HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 տարում Հայաստանում 279 փոխպատվաստում է արվել

«Ինձ մոտ լյարդի՝ անհայտ ծագման ցիռոզ ախտորոշեցին։ Էդ ժամանակ վիճակս արդեն շատ վատ էր, շատ էի նիհարել, ախորժակ ընդհանրապես չունեի ու շատ թույլ էի ինձ զգում»,- պատմում է Նուշիկ Շահբազյանը։

38 տարեկանում է միայն Նուշիկ Շահբազյանը սկսել  ուշադրություն դարձնել իր առողջական վիճակին։ Դրանից առաջ, գրեթե ինը տարի, զգացել է մշտական թուլություն, ախորժակի անկում և երբեմն ստամոքսի ցավեր է ունեցել, բայց դրանք պարզապես հոգնածության հետ է կապել։ Լյարդի հիվանդությունները, ինչպես նա հետագայում իմացել է, կարող են տարիներ շարունակ մնալ աննկատ․այն հիմնականում չի ցավում։

Բժիշկների մշտական հսկողության տակ է եղել, պարբերաբար բուժումներ է ստացել, բայց ասում է՝ տուն էր գալիս, ու մեկ ամիս հետո վիճակը կրկին վատանում էր։ Հերթական բուժումներից մեկի ժամանակ հիվանդանոցում մի կնոջ է հանդիպել, որը լյարդի փոխպատվաստում էր ստացել։

«Իրեն որ էդպես առույգ, շատ լավ տեսա, հասկացա, որ գուցե դա է ճիշտը, ես էլ պիտի անեմ»,- պատմում է Նուշիկ Շահբազյանը։

Սկզբում որոշել են, որ քրոջ մոտ՝ Ռուսաստան պիտի գնա, այնտեղ վիրահատությունը անեն։ Բայց շփվելով փոխպատվաստված մի քանի բուժառուների հետ և ուսումնասիրելով նրանց փորձը՝ հստակ որոշել է, որ Հայաստանում կանի։

Վիրահատությունը 20 միլիոն դրամ է արժեցել, որից 3-ը փոխհատուցել է հիվանդանոցը. 5-ը պետությունն է տվել, զգալի մասը՝ եղբայրը, մի մասն էլ նվիրատվությամբ են հավաքել։

Այսօր՝ մի քանի տարի անց, Նուշիկը  լիարժեք կյանքով է ապրում: «Սկզբում ամիսը մեկ էի ստուգվում, հիմա՝ երկու ամիսը մեկ: 
«Քաշս նորմալացել է, մշտապես մի քանի դեղ եմ ընդունում, բայց դա ոչինչ չի նշանակում: Եթե փոխպատվաստում չանեի, հիմա չգիտեմ՝ ինչ կլիներ», – ասում է նա։

Հայաստանում լյարդի փոխպատվաստումն արժե 20 մլն դրամ, որից պետությունը փոխհատուցում է 5 մլն-ը, 3 մլն-ը՝ հիվանդանոցը, մնացած 12-ը վճարում է բուժառուն։ Երիկամի փոխպատվաստման համար անհրաժեշտ նախավիրահատական հետազոտությունները, հատուկ դեղամիջոցները և բուն վիրահատությունը միասին արժեն մոտ 7.5 մլն դրամ, որից պետությունը փոխհատուցում է 4 մլն-ը:

Հայաստանում ներկայում իրականացվում են երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստումներ։ Երիկամի և լյարդի վիրահատությունները արվում են միայն կենդանի, հիմնականում ազգակից դոնորներից։
2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը Հայաստանում կատարվել է 102 երիկամի և 13 լյարդի փոխպատվաստում։ Այս միջամտությունները իրականացվել են «Արաբկիր» ԲՀ-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ներգրավելով բարձրակարգ վիրաբուժական թիմեր և նորագույն տեխնոլոգիաներ։

Բժիշկների դիտարկմամբ՝ փոխպատվաստված հիվանդների մեծ մասը վերադառնում է սոցիալական և մասնագիտական ակտիվ կյանքին։ 
Նեֆրոլոգ, «Արաբկիր» ԲՀ-ի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Հելեն Նազարյանը նշում է, որ, եթե հեմոդիալիզի պայմաններում հիվանդների մեծ մասը չի աշխատում և դժվարությամբ է կարողանում պահպանել սովորական առօրյան, ապա երիկամի փոխպատվաստումից հետո իրավիճակը կտրուկ փոխվում է։ Շատերն են աշխատանքի վերադառնում, ընտանիք կազմում, իսկ կանայք՝ նույնիսկ մայրանում։
Վիճակագրությունը փաստում է, որ փոխպատվաստումը ոչ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է մահացության ցուցանիշները։ Օրինակ՝ հեմոդիալիզի երկարատև կիրառման դեպքում տարեկան մահացության մակարդակը զգալի է, մինչդեռ փոխպատվաստում ստացած հիվանդները տարիներ շարունակ կարող են ապրել լիարժեք կյանքով։

Եղջերաթաղանթի փոխպատվաստումները իրականացվում են դիակային դոնորներից, Եղջերաթաղանթը ներմուծվում է։ Մինչև 2021 թվականը պետական փոխհատուցումը կազմել է 175 000 դրամ, իսկ 2021 թվականից սկսած` 210 000 դրամ, իսկ փոխպատվաստման համար անհրաժեշտ եղջերաթաղանթի արժեքի փոխհատուցումը կատարվում է պացիենտների կողմից՝ համաձայն բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկատվության՝ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։

օրգաններ_1.png (67 KB)

2020 թվականի հունվարի մեկից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում պետական ֆինանսավորման չափը կազմել 33.7 մլն դրամ։ Այդ ժամանակահատվածում կատարվել է 164 վիրահատություն։

օրգաններ_2.png (65 KB)

Դիակային փոխպատվաստումները Հայաստանում սկսվել են 1991-ին, պրոֆեսոր Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում օրգանները բերվում էին Լենինգրադից (ներկայիս՝ Սանկտ Պետերբուրգ)։ Սակայն 1994-ից հետո դիակային փոխպատվաստումները դադարեցին՝ օրենքի փոփոխությամբ պայմանավորված։

«Դիակային փոխպատվաստումների գործընթացը վերսկսվել է միայն 2002 թվականին, երբ Հայաստանում ընդունվեց համապատասխան օրենքը։ Բայց հանրությունը, այդ թվում բժիշկների մի մասը, դեռ բավարար տեղեկացված չէին։ 1994 թվականին վերջին անգամ Հայաստանում իրականացվել է դիակային փոխպատվաստում հայ դոնորից՝ հայ հիվանդի համար։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում դիակային փոխպատվաստում այլևս չի կատարվել»,- նշում է նեֆրոլոգ Հելեն Նազարյանը։

Չնայած գործող օրենքը թույլ է տալիս դիակային դոնորությունից օգտվել, և տեխնիկական միջոցները հասանելի են, գործնականում  չի արվում։ Օրենսդրությամբ սահմանված է, որ եթե անձը կյանքի ընթացքում գրավոր չի հրաժարվել դոնոր լինելուց, ապա մահվան դեպքում համարվում է պոտենցիալ դոնոր, և նրա հարազատների համաձայնությամբ կարող է սկսվել փոխպատվաստման ընթացքը։ Հավանական է, որ առաջիկայում ստեղծվի միասնական ռեեստր այն անձանց վերաբերյալ, որոնք հրաժարվել են դոնոր լինելուց։

«Եթե անձը գրավոր կարգով չի հրաժարվել դոնոր լինելուց, ապա համարվում է պոտենցիալ դոնոր։ Այսինքն՝ եթե նա նախապես գրանցված չէ որպես հրաժարված անձ, և հարազատներն էլ տալիս են համաձայնություն և հաստատում են, որ նա դրան դեմ չէր՝ նույնիսկ եթե միայն բանավոր է հայտնել, որ պատրաստ է օգնել, մարդկանց կյանքը փրկել, ապա գործընթացը կարող է սկսվել»,- ասում է Հելեն Նազարյանը։

Դեռ 2024-ի մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

Կոնվենցիան հստակ սահմանում է, թե երբ և ինչպես կարելի է վերցնել օրգան կամ հյուսվածք կենդանի դոնորից․ դա թույլատրվում է միայն ստացողի բուժման համար և միայն այն դեպքում, երբ մահացած դոնորից համապատասխան օրգան կամ հյուսվածք հնարավոր չէ ստանալ, իսկ այլ բուժման տարբերակ, որ նույնքան արդյունավետ լինի, գոյություն չունի։ Բացի դրանից, դոնորը պետք է իր համաձայնությունը տա հստակ, գրավոր և պաշտոնական մարմնի ներկայությամբ։
Փաստաթուղթը նաև պաշտպանում է այն մարդկանց, ովքեր համաձայնություն տալու կարողություն չունեն։ Նրանցից օրգան կամ հյուսվածք վերցնելը արգելված է, բացառությամբ օրենքով նախատեսված հազվագյուտ դեպքերի, երբ խոսքը վերաբերում է վերականգնվող հյուսվածքի (օրինակ՝ ոսկրածուծի) նվիրատվությանը։ Նման իրավիճակներում պետք է միաժամանակ պահվի մի քանի պայման․ այլ համապատասխան դոնոր չլինի, ստացողը լինի դոնորի եղբայրը կամ քույրը, նվիրատվությունը կարող է փրկել ստացողի կյանքը, տրված լինի լիազորված մարմնի թույլտվությունը, և դոնորը անձամբ չառարկի։

Կոնվենցիան խստիվ արգելում է օրգանների վաճառքը․ մարդու մարմինը և դրա մասերը չեն կարող լինել եկամտի աղբյուր։ Եթե օրգանը կամ հյուսվածքը վերցվել է մեկ նպատակով, այն այլ նպատակով կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ պահպանվել են ամբողջական տեղեկության տրամադրման և համաձայնության ընթացակարգերը։

Փոխպատվաստման գործընթացը կախված է բազմաթիվ օղակներից։ Այն սկսվում է ռեանիմատոլոգից, որը պետք է արձանագրի ուղեղային մահը և տեղեկացնի փոխպատվաստման պատասխանատուներին։ Սակայն, բժշիկներից շատերը, ըստ Հելեն Նազարյանի, չեն ցանկանում մասնակցել այս գործընթացին՝ ծանրաբեռնվածության, հոգեբանական ճնշման և հանրային արձագանքների մտահոգությունների պատճառով։

Բացի մասնագիտական դժվարություններից, կա նաև հասարակական ընկալման խնդիր։ Պատերազմները, կորուստները և համավարակը խորացրել են մարդկանց անվստահությունը բժիշկների հանդեպ։ 

«Որոշ միֆեր, անհիմն վախեր կան մեր հասարակությունում, որոնք խանգարում են բնականոն գործընթացին»,- նշում է Նազարյանը։

Չնայած տարածված միֆերին ու վախերին, փորձը ցույց է տալիս՝ փոխպատվաստումն ավելի արդյունավետ է, քան երկարատև և հաճախ արդյունք չտվող բուժումները։ Դիակային փոխպատվաստման պարագայում մեկ դոնորը կյանքից հետո կարող է մի քանի մարդու տալ ապրելու և լիարժեք կյանք վերադառնալու հնարավորություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter