
Քննիչները պահվող գումարը ծախսել են, ոսկյա շղթան գրավադրել բանկում, իսկ թմրանյութերը՝ ծխել. իրեղեն ապացույցների հափշտակում
Հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող քննիչները, Ոստիկանության ծառայողները երբեմն չեն դիմանում «գայթակղությանը» և հանցագործության մասնակից են դառնում՝ գողանալով իրենց մոտ պահվող, իրեղեն ապացույց ճանաչված, թանկարժեք իրերը, դրամը կամ թմրամիջոցները:
Իրեղեն ապացույցների հափշտակման 13 վարույթ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում
2021թ. հոկտեմբերի 23-ից 2025թ. հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում իրեղեն ապացույցների անհետացման կամ հափշտակման վերաբերյալ նախաձեռնվել է 13 քրեական վարույթ, որից մեկը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք՝ 2021թ. հոկտեմբերի 23-ին դադարեցվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) գործունեությունը, և ստեղծվել է նոր մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: ՀՔԾ-ից Հակակոռուպցիոն կոմիտե են փոխանցվել միայն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը, ուստի իրեղեն ապացույցների հափշտակման վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն 2018-2021թթ. ընթացքում քննված և ավարտված քրեական գործերով տեղեկատվության չի տիրապետում:
2023թ. նախաձեռնվել է 3 քրեական վարույթ, 2024թ-ին՝ 7 քրեական վարույթ, իսկ, 2025թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ 2:
2024թ. 2 անձի վերաբերյալ մեկ քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Մեղադրյալի աթոռին հայտնվել են Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննիչները:
Քաղաքացիներից մեկի՝ գողության վերաբերյալ ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել երկու քաղաքացի, որոնց մոտ հայտնաբերվել է մոտ 164 հազ. դրամ և ոսկյա շղթա՝ խաչով:
Նախապատրաստված նյութերը և փաթեթը 2022թ. հուլիսի 8-ին ստացվել են Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին և վերադասի կողմից հանձնվել է նույն բաժնի քննիչ Լյովա Թորոսյանին:
Քննիչը հափշտակել է իր տնօրինմանը և տիրապետմանը փաստացի հանձնված 164 000 դրամը և 333 000 դրամ արժողությամբ 20,8 գրամանոց ոսկյա շղթան՝ խաչով: Նա գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ ոսկյա զարդը՝ որպես 291 000 դրամ վարկի ապահովման միջոց, գրավադրել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում:
Պարզվում է, սա միակ դեպքը չի եղել այդ քննիչի մասնակցությամբ: 2023թ. մայիսի 17-ին Արաբկիրի բաժնից քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ հաղորդումը՝ կից փաստաթղթերով և փաթեթներով ուղարկվել է Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին և մակագրվել քննիչ Լ. Թորոսյանին:
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 425 000 դրամ և 1400 ԱՄՆ դոլար: Սակայն, ըստ մեղադրանքի՝ քննիչն այդ գումարը հափշտակել և օգտագործել է անձնական կարիքների համար:
Հակակոռուպցիոն դատարանի 2024թ․ հունիսի 14-ի դատավճռով Լ․ Թորոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով զրկելով նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Այդ ընթացքում նա վերականգնել է պատճառված վնասը: Սակայն, դատարանը ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Նույն քրեական վարույթով մեղադրանք է առաջադրվել նաև քննիչ Էդգար Մովսիսյանին: Սակայն, նրա վարույթն առանձնացվել է քննիչ Լ. Թորոսյանի գործից և ուղարկվել ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ քննության:
Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանությունից Արաբկիրի քննչական բաժին են ուղարկվել շագանակագույն-դարչնագույն թութունանման զանգվածով ծանրոց հայտնաբերելու վերաբերյալ կազմված զեկուցագիրը և կից փաստաթղթերը, որը մակագրվել է քննիչ Է. Մովսիսյանին:
Քննիչը դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերել է 259,54 գրամ հաստատուն քաշով թմրամիջոց։ Փորձագետի եզրակացությունը և թմրամիջոցը պարունակող կնքված փաթեթը Արաբկիրի քննչական բաժնում հանձնվել է քննիչ Է. Մովսիսյանին:
Մեղադրանքի համաձայն՝ քննիչը հափշտակել է նշված թմրամիջոցից 132.6 գրամը և այն ծխելու եղանակով օգտագործել է:
Մեկ այլ դեպքով էլ քաղաքացու անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 0.54 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուաննա տեսակի թմրանյութ: Այն հանձնվել է վարույթը քննող քննիչ է. Մովսիսյանին, որը ևս ծխելու միջոցով օգտագործել է: Քննիչ Մովսիսյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի դատաքննությունը շարունակվում է:
Իրեղեն ապացույցների հափշտակության 4 դեպք՝ Ոստիկանության բաժիններում
Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) ենթակա ստորաբաժանումներում 2018թ. մինչև 2025թ. առաջին կիսամյակում գրանցվել է իրեղեն ապացույցների հափշտակության 4 դեպք:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններից մեկի հետախուզության գծով ավագ օպերլիազոր Ռուբեն Ասատրյանը 2021թ. ապրիլի 9-ին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնից գրությամբ ստացել է հետախուզվող քաղաքացու վերաբերյալ կազմված փաստաթղթերը՝ հասցեագրված նույն բաժնի պետին: Գրությանը կից եղել է քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերված, փաթեթավորված և կնքված 600 ԱՄՆ դոլար, 43 000 դրամ, ինչպես նաև 10 000 դրամ արժողությամբ գոտի։ Դրանց վերաբերյալ ուղեկցական գրության մեջ եղել է նշում՝ «առդիր՝ նյութերը՝ 8 թերթից և երկու փաթեթ, կնքված վիճակում» գրառմամբ:
Ըստ մեղադրանքի՝ ավագ օպերլիազորը բաժնի պետի անունից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին և Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետին հասցեագրված գրության մեջ դիտավորությամբ չի ներառել քաղաքացու մոտ հայտնաբերված իրերի և գումարի վերաբերյալ տեղեկությունը: Կատարել է միայն «առդիր նյութերը՝ «21 թերթից» գրառումը: Փաստաթղթերը վարույթն իրականացնող մարմնին են հանձնվել առանց փաթեթների՝ ինչի արդյունքում օպերլիազորը յուրացման եղանակով հափշտակել է 600 ԱՄՆ դոլարը, 43 000 դրամն ու 10 000 դրամ արժողությամբ գոտին:
Ոստիկանության ծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով վստահված գույքը հափշտակելու հատկանիշներով:
Քրեական գործը 2023թ. դեկտեմբերից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում և վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել:
Մեկ այլ դեպքով Քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնի կողմից արգելանքի տակ գտնվող «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան, Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքից, 2025թ. մարտի 21-ին վարորդի կողմից հափշտակվել է: Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում։
Նմանատիպ դեպք էլ գրանցվել է 2025թ. մայիսի 5-ին՝ Վաղարշապատում: Ոստիկանության ՀՈԳՎ Վաղարշապատի բաժնի հարակից տարածքից քրեական վարույթով իրեղեն ապացույց հանդիսացող ավազակոպճային խառնուրդով բեռնված «ՀՈՎՈ» և «ՇԱԽՄԱ» մակնիշի ավտոմեքենաները վարորդների կողմից հափշտակվել են: Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը շարունակվում է:
Տարիներ շարունակ Ոստիկանության Վաղարշապատի բաժինը հեռվից հիշեցնում է մետաղի ջարդոնի ընդունման կետ: Վթարված ավտոմեքենաները, որոնք պետք է պահվեն Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, կայանվել են բաժնի դիմացի մայթի ամբողջ երկայնքով՝ ընդգրկելով նաև այլ օբյեկտների մերձակա տարածքները:
Իսկ 2024թ. հոկտեմբերի 30-ին Ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածքից անհայտ անձը գողացել է իրեղեն ապացույց հանդիսացող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտվում է նախաքննության փուլում։
Քննչական կոմիտեն և Դատախազությունը վիճակագրություն չեն վարում
Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ իրենց մոտ հայցվող տեղեկատվության վերաբերյալ վիճակագրություն չի վարվում: Նմանատիպ պատասխան ստացվել է նաև Գլխավոր դատախազությունից:
Սա այն դեպքում, երբ հանրությանը ցնցեց Քննչական կոմիտեից 2025թ. մայիսի 20-ին 590 000 դոլարի հափշտակման լուրը: Վերը նշված դեպքերով էլ աչքի են ընկնում Քննչական կոմիտեի քննիչները:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Գրիգորյանը մուտք է գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենք ու գիշերը՝ ժամը 05։20 րոպեին, կրկնօրինակած բանալիով մտել քննիչի աշխատասենյակ, բացել չհրկիզվող պահարանի դուռը, հանգիստ վերցրել որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը, որը համարժեք է մոտ 227 մլն 185 հազ. դրամի, և սպասել լույսը բացվելուն։ Շենքում 16 ժամ մնալուց հետո, նույն հանգստությամբ, տարածքից դուրս է եկել մինչև աշխատանքային օրվա սկիզբը՝ ժամը 08:20-ին:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արման Խաչատրյանը պարզաբանել էր, որ գործել է հանցավոր խումբ։ Գողությունը կազմակերպել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, սակայն բուն գործողությունը կատարել է Է. Գրիգորյանը։
Ըստ մեղադրանքի՝ Թադևոսյանը Էդգար Գրիգորյանին է տվել քննիչ Սուրեն Հակոբյանի աշխատասենյակի մուտքի դռան և չհրկիզվող պահարանի բանալիները, ինչպես նաև նույն վարչության քննիչ Արկադի Աղաջանյանի վարչության շենք մուտք գործելու անցաքարտի կրկնօրինակը, որի օգնությամբ էլ մտել է շենք:
Գիշերային ժամին բացել է վեցերորդ հարկում գտնվող քննիչ Սուրեն Հակոբյանի թիվ 617 աշխատասենյակի դուռը, այնուհետև՝ չհրկիզվող պահարանը, որտեղից գաղտնի հափշտակել է այնտեղ պահվող 590 000 ԱՄՆ դոլար գումարը և մայիսի 21-ի առավոտյան դուրս եկել շենքից: Հանդիպելով Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչ Սահակ Պետրոսյանին՝ հայտնել է, որ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետերից Գոռ Թադևոսյանն իր ընկերն է: Քննիչը նշված հանգամանքը պարզելու նպատակով զանգահարել է Գոռ Թադևոսյանին։
Մեղադրանքի համաձայն՝ Գ. Թադևոսյանը քննիչին հայտնել է, որ տվյալ անձն իր ընկերոջ եղբայրն է՝ Արթուրը, որից հետո Է. Գրիգորյանը անխոչընդոտ հեռացել է դեպքի վայրից և Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել 590 000 ԱՄՆ դոլար գումարը։
2025թ. հուլիսի 4-ին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ քննությունը շարունակվում է:
Ներկայացվածը չի արտացոլում իրեղեն ապացույցների հափշտակման ամբողջական պատկերը: Ազգային անվտանգության ծառայությունից մեզ հայտնել են, որ 2024թ. հունվարի 1-ից ԱԱԾ-ն նախաքննություն չի իրականացնում, և ապացույցների հափշտակմանը վերաբերող «հայցվող տեղեկատվություն առկա չէ»: ԱԱԾ-ն տեղեկատվություն չի տրամադրել նաև դրան նախորդող 6 տարվա վերաբերյալ, քանի որ հարցրել էինք 2018-2025թ. առաջին կիսամյակի ընթացքում իրեղեն ապացույցների անհետացման, գողության կամ որեւէ այլ եղանակով հափշտակման մասին։
Բացի այդ, ո՛չ Գլխավոր դատախազությունից, ո՛չ Քննչական կոմիտեից չենք կարողացել տեղեկատվություն ստանալ՝ վիճակագրություն չվարելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, օրենքը չի նախատեսում վիճակագրություն չվարելու հիմքով տեղեկատվության տրամադրման մերժում: Ի դեպ, Դատախազության դեպքում սա կարծես թե դարձել է օրինաչափություն․ հաճախ են օգտվում վիճակագրություն չվարելու «հնարքից»:
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
Մեկնաբանել