետևաբար, իմ ընկալումը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուրը կուտակել՝ ջուրը կուտակել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ պետք է ռեսուրս ներդնել այն տեղերում, որտեղ ազդեցության առումով կարող է լինել առավելագույն արդյունք։ «Եթե մենք այսպես ջրամբարներ կառուցենք, կառուցենք և մեր ոռոգման կուլտուրան լինի այնպիսին, ինչպիսին կա, մենք չենք հասցնի ուղղակի այդքան ջրամբար կառուցել: Սրա էֆեկտը երկու բան է, որ նախ հընթացս նաև մեր գյուղատնտեսական տեխնոլոգիաները պետք է փոխվեն, և երկրորդը՝ ջրի կառավարման մեթոդը պետք է փոխվի: Մեր շուկայում այսօր հայտնվում են տնտեսվարողներ, ովքեր ասում են՝ մենք չենք ուզում ջուր 10 դրամով։ Մենք ուզում ենք ջուր այնքան, ինչքան մենք ուզում ենք, ասեք՝ ինչ գնով եք տալիս: Մենք այդ գինը պատրաստ ենք վճարել: Մարդիկ պատրաստ են վճարել ջրի համար, ոչ թե սպասեն՝ հերթն իրենց կհասնի՞, թե՝ ոչ: Մեծ ներդրումներ են անում և ասում են՝ տվեք ջուրը ոչ թե 10 դրամով, այլ՝ 30 դրամով, 40 դրամով, 50 դրամով, բայց տվեք ցպահանջ»,- նշել է վարչապետը։

Քննարկման արդյունքներով վերոնշյալ նախագծերը Ներդրումային կոմիտեի կողմից հաստատվել է և նախագծերը կմտնեն գործնական փուլ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter