HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

...Պէտք է նորէն նստինք ու նորէն մտածենք… Պէտք է խելքի գանք վերջապէս. Լևոն Շանթ (մաս 4)

սկիզբը

Չեմ կրնար շնչել առանց աշխատելու…

 1929-ին Կահիրեում Համազգային Կրթական եւ Մշակութային միություն հիմնադրելուց հետո, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանի հետ, տեղափոխվեց Բեյրութ: Այստեղ մեծ գործեր էին սպասում: Ամիսներ անց հիմնվեց Հայ Ճեմարանը: Շանթը  ցկյանս տնօրենն էր: Աղբալեանը նրա կողքին էր: Ամեն անգամ դասարան էր մտնում աշխույժ, թեթև, ժպիտով, չնայած ճերմակած մազերին: Նա խոնարհվում էր իր աշակերտների առջև, և հնչում էր նրա ուժեղ, մետաղյա ձայնը՝ «տղա՛քս...»: Դասաժամի ավարտին՝ լսարանից դուրս գալիս, կրկին խոնարհվում էր նրանց առջև: Նրա դասավանդած նյութի արձագանքը շարունակում էր մնալ աշակերտների հոգիներում: «Այս չէ՞ միթէ մանկավարժութեան մեծագոյն յաղթանակը»,- հարցնում է Շանթի աշակերտ Մուշեղ Իշխանը:   

Աշակերտը մարդ մըն է եւ ընկեր մը

Սա իր հավատամքն էր, որ պիտի հստակ ընդունվեր ուսուցիչների ու նաև ծնողների կողմից: «Ամեն ծնող ու դաստիարակ իր փոքրիկին ու իր զաւակին հանդէպ երբեք մոռանալու չէ, որ իր դէմը կեցողը տարիքով դեռ փոքրիկ, փորձառութեամբ դեռ տկար, բայց սեփական հոգիով, իր սեփական դատումով արդէն զատ ու որոշ աստիճանի կազմակերպըւած մարդկային անհատ մըն է.… Փոխանակ զաւկի մը բնական զարգացմանը նպաստելու, կը խանգարենք, կը դժուարացընենք իր բացումն ու աճումը, երբեմն նոյնիսկ կ’այլանդակենք. Ասիկա է ամենէն մեծ վնասը, որ կը հասցընենք փոքրիկին»: Շանթը ուսման, կրթության  հարցերին նվիրված իր ռազմավարական աշխատության մեջ, ի թիվս շատ այլ կետերի, մի ամբողջ գլուխ է նվիրել   աշակերտական ընդհանուր պարտականություններին՝ անդրադառնալով դպրոցի հանդեպ կարևորության, պարտաճանաչության, դպրոցի գույքի նկատմամբ հոգատարության, սեփական  արտաքինի, շարժուձևի, խոսվածքի հարցերին. «Հայհոյանքը կեղտոտ բան է, կոշտ ու կոպիտ խօսուածքը՝ գռեհկութիւն, իսկ աւելորդ խօսուածքն ու շատախօսութիւնը տափակացումն է մտածումին ու արտայայտութեան: Աշակերտի մը շրթունքէն հայհոյանքը, կեղտոտ ու անպատկառ խօսքերը ...ոչ միայն աշակերտը կ’ստորացնէն, այլեւ անոր պատկանած հաստատութիւնն ու համայնքը»: Ինչ ճիշտ է բնութագրում. Հայհոյողը ոչ միայն ինքն իրեն է ստորացնում, այլև այն հաստատությունը, որտեղ գործում է՝ լինի դպրոց, կամ մի ամբողջ պետություն:

Համառը...

Շանթը իր կարգուկանոնը հաստատեց Ճեմարանում: Այն տաճար էր իր համար, և այդ գաղափարը ներարկում էր  սաների մեջ և՝ ոչ միայն: Երբ զանգը հնչի և դասը սկսվի «դասարանը եկեղեցիի պէս սրբավայրի մը կը վերածուի, որուն արարողութիւնը, այսինքն՝ դասավանդումը որևէ պատճառով պէտք չէ ընդմիջուի....», ճիշտ այնպես, ինչպես պատարագիչ քահանան չի կարող ընդմիջել պատարագի ծեսը: Երբեմն Շանթի սկզբունքայնությունը այնքան քարացած և անպատեհ էր լինում: Նա հրաժարվում էր դրանք «սրբագրել» որևէ չկանխատեսված հանգամանքով անգամ: Նույնիսկ թույլ չտվեց, որպեսզի Կիլիկիոյ կաթողիկոս Սահակ Բ. Խապայեանի մահվան կապակցությամբ,  ի հարգանս  հանգուցյալ Վեհափառի, Հայ Ճեմարանն էլ դադարեցնի դասերը, ինչպես որ արել էին Բեյրութի մյուս բոլոր հայկական վարժարանները՝ «Ինչ հարկ կայ դպրոցը փակել, ինչո՞ւ դասերը տուժեն»: Նիկոլ Աղբալեանը չէր ընդունում  ընկերոջ այս անդրդվելի համառությունը: Այդ օրը նա՝ ընդդիմանալով Շանթին, չեղարկեց իր դասերը :

Երբեմն փորձում էին համոզել Լևոնին թողնել մանկավարժությունը, որ այդքան ժամանակ է խլում իրենից, և ամբողջապես զբաղվել գրականությամբ: Իսկ Շանթը բացատրում էր. «Գրականութիւնը լիւքս է», ում համար գրի, եթե սրանից 25-50 տարի հետո ընթերցող չի մնալու: Իսկ մանկավարժությունը կարող է գրագետ սերունդներ պատրաստել, ապագայի ընթերցողներ: Այնպես որ, ուսուցչի առաքելությունը  հեռուն տեսնելն է, ապագայի համար աշխատելը:

 Իսկապէս մեղք եղաւ Վիգէնին...

Լևոնի և Ջավահիրի միջնեկ որդին, 2-րդ պատերազմի ժամանակ, նշանածի հետ Բեռլինում էր,երբ ռումբը ոչնչացրեց այն շենքը, որտեղ գտնվում էին: Սոսկալի լուրն առնելու հաջորդ օրն իսկ Շանթը եկավ դպրոց: Ուսուցիչները հավաքվեցին նրա աշխատասենյակում՝ ցավակցելու. «Այո՛, ցաւալի է. իսկապէս մեղք եղաւ Վիգէնին, խոստումնալից, լաւ տղայ էր. Ամբողջ ապագայ մը ունէր իր առջեւ»: Ի՛նչպես կարող էր 3-րդ դեմքով խոսել սեփական զավակի ողբերգական մահվան մասին՝ զարմացած էին  գործընկերները: Շանթը սկսեց ինքը մխիթարել նրանց՝ թե  կյանքը կռիվ է, որ կյանքի բնական վիճակները ոչ թե խաղաղության շրջաններն են, այլ պատերազմի և այն: Բայց ով գիտեր, թե ինչ էր կատարվում իրականում նրա հոգում: «Հիանա՞լ, թէ ըմբոստանալ...»,-տարակուսում է Մուշեղ Իշխանը, որ արդեն որպես ուսուցիչ ծառայում էր Ճեմարանում:

Կանգնած, ձախից առաջինը՝ Վազգեն Շուշանեան, 3-րդը՝ Վիգեն Շանթ (2).png (51.24 MB)

Կանգնած` ձախից` 1-ին Վազգեն Շուշանեան, 3-րդ Արծրունի Սիրունեան, 4-րդ Վիգէն Շանթ, նստած` Լեւոն Նայիրցի, Գերասիմ Բալեան

Հակադիր երկվորյակներ. Շանթ և Աղբալեան

Երկու լավագույն ընկերներին այսպես բնութագրողը Հայ Ճեմարանի երբեմնի սան, գրող Անդրանիկ Ծառուկեանն է: Երբ «Ազգային վիճակահանության» տոմսերը մեջտեղ ելան, շատերը սկսեցին խաղալ՝ հանկարծ հարստանալու հույսով: Անգամ Ն. Աղբալեանը, որ, ինչպես ասում են «կը դողար իր դահեկաններուն վրայ», երբեմն տոմսակ էր գնում.

-Ի՜նչ իմանաս, մէկ էլ տեսար յանկարծ զարկաւ մեծ պարգեւը,- ասելով:

Մինչդեռ Շանթը երբեք չտրվեց այդ գայթակղությանը.

-Ես ամէն ամիս տասը ոսկի կը շահիմ տոմսակ չգնելով:

 Սխալ ախտորոշման 40 ամյա զրկանքը

Նա ուներ որևէ  գայթաղկության չտրվելու կամքը: Լյարդի որոշ տագնապներով երիտասարդ տարիքին դիմել էր բժշկի: Խստիվ արգելել էին յուղոտ և տապկած կերակուր ուտել: Իբրև օրինապահ մարդ՝ 40 տարի անշեղորեն հետևեց բժիշկների ցուցումին, նաև երբեք չծխեց և չխմեց: Այս կամ այն սեղանի շուրջ նստած, հատկապես հյուրընկալող տանտիկինները, աղաչում էին Շանթին համտեսել իրենց շտկած սեղանի բարիքները, համոզում էին, թե մի փոքր կտորը չի կարող ավերել ստամոքսը կամ լյարդը: «...հարցը սկզբունքն է. եթէ մէկ պատառ առնեմ՝ ետեւէն երկրորդը պիտի գայ եւ սկզբունքը պիտի խախտի»: Արդեն գրեթե  80 տարեկան էր, երբ Հայ Ճեմարանի նյութական հարցերով մեկնեց Ամերիկա: Վաղամեռիկ Նշան Փալանճեանի քույրերը՝ Անուշը և Պայծառը, արդեն 20000 անգլիական ոսկի էին նվիրաբերել հաստատության համար նոր շենք ձեռք բերելու նպատակով՝ պայմանով, որ այն կոչվի իրենց եղբոր անունով: Ճեմարանի մյուս կարիքների համար հանգանակության  նպատակով, ահա, Շանթը մեկնեց Ամերիկա: Առիթից օգտվելով, գնաց ստուգման: Պարզվեց, միանգամայն առողջ  լյարդ և ստամոքս ունի: «Երեւակայեցէք, ի զուր տեղը  քառասուն տարի ինքզինքս զրկել եմ համով ուտելիքներէ, ի զուր տեղը փախուստ եմ տուէր ճոխ սեղաններէ»:

 Բայց, այնուամենայնիվ հիվանդությունը գտավ նրան

Դեղնություն էր գալիս վրան: Կասկած ուներ, թե լեղապարկի քարերի պատճառով է: Շանթը պնդեց վիրահատության: Մինչդեռ բժիշկները վատ կասկածներ ունեին: Տեղափոխվեց Բեյրութի Ամերիկյան հիվանդանոց:«Աշխատելու կարողութիւն մաղթեցէք, աշխատանքէ զրկուած ապրիլը անիմաստ է: Կ’ուզեմ մեռնիլ այն օրը որ չկարենամ աշխատիլ»: Գործողությունը արեցին: Պարզվեց, քաղցկեղ ունի: 1951 թվականն էր: Տուն եկավ, ամբողջովին լծվեց Ճեմարանին կից մանկապարտեզ հիմնելու գործին: Երազում էր սերունդ  պատրաստել հենց մանկապարտեզի տարիքից: Այդ ժամանակ, Ամերիկայից մի քանի  օրիորդներ էին եկել Ճեմարան հայերեն ուսանելու: Նրանց մեջ մեկը կար, որ կազմակերպչական մեծ ձիրք ուներ: Շանթը նրան վստահեց մանկապարտեզի հիմնադրման գործը:  Մի տաք, բարի ալիք անցավ նրանց միջև: 80 տարեկան մարդ էր, քաղցկեղը ներսում, բայց միանգամից ջահելացավ: Ամռան արձակուրդներին օրիորդը վերադարձավ Ամերիկա: Շանթը սպասում էր նրան՝ մտքի մեջ ստեղծելով իր նոր թատերախաղը. «Առաջին արար՝ հանդիպում, ծրագրի պատրաստութիւն, գաղափարով  յափշտակուած հոգիներու խանդավառութիւն: Երկրորդ արար՝ աշխատանք եւ իրագործում: Երրորդ արար՝...Է՜հ, ի՛նչ օգուտ, ա՛լ ուշ է, ա՛լ երբեք չի գրուիր այդ թատերախաղը...»: Թատերախաղը չգրվեց, աղջիկը  չվերադարձավ: Շանթի ուժերը ջլատվեցին, նա կորցրեց ապաքինվելու դրդապատճառը: «Ի՞նչ ընենք, ա՛յս է կեանքը...»:  

Կեանքը իր ճամբով, մահը իր ճամբով...

Մահաքնից 4-5 օր առաջ դեռ աշխատում էր: Գրիչ շարժելու անկարող էր, բայց միտքը սթափ էր և  իր աշակերտներից մեկին թելադրում էր Մանկավարժությանը վերաբերող գրքի 2-րդ հատորը: Երեք ամսվա կյանք էր ուզում ավարտելու այն: Ավաղ: «Շանթ անհաւատ ապրեցաւ ու անհաւատ ալ մեռաւ, հակառակ վերջին օրերու Նարեկին: Միակ բանը, որուն անմահութեանը իսկապէս կը հաւատար, մարդուս գործն էր»,- գրեց Մուշեղ Իշխանը: Բեյրութի Ազդակը 1951թ. Նոյեմբերի 30-ի համարի առաջին էջում 2 բոթ տպագրեց: Մեկով հայտնում էր, որ վախճանված է «Դաշնակցութեան մեծագոյն դէմքերէն Ռուբեն Տէր Մինասեան» Նոյեմբեր 27-ին, 1951, Փարիզի մեջ:Երկրորդ տխրունին վերաբերում էր մեր հերոսին. «Ընկեր Լեւոն Շանթի առողջական վիճակը այս առաւօտ աւելի ծանրացած է: Մեծանուն ընկերը կորսնցուցած է իր գիտակցութիւնը եւ բոլորովին անշարժութեան մատնուած: Հոգեվարքը սկսած է արդէն եւ հիւանդը կ’ապրի իր վերջին ժամերը»: Մինչ թերթի այս համարը տպարանից դուրս կգար, Լևոն Շանթն արդեն հեռացել էր, Նոյեմբեր 29-ի կեսօրից հետո: Դեկտեմբեր 2-ին հուղարկավորությունն էր: Թերթերը գրեցին. «Հակառակ անձրեւին հազարաւոր սգակիրներ կը հետեւին մեծ հանգուցեալի դագաղին: Մեծ դաստիարակին աշակերտները ձեռամբարձ կը տանին իրենց վարպետի դագաղը»: 82 տարեկան էր, իր հորինած  տարեթվով՝  81: Իր սիրած կլոր թիվը չստացվեց: Բայց դա արդեն էական էլ չէր:

«...Մեր երկիրը զէնքով տիրուած աշխարհ մըն է ռուսի համար: Կռիւով խլուած հողեր ուրիշ պետութիւններէ կը կառավարուին ու կը պահուին ուժեղի իրաւունքով: Աս է հիմա աշխարհիս երեսին դեռ ամեն տեղ ալ մարդկութեան ըմբռնած ու գործադրած քաղաքակրթութեան աստիճանը. Միապէտ ըլլայ թէ բազմապէտ, ընկերվարական ըլլայ թէ համայնավարական՝ տիրապետութեան տեսակէտէն բոլորի ալ սկզբունքը նոյնն է՝ իրաւունքը թնդանօթին բերանն է»:

Ուրեմն՝

«Պէտք է հայութիւնը փոխէ իր ընթացքը, պէտք է վերաքննութեան ենթարկե՛նք «հին արժեքները», հին ձգտումները, մեր բոլոր ուզածը, մեր բոլոր ըրածը: Նո՛ր, պէտք է նորէն նստինք ու նորէն մտածենք: Պէտք է խելքի գանք վերջապէս»:

Կգա՞ այն օրը, երբ մեր կյանքի մասին խոսենք սահմանական եղանակով. օրինակ՝ Խելքի ենք եկել վերջապես:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter