
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է ակնոց կրելու համար փաստաբանին վարույթից հեռացրած դատավորի գործողությունները
2025 թվականի հուլիսի 18-ին փաստաբան, հանրային պաշտպան Զոյա Սակովան դիմել է ՀՀ փաստաբանների պալատ` տեղեկացնելով, որ 19․05․2025թ-ին ՀՀ հակառուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ/0250/01/24 քրեական գործով դատական նիստի ընթացքում, որտեղ փաստաբանը հանդիսանում է ամբաստանյալի պաշտպան, նախագահող դատավորը պահանջել է պաշտպան Սակովային իր գլխից հանել արևային ակնոցը։ Դրան ի պատասխան` պաշտպանը հայտնել է, որ ակնոցը հանդիսանում է հարդարանքի մաս և հրաժարվել է այն հանել։ Նշվածի արդյունքում նախագահող դատավորը պաշտպանի նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ նկատողություն /երեք անգամ/։
Փաստաբանների պալատին ուղղված դիմումով փաստաբանը հայտնել է նաև, որ նույն գործով 14․07․2025թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը կրկին պաշտպանից պահանջել է հանել գլխի վրա դրված արևային ակնոցը, ինչին ի պատասխան վերջինս հայտնել է, որ արևային ակնոցները հանդիսանում են աքսեսուար և հարդարանքի մաս, և որ դատարանի պահանջը չի բխում որևէ նորմից։ Նշվածից հետո նախադահող դատավորը փաստաբանի նկատմամբ կիրառել է դատական սանկցիա՝ նկատողություն, կրկին պահանջել հանել ակնոցը, կիրառել է երկրորդ անգամ դատական սանկցիա՝ նկատողություն, դրանից հետո երրորդ անգամ է ներկայացրել նույն պահանջը, և պաշտպանի կողմից որպես ոչ իրավաչափ դիտարկված պահանջը չկատարելուց հետո նրա նկատմամբ կիրառել է դատական սանկցիա՝ վարույթից հեռացում։
Փաստաբանը նաև հայտնել է, որ նույն գործի շրջանակներում 28․04․2025թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացել է նույն կերպ, սակայն Դատարանի կողմից որևէ դիտարկում չի հնչեցվել։
Փաստաբանի ներկայացրած հանգամանքները քննարկվել են Փաստաբաններ իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից: Քննարկման շրջանակներում ուսումնասիրվել են նաև դատական նիստերի՝ հանրամատչելի աղբյուրներում առկա տեսագրությունները: Դիմումի առնչությամբ Հանձնաժողովը հայտարարություն է տարածել։
«Հանձնաժողովը հիշեցնում է, որ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»:
ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 16-րդ կետը հռչակում է.
«16. Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները
ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում. (…)
գ) դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:
«Փաստաբանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։
Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։
«Փաստաբանության մասին» օրենքը և Փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանվում են փաստաբանի մի շարք պարտականություններ, այդ թվում՝ ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները և օրինական շահերը օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով, պահպանել նույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները: Միաժամանակ, դրանցով սահմանվում են փաստաբանի իրավունքները և նրա գործունեության համար սահմանված երաշխիքները։
Այսպես, «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են փաստաբանական գործունեության հետևյալ կարևորագույն երաշխիքները․
«1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
(…) 4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար»:
Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը հռչակում է. «Կողմերը պարտավոր են ապահովել, որ փաստաբանների նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմքերը հիմնված լինեն բացառապես օրենքով սահմանված մասնագիտական վարքի չափանիշների վրա, որոնք համահունչ են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին և ազատություններին»։
Վերոգրյալի իրավադրույթների վերլուծությունից ակնհայտ է, որ փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելից ենթարկվում են միայն օրենքին, և պարտավոր չեն կատարել օրենքից չբխող պահանջներ։ Միևնույն ժամանակ, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են չմիջամտել փաստաբանական գործունեությանը: Ավելին, փաստաբանների նկատմամբ դատավարական և դրանից բխող կարգապահական պատասխանատվության հիմքերը պետք է հիմնված լինեն բացառապես օրենքով սահմանված մասնագիտական վարքի չափանիշների վրա, որոնք համահունչ են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին և ազատություններին։
Տվյալ դեպքում, Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում փաստաբանների կողմից դատարաններում և այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող հատուկ պահանջներ։
Առհասարակ, դատարանների շենք մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց արտաքին տեսքի հետ կապված միակ կարգավորումը, որը կրում է ընդհանուր բնույթ և որը չի կարող ամրագրել փաստաբանի վարքագծի կանոն, սահմանված է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգի[1] 6‑րդ կետով, որի համաձայն՝ «Վարչական շենքեր մուտք գործելն արգելվում է այն անձանց, ովքեր գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում (օրինակ` ալկոհոլի, թմրանյութերի, թունանյութերի ազդեցության տակ), սպորտային համազգեստով կամ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստով, դրսևորում են ոչ ադեկվատ (անհավասարակշիռ) վարքագիծ, խախտում են հասարակական կարգը: Արգելվում է նաև ժամկետանց փաստաթղթերով մուտքը վարչական շենք»:
Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ փաստաբանի կողմից որևէ աքսեսուար կրելու հարցը դուրս է օրենսդրական կարգավորումից, հետևաբար, գտնվում է նրա անձնական կյանքի տիրույթում, որին միջամտությունը և հատկապես, դրա հետևանքով վերջինիս նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը և նրա մասնագիտական գործունեության դադարեցումը (պաշտպանին վարույթից հեռացնելը) չի բխում օրենքից։
Բացի այդ, արդարադատություն իրականացնելիս վարույթի մասնակցի հարդարանքի առարկայի հարցի տևական արծարծումը չի նպաստում հասարակության և հատկապես մասնագիտական հանրության շրջանում դատավորների և դատարանների հեղինակության բարձրացմանը:
Միաժամանակ, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դատարանը շարունակաբար չի պահպանել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որը պարտականություն է սահմանում դատական վարույթին որպես պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո այդ մասին տեղեկատվությունն ուղարկել Փաստաբանների պալատի նախագահին:
Այսպիսով, փաստաբանների լիազորությունների իրականացմանը նման կերպ միջամտելը՝
- զրկում է մեղադրյալին իր պաշտպանությունը այն պաշտպանի միջոցով իրականացնելու իրավունքը, ում հետ մշակել են պաշտպանական մարտավարությունը, և ում հետ ձևավորվել է վստահության հիմքի վրա հարաբերություններ,
- խախտում է վարույթի օրինականությունը,
- անհամաչափ հիմնավորվածությամբ խաթարվում է ողջամիտ ժամկետներում գործի քննության պահանջները,
- դատարանի և դատավորի հեղինակությունը անհարկի ստվերվում է անհամարժեք արծարծումներով,
- անհարկի խարխլում է վարույթի հետագա ընթացքում դատարանի՝ որպես վարույթի անաչառ մասնակցի ընկալումը։
Փաստաբանի կողմից մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելը ոչ միայն մասնագիտական պարտականություն է, այլ հիմնարար երաշխիք արդարադատության պատշաճ իրականացման համար։ Դրան խոչընդոտելը հակասում է թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, թե՛ պետության ստանձնած միջազգային պարտավորություններին։
Ամփոփելով վերոգրյալը, սպառված չհամարելով փաստաբանի իրավունքի պաշտպանության հետագա գործողությունները, Հանձնաժողովը՝
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝
- օրենսդրական պահանջների բացակայության պայմաններում փաստաբանի արտաքին տեսքի կամ հանդերձանքի վերաբերյալ հարցը կարող է քննարկվել բացառապես ելնելով ընդհանուր բարեկրթության, ողջամտության և համաչափության սկզբունքներից, առաջնորդվելով համընդհանուր ընդունված էթիկական պահանջներով, արդարադատության մարմնին ներկայանալու պատշաճության ընկալումներով և իրավաբանական համայնքում ընդունված և ձևավորված վարվեցողության ավանդույթներով,
- ապօրինի միջամտությունը և նմանատիպ պրակտիկայի ձևավորումը բացասական հետևանք կունենա փաստաբանի ազատ մասնագիտական գործունեության համար և կարող է ճնշման գործիք դառնալ,
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է փաստաբանների հանդեպ օրինական, ողջամիտ և համաչափ հիմքերի բացակայության պայմաններում պատասխանատվության միջոցների, առավել ևս՝ վարույթից հեռացնելու տեսքով դատական սանկցիայի կիրառումը, որը հանգեցնում է անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացման սահմանափակման,
ՀՈՐԴՈՐՈՒՄ Է դատարաններին և այլ պետական մարմիններին ձեռնպահ մնալ փաստաբանների մասնագիտական օրինական գործունեությանը անհարկի միջամտություններից»,- նշվում է հայտարարությունում։
Գլխավոր լուսանկարում Զոյա Սակովան է, լուսանկարը էկրանակադր է դատական նիստի տեսագրությունից
Մեկնաբանել