
Դիմաքանդակ գանգոսկրից. Անդրանիկ Ճաղարյանի մոռացված մասնագիտությունը
Երևանի Չարենցի 15 հասցեում գտնվող Հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքի առաջին հարկում՝ աջ թևում փոքր սենյակ կա: Հասնում եմ այնտեղ վաղ առավոտյան: Մութ, փոշոտ սենյակում մի պատուհան է, մի գիշերալամպ, մի աշխատող ու տասնյակ արկղեր: Լույսը հազիվ է հասնում դարակների վրա կողք կողքի շարված արձաններին: Մարդաբան Անահիտ Խուդավերդյանը 1990 թվականից այստեղ է աշխատում: Նա գրքերի արանքից հաստ թղթապանակ է հանում ու սկսում մեկ-մեկ ցույց տալ դրա պարունակությունը: Հնագիտության և ազգագրության ինստիտուտում արձաններից բացի դա է մնացել Անդրանիկ Ճաղարյանի արխիվից:
Դրանց մեջ է Ճաղարյանի ավելի քան 50-ամյա վաղեմության ձեռագիր ելույթներից մեկը:
1970 թվականի հոկտեմբերի 14-ին վիրաբույժ, մարդաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանը Երևանի պետական համալսարանի մեծ հանդիսասրահի ամբիոնից ելույթ էր ունենում: Հավաքվել էին արվեստագետներ, գրականագետներ ու գիտնականներ: Դիմելով Վազգեն Առաջին կաթողիկոսին, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Ս. Մելիքսեթյանին ու մյուս ներկաներին, Ճաղարյանը ելույթը սկսել էր այսպես.
«Պետրոս Դուրյանի կյանքի համար սահմանված երջանկության բաժինը նոր է սկսվում»:
Ճաղարյանը լսարանին էր ներկայացնում բանաստեղծ Պետրոս Դուրյանի դիմաքանդակը:
Բոլորի ուշադրության կենտրոնում էր ոչ միայն երիտասարդ բանաստեղծի վերականգնված դեմքը, այլ մեթոդը, որով Ճաղարյանը կարողացավ ստեղծել դիմաքանդակը:
Մինչև Դուրյանի դեմքի վերականգնումը, պրոֆեսոր Ճաղարյանը հնագետ Հարություն Մնացականյանի՝ Լճաշենի դամբարանադաշտից պեղած գանգերի հիման վրա վերականգնել էր Սևանա լճի տարածքում 3,5 հազար տարի մեզնից առաջ գոյություն բնակիչներին: Նրանց շարքում էին՝ ցեղապետ, զորավար, քրմապետ, կանայք, աղջիկներ: Նույն մեթոդով Ճաղարյանը վերականգնել էր նաև Շենգավիթի հնավայրի բնակիչների դեմքերը: Սակայն Դուրյանի դեմքի վերականգնումն ունեցավ ամենամեծ արձագանքը, քանի որ բանաստեղծի՝ մինչ այդ հայտնի դիմանկարը երևակայությամբ էին ստեղծել:
![]() |
![]() |
Երբ 20-ամյա բանաստեղծը մահացավ, պարզվեց, որ նա որևէ նկար չունի: Այն ստեղծելու առաջին փորձը եղել է Դուրյանի մահանալուց անմիջապես հետո: Սակայն նկարիչ Աբրահամ Սարգսյանը, որը պետք է նկարեր մահացած բանաստեղծին, հրաժարվեց: Նա պնդում էր, որ բանաստեղծի դեմքը հյուծված է, ու նկարն իրական չի լինի:
Դուրյանի դիմանկարը ստեղծելու երկրորդ փորձը եղավ 1892 թվականին՝ բանաստեղծի մահվանից 20 տարի անց: Նախաձեռնողը Բարսեղ Էքսերճյանն էր՝ Դուրյանի առաջին կենսագիրը: Դիմանկարի աշխատանքները սկսեց նկարիչ Մկրտիչ Պարսամյանցը՝ Դուրյանի մոր, եղբայրների դիմանկարների հիման վրա: Ազգականների օգնությամբ Պարսամյանցը մի քանի անգամ սրբագրեց գծանկարը, սակայն չավարտեց այն՝ մահացավ թոքախտից։ Աշխատանքը շարունակեց ու երկար սպասված դիմանկարը վերջնական տեսքի բերեց երիտասարդ նկարիչ Չրաքյանը:
Տարիներ անց Ճաղարյանը Պարսամյանցի ստեղծած դիմանկարի մասին գրեց.
«Պարսամյանցը ձգտում էր նմանության: Դիմանկարը կարող էր բոլոր մանրամասնությունների մեջ չվերարտադրել բանաստեղծին, բայց ընդհանուր նմանություններն առկա էին»: Մինչդեռ Դուրյանի կենսագիր Արթուր Չոպարյանն ավելի խիստ էր գտնվել՝ նկարն անվանելով շինծու:
1957 թվականին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու «Պաղլա Պաշը» հայկական գերեզմանատան մի մասը, որտեղ նաև Դուրյանի գերեզմանն էր, պետությունը գնեց՝ գերեզմանի հարակից ճանապարհը լայնացնելու համար: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի կարգադրությամբ Դուրյանի գանգի ոսկորները հանվել են, իսկ մարմինը թաղվել է նույն գերեզմանատանը՝ ավելի խոր հատվածում:
Դուրյանի գանգի ոսկորները 1970 թվականի մայիսին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Ս. Մելիքսեթյանը փոխանցել է Անդրանիկ Ճաղարյանին՝ խնդրելով վերականգնել բանաստեղծի դեմքը:
Ճաղարյանը երկար է մտածել առաջարկն ընդունելու շուրջ: Իր վիճակը նա այսպես է բնութագրել Դուրյանի դեմքի վերականգնմանը նվիրված գրքում.
«Ոչ, դա ուրախության կամ հպարտության զգացում չէր, դա գուցե ամենից առաջ վախ էր: Այո՛, ես վախենում էի Դուրյանից, նրա անկրկնելի հմայքից, նրա արդեն հայտնի դիմանկարից: Ես գործ էի ունենալու Դուրյանի պայծառ հիշատակի հետ»:
Չնայած վախերին ու տարակուսանքին, Ճաղարյանը նույն ամսին սկսել է Դուրյանի դեմքի վերստեղծման աշխատանքները:
Գանգի ոսկորների միջոցով մարդու դեմքը վերականգնելու գաղափարը եղել է դեռևս 19-րդ դարի վերջերին: Հետագայում ապացուցվել է, որ մարդու ոսկրի մակերեսի ռելիեֆի ու նրա վրա գտնվող փափուկ հյուսվածքների հաստությունների միջև կա որոշակի օրինաչափություն: Դրանք ստուգվել են դիակային նյութի և կենդանի մարդկանց ռենտգենյան հետազոտությունների միջոցով: Այս մեթոդաբանությամբ անցյալ դարի 20-ական թվականներից ի վեր վերականգնվել են Լենկթեմուրի, Ալեքսանդր Նևսկու, Շիլլերի, Յուրի Դոլգորուկու և այլ գործիչների դեմքերը:
Ոսկրի մակերևույթի անհարթությունները որոշելու համար այն հետազոտվում է հատուկ մանրադիտակով: Սովորաբար, նիհար մկաններ ունեցող չոր դեմքն ունենում է հարթ մակերեսով, հղկված, փայլուն մակերևույթով գանգ՝ ոսկրի ցցուն կատարներով ու ոսկրաձողերի խիտ դասավորվածությամբ: Իսկ գեր դեմքի պարագայում ճարպային հյուսվածքը մտնում է ոչ միայն մկանների մեջ, այլև փոփոխում է ոսկրի մակերևույթը, ներծծվում է նրա մեջ, փխրունացնում և փոփոխում ոսկրի կառուցվածքը:
Դուրյանի դեմքը վերականգնելու համար Ճաղարյանը նախ փշրված ոսկրերից վերականգնել է գանգը: Գերեզմանը փորելու ընթացքում բրիչի հարվածից գանգը փշրվել էր: Գանգի պակաս մասերը նա վերականգնել է գանգի մյուս կեսի պատճենահանման, այնուհետև ոսկրաբեկորները հատուկ սոսնձով կպցնելու միջոցով: Որից հետո գանգի ոսկորների հիման վրա Ճաղարյանը կազմել է դիմագծերի սխեման ու սկսել է քանդակային վերականգնումը մոմի միջոցով: Մազերի երկարությունն ու սանրվածքի ձևը որոշելուց հետո էլ ավելացրել է մազերի հատվածը: Դուրյանի գանգն այդպիսով մնացել էր շերտերով հաջորդաբար ծածկված հատուկ մոմի տակ: Դիմաքանդակը գիպսից ձուլելուց հետո միայն գանգն ազատվել է մոմի շերտերից:
Դուրյանի գանգի ոսկորների մակերևույթի փոփոխությունները թույլ էին արտահայտված: Այս և այտոսկրերի աստիճանական հարթ պրոֆիլացումը Ճաղարյանին հիմք է տվել ենթադրելու, որ Դուրյանն ունեցել է միջին հաստության ծածկույթ ունեցող ցցուն, լայն այտեր, առաջ ցցված ծնոտով ու արտահայտված կզակով դեմք: Դուրյանի հայտնի դիմանկարը համադրելով գանգի գծանկարի հետ՝ երևում էր, որ Դուրյանի գանգն ավելի կարճ է ու լայն, քան դիմանկարը. այտերի և ստորին ծնոտի ծայրերը դուրս են գալիս նկարի վրա պատկերված դեմքի քունքային հատվածներից:
Հանրությունը դրական է գնահատել բանաստեղծի դեմքի վերականգնումը, իսկ Դուրյանի մասունքները 2012 թվականին զմռսվեցին Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ:
Հայաստանում Անդրանիկ Ճաղարյանը միակն էր, որ կիրառեց դեմքի վերականգնման այս մեթոդաբանությունը: Նրա ուսուցիչը մարդաբան-քանդակագործ Միխայիլ Գերասիմովն էր: Ճաղարյանի որդու՝ Վլադիմիր Ճաղարյանի խոսքով՝ Գերասիմովի մահից հետո (1970թ.) Ճաղարյանին հրավիրել էին Լենինգրադ՝ ղեկավարելու դեմքի պլաստիկ վերականգնման մարդաբանական լաբորատորիան: Ճաղարյանը հրաժարվել էր, փոխարենը լաբորատորիա էր բացել Հայաստանում:
«Լաբորատորիան սկզբից Բժշկական ինստիտուտում էր: Երբ եղան հաջողություններ պլաստիկ վերականգնման գործում, երբ Դուրյանի դեմքը վերականգնվեց, որոշվեց ստեղծել առանձին խումբ, որին հատկացրեցին առանձին սենյակ: Բժշկական ինստիտուտում խումբն աշխատեց մինչև տարածքի խնդիր առաջանալը: Դրանից հետո միայն խումբը տարան հնագիտության ինստիտուտ, բացվեց լաբորատորիան»,- պատմում է Ճաղարյանի որդին:
Ճաղարյանից հետո լաբորատորիայի վարիչը նրա ուսանող Միհրան Ալթունյանն էր: Անահիտ Խուդավերդյանի խոսքով՝ երբ լաբորատորիայում մնացել էր միայն ինքը, որովհետև մյուս աշխատողները մահացել էին, տեղափոխվել է Հնակենսաբանության և էթնոկենսաբանության խումբ: Լաբորատորիան դադարել է գործել:
«Հայաստանից ուրիշ ոչ ոք չգնաց սովորելու այս մասնագիտությունը, ոչ ոք չշարունակեց Ճաղարյանի գործը»,- ասում է Խուդավերդյանը:
Նրա սեղանին նախորդ օրվանից մնացած խնձորներ են, թարմ էկլեր ու 3000 տարեկան երկու մեծ ոսկոր: Անահիտ Խուդավերդյանը ոսկորների ուսումնասիրության միջոցով պարզում է մարդկանց ապրելակերպի, հիվանդությունների, ֆիզիկական զբաղվածության մանրամասները: Դրամաշնորհով ռենտգեն սարք է շահել, ոսկորների ռենտգենն է անում:
Սենյակից մեր դուրս գալու պահին Անահիտ Խուդավերդյանն ասում է.
«Եթե հանկարծ իմանաք, որ ինչ-որ մեկն ուզում է նման գործով զբաղվել, ուղարկեք մեզ մոտ, բայց ասեք, որ գիտնականները քիչ գումար են ստանում»:
Մեկնաբանել