HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմից հետո Արավուսում կյանքը փոխվել է

2020 թ․ նոյեմբերի 30-ի գիշերը Քաշաթաղի իր այգուց Ելենա Հայրապետյանը պոկել է վարդերի մի փունջ, փաթաթել վերմակի մեջ ու կապել ձիու թամբին։ Դա Քաշաթաղում անցկացրած նրա վերջին րոպեներն էին։ 9 ձիերը պարանով կապել էին, ու ամուսնու հետ թողել Քաշաթաղի տունը։ Ցուրտ գիշեր էր։ Ճանապարհին ձիերի պարանը ծառին էր փաթաթվել ու կտրվել։ Ձիերին այդպես էլ չէին կարողացել բռնել ու ճանապարհը շարունակել էին առանց նրանց։  

Տիկին Ելենան ամուսնու հետ հասել էր Սյունքիի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս գյուղ, որտեղ ծնվել, մեծացել էին։ Բռնագաղթի հաջորդ առավոտը հարեւան Խնածախ գյուղից զանգել էին ամուսնուն, ասել, որ ձիերից երկուսն այնտեղ են։ Ամուսինը գնացել, վերցրել էր ձիերին ու երեկոյան կապել մի այգում, գարի տվել ու գնացել իրենց վարձակալած տնակը։ Բայց առավոտյան տեսել են, որ ձիերը չկան։ Տիկին Ելենան ասում է՝ կենդանիներին գողացել էին։ Հիմա ամուսիններն ապրում են իրենց շան ու երեք կատուների հետ եւ ուրախանում տնակի առաջ գտնվող փոքր այգուց ստացած բերքից: Իսկ տնակի համար ամսական 40 հազար դրամ վարձ են տալիս:

Ելենա Հայրապետյանը նախկինում դասվար է աշխատել Արավուսում: Այգու սպիտակ վարդերից մեկը ափի մեջ պահելով՝ հիշում է այդ օրերը: Ասում է՝ չնայած կենսաթոշակային տարիքին՝ հիմա էլ կաշխատի, եթե ընդունեն: «Սեպտեմբերը, որ գալիս է, լացս էլ հետն է գալիս»,- ասում է նա:

Նորից նայում է վարդենուն: Չնայած գյուղում ջուր օրերով չի լինում, հավաքում են, պահում՝ փոքր այգին ջրելու համար:

«Ամեն առավոտ վեր եմ կենում, զրուցում վարդերիս հետ: Մի փնջի վրա տես քանի կոկոն կա, նայի: Էսօր ամուսնուս կանչում եմ, ասում եմ՝ Վալերի՛կ, եկ, մի տես քանի կոկոն կա։ Էսպիսի բան երբեք չեմ տեսել վարդերի վրա,- ասում է արավուսցի կինը, ապա ավելացնում,- եթե կարողանայի, Արցախն էլ վերմակի մեջ կփաթաթեի, կբերեի, ինչպես վարդերը»:

Պատերազմից հետո Արավուսում շատացել է զարկերակային ճնշում ունեցողների թիվը: Տիկին Ելենան էլ հաճախ է գնում հարեւանությամբ գտնվող բուժկետ: Այստեղ միակ աշխատողը բուժքույր Սիրվարդ Բալայանն է:

Մինչեւ այս տարվա ապրիլ ամիսը բուժկետը գյուղի դպրոցում էր: Սիրվարդ Բալայանն ասում է՝ այնտեղ մի անկյուն էին տվել, գյուղացիներն այդտեղից էին օգտվում:

Ապրիլին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության աջակցությամբ Արավուսում բուժակ-մանկաբարձական կետ (ԲՄԿ) է բացվել: 

Այն հագեցած է առաջին բուժօգնության համար նախատեսված միջոցներով: Տիկին Սիրվարդը ցույց է տալիս անհրաժեշտ դեղորայքով պահարանն ու ասում, որ առաջին բուժօգնության համար բոլոր պայմանները կան:

Նկատում է՝ այս պահին միակ անհրաժեշտ բանը հավաքարարի հաստիքն է: Հիմա ինքն է թե՛ բուժքույրը, թե՛ հավաքարարը:

Արավուսցիներն առավելապես բուժկետ են գալիս բժիշկների ցուցումներով:

«Հիմնականում զարկերակային ճնշման համար են դիմում, ալերգիաներն են շատ»,- ասում է տիկին Սիրվարդը: Նրա խոսքով՝ Արավուսում ծնունդ չկա:

1982-ից բուժքույր աշխատող արավուսցի կինը նշում է, որ գյուղում մնալու համար երիտասարդ ընտանիքներին աշխատանք է անհրաժեշտ, հակառակ դեպքում հեռանում են:

Գյուղի դպրոցում այս պահին 9 աշակերտ կա, բայց, ըստ տիկին Սիրվարդի, այն ուզում են փակել: «Ինչի՞ փակեն; Ժողովուրդը դրա խաթեր մնում է, աշխատում է»,- նշում է նա:

Սահմանապահ Արավուսի մշտական բնակչությունը, բուժքրոջ տեղեկացմամբ, մոտ 140 է: 2020 թ. պատերազմից հետո հայ-ադրբեջանական շփման գիծը հասել է մինչեւ Արավուս. հիմա գյուղի ծայրամասից մինչեւ առաջնագիծ 550-600 մետր է:

Ըստ «Հետքի» զրուցակցի՝ պատերազմից հետո բնակչության շրջանում շատացել է սթրեսը: Հիշում է, որ մի ամիս առաջ սահմանից կրակում էին օրական մի քանի անգամ՝ նույն ժամերին: Մեկ ամիս է, ինչ կրակոցները դադարել են:

Ս. Բալայանը նշում է նաեւ տնտեսական խնդիրները, որոնց բախվել են արավուսցիները: «Անասուն ունեինք, հիմա սահմանի պատճառով անասնապահությամբ քիչ մարդ է զբաղվում: Առաջ որ եղել է 400–500 կով, մարդկանց ապրուստն էր դա: Մարդ կար, որ 100 կով էր պահում, հիմա 1-2-ն է մնացել»,- ասում է բուժքույրը, որի ընտանիքն էլ նախկինում 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է ունեցել, իսկ հիմա մի կով է մնացել:

Նկատում է, որ հողագործությամբ զբաղվելու համար էլ խնդրահարույց է ջրի հարցը: Արավուսում նաեւ խմելաջրի խնդիր կա:

«Ջահելությունը հիմնականում աշխարհազորում է լինում: Եթե դա էլ չլինի, տեսնում եք՝ ահագին ընտանիքներ դուրս են եկել»,- ավելացնում է Սիրվարդ Բալայանը:  

Ամեն աշխատանքային օր՝ առավոտյան ժամը 9-ին, տիկին Սիրվարդը սովորականի պես բացում է բուժկետի դուռը, բայց միշտ չէ, որ նրա աշխատանքային օրն սկսվում է այդ ժամից: Օրինակ՝ մեր այցի օրը՝ առավոտյան 7-ին, բնակիչներից մեկը վատացել էր, բուժքույրը գնացել էր ճնշում չափելու: Արավուսցիների համար տիկին Սիրվարդը շտապօգնություն է ցանկացած ժամի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter