HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ակտիվացնել հանրային կառավարման բարեփոխումները

Հանրային կառավարման բարեփոխումներն (ՀԿԲ) անհրաժեշտ են Հայաստանի պետական կառավարման համակարգի զարգացման և աշխատանքային մշակույթի բարելավման համար։ ԱՊՐԻ Արմենիան կարծում է, որ կարիք կա պետական և հանրային ռեսուրսներն ավելի կենտրոնացնելու այս հարցի շուրջ, որը հաճախ անտեսվում է՝ չնայած իր առանցքային կարևորությանը` առավել զարգացած և ուժեղ երկիր կառուցելու ճանապարհին։

ԱՊՐԻ Արմենիան վերջերս հրապարակեց հետազոտական զեկույց՝ գնահատելով Հայաստանի Հանրային կառավարման բարեփոխումների (2022-2030) ռազմավարության իրականացման ընթացքը և առաջարկելով լուծումներ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Սա թեմայի վերաբերյալ առաջին զեկույցն է, որն իրականացվել է անկախ հետազոտական ինստիտուտի կողմից։ Թեև հանրային կառավարման խնդիրները բարդ և համակարգային են, այս հոդվածում ուշադրություն է դարձվում երեք առանցքային հարցերի, որոնց ուղղությամբ կառավարության ջանքերը կարող են էական արդյունքներ ունենալ։

ՀԿԲ խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը

Նախ և առաջ, Հանրային կառավարման բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ է կառավարման հետևողականություն։ Ըստ ԱՊՐԻ Արմենիայի հետազոտության՝ ՀԿԲ ռազմավարության իրականացման հիմնական խնդիրներն են ընդհանուր պատասխանատվության անորոշությունը և կառավարման ու վերահսկողության հատվածայնությունը։ Բարեփոխումների բարեհաջող իրականացման և վերահսկողության համար կարևոր է առանձին մարմին կամ միավոր ունենալը, որը կար ռազմավարության մշակման սկզբնական շրջանում։ Նաև, մեր հետազոտական հարցազրույցները և պաշտոնական հրապարակումների ուսումնասիրությունը վկայում են, որ բարեփոխումների իրականացման փուլում կառավարության կողմից ավելի շատ ներգրավվածության և առաջնորդության անհրաժեշտություն կա:

Այլ երկրների փորձը հուշում է, որ հատուկ ստեղծված կառույցներն օգնում են հանրային կառավարման բարեփոխումների ավելի արդյունավետ իրականացմանը, մասնավորապես՝ ռազմավարությունների հետևողական և համակարգված առաջնորդմանը և վերահսկողությանը։ Նման մարմնի տարածված օրինակ է հանրային կառավարման բարեփոխումների խորհրդի ստեղծումը, որը կիրառվում է, օրինակ՝ Վրաստանում, Մոլդովայում և Սերբիայում։ Հայաստանի դեպքում այն կարող է օգնել լուծել իրականացման հատվածայնության, ընդհանուր առաջնորդության պակասի և թույլ համակարգվածության խնդիրը՝ մոբիլիզացնելով պետական ռեսուրսներն այս ուղղությամբ։ Խորհուրդը կարող է ձևավորվել փոխվարչապետի, համապատասխան նախարարների, փոխնախարարների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այն նաև հարթակ կապահովի այլ շահագրգիռ կողմերի՝ հասարակական կազմակերպությունների և հետազոտական ինստիտուտների ընդգրկման համար։ 

Ռազմավարական կառավարման աշխատակարգի ընդունում

Բովանդակային մասով, ՀԿԲ ռազմավարությունը ընդգրկում է խնդիրների լայն շրջանակ, որոնցից կառանձնացնենք ռազմավարական պլանավորման համակարգի բարելավումը։ Այն ենթադրում է, որ պետության՝ համապետական և ոլորտային ռազմավարությունները, ինչպես նաև կառավարության ծրագիրը պետք է լինեն ներդաշնակ և ճիշտ ձևակերպված։ Այլ կերպ ասած՝ հստակ լինի, թե որ ուղղությամբ է ընթանում պետությունը, ինչ նպատակներ ունի այն և ինչպես է պատրաստվում հասնել այդ նպատակներին։

Այս ուղղությամբ, 2024 թվականից քննարկվող «Կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգի» նախագիծը նպատակ ունի վերանայել ռազմավարական կառավարման համակարգը։ Համաձայն մեր զեկույցի՝ դրա ընդունումը կարող է առանցքային քայլ լինել ռազմավարական պլանավորման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նախագծով սահմանվում է ռազմավարական փաստաթղթերի աստիճանակարգությունը, մշակման և մշտադիտարկման պահանջները, որոնց արդյունքում ռազմավարական փաստաթղթերը՝ կառավարության ծրագիր, ազգային և ոլորտային ռազմավարություններ, պետք է դառնան ավելի ներդաշնակ, հստակ առաջնահերթություններով և իրագործելի։ Սա առավել կարևոր է իրագործել նախքան բարեփոխումների երկրորդ՝ 2026-2030 թթ․ փուլի մշակումը, որպեսզի հաջորդիվ ուշադրություն դարձվի դրանից բխող ընթացակարգերին և կառուցակարգերին, համակարգի հետագա զարգացմանը։

Ապահովել բարեփոխումների կայունությունը

Ներկայում ՏԶՀԿ ՍԻԳՄԱ-ն, որը հանրային կառավարման մասնագիտական կառույց է, 2022-2025 թթ. բարեփոխումների լայնածավալ գնահատում է իրականացնում, որն ակնկալվում է ավարտվել հաջորդ տարվա սկզբին։ Բարեփոխումների երկրորդ փուլի մշակման աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, սկսվելու են դրանից հետո՝ համընկնելով խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսների հետ, և կա ռիսկ, որ այս գործընթացը կդանդաղի։ ՀԿԲ խորհրդի ստեղծումը կարող է որոշակիորեն մեղմել այդ ռիսկը և ապահովել այս կարևոր նախաձեռնության իրականացման քաղաքական և կազմակերպական աջակցությունը։ 

Հեղինակներ՝ Անահիտ Փիլիպպոսյան, ԱՊՐԻ Արմենիայի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ

Հովսեփ Բաբայան, ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter