
Ընթերցողները դժգոհում են «Վեոլիա Ջրից»
«Հետք»-ն ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում ընթերցողներից, որոնք դժգոհում են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից։ Որոշել ենք հրապարակել այդ նամակները, քանի որ «Վեոլիա Ջուր»-ն ամեն անգամ գրեթե նույն պատասխանն է տալիս։ Այս անգամ հրապարակում ենք Երևանի բնակիչ Սուսաննա Մարգարյանի նամակը։
«Ձեզ գրում եմ որպես քաղաքացիներիս արժանապատվության և առողջության վրա ուղղակիորեն ազդող մի խիստ ցավոտ հարց բարձրաձայնելու խնդրանքով։
Տարիներ շարունակ ՀՀ-ում, հատկապես Երևանում, «Վեոլիա Ջուր» ընկերությունը կիրառում է ջրամատակարարման բացակայության կամ սահմանափակման անընդհատ քաղաքականություն։ Առանց հստակ գրաֆիկի, առանց պատշաճ ծանուցման, առանց շինարարական աշխատանքների բացատրության՝ հազարավոր քաղաքացիներ մշտապես զրկվում են խմելու ջրից՝ ամառային տապին, երբ ջուրը կյանքի անհրաժեշտություն է։
Անձամբ ես և մայրիկս՝ տարեց, հիվանդ կին, բնակվում ենք Նոր Նորքի տարբեր հասցեներում։ Մայրիկիս հասցեն՝ Սաֆարյան 4/44 է, որտեղ գիշերը ժամը 11-ին անջատում են ջուրը, իսկ հաջորդ օրը միայն առավոտյան ժամը 6-ին է վերականգնվում։ Եվ ես, Վիլնյուսի փող 105 շ, այսինքն Նոր-նորքի 9 զանգված, որտեղ օրվա մեջ 5 ժամ են ջուր տալիս: Առավոտյան ժամը 11-ին կտրում են, հաջորդ առավոտյան ժամը 6-ին՝ տալիս: Կամ 15:00-ին կտրում են, հաջորդ առավոտյան ժամը 6-ին՝ տալիս:
Թեժ գծին՝ 185-ին, զանգելու դեպքում, եթե իհարկե հնարավոր է զանգել, ստացվում է միայն ստանդարտ պատասխան՝ «ներողություն ենք խնդրում», առանց որևէ հստակություն հաղորդելու։ Քանի անգամ էլ քաղաքացիական բողոք հնչեցրել ենք՝ ժամանակավորապես դադարեցնում են անջատումները, ապա նորից սկսում։
Սա ոչ միայն անպատասխանատու, այլև անմարդկային վերաբերմունք է։ Զրկել ժողովրդին ջրից՝ առողջապահական, սանիտարական, բարոյական ահռելի ռիսկեր է պարունակում։ Իսկ երբ հիշում ենք, որ Հայաստանը աշխարհում դասվում է ջրով ամենահարուստ պետությունների շարքին՝ շոկային է պատկերն այն բանի, թե ուր ենք հասել։
Հայաստանն ունի շուրջ 9,500 խմ/վրկ միջին մակերեսային ջրային պաշարներ, որոնց մի զգալի մասը նույնիսկ չի օգտագործվում լիարժեք։ Սևանա լիճը, հսկայական ստորգետնյա ջրային հանքեր, աղբյուրային ցանցեր՝ որոնք բավարար են ոչ միայն սեփական բնակչությանը ապահովելու, այլև՝ արտահանելու։ Սակայն, այսօր Երևանի բնակիչները ջուր չունեն։ Պետությունը լուռ է։ Ինչո՞ւ պետությունը նույնպես ներդրումներ չի իրականացնում:
Մինչև ե՞րբ։ Ո՞ւր է վերահսկողությունը։ Ինչու՞ չպետականացվեց ջրամատակարարումը, ինչպես արվեց ՀԷՑ-ի պարագայում։ Ո՞ւր են ներդրումները, վերանորոգումներն ու արդիականացումը։ Ինչու՞ ջուր մատակարարող ընկերությունը քաղաքացուն վերաբերվում է ոչ թե որպես իրավունք ունեցող մարդու, այլ որպես տեխնիկական մանրուքի։
Պահանջում եմ, որպեսզի այս հարցը բարձրաձայնեք մամուլով և հրապարակավ կիսեք մեր ցավը՝ հանրային պնդումով․
-
Վերանայել և վերահսկել ջրամատակարարման քաղաքականությունը։
-
Հստակեցնել գրաֆիկները, անհրաժեշտության դեպքում՝ օրենքով սահմանել ծանուցման պարտադիր կարգ։
-
Վերահսկել սոցիալական ռիսկերը՝ հատկապես տարեցների, երեխաների և հիվանդների համար։
-
Քննել «Վեոլիա ջրի» պայմանագրային պարտավորությունները և հնարավոր կերպով պահանջել ավելի արդյունավետ լուծումներ։
Ջուրը միայն հեղուկ չէ։ Դա կյանք է, արժանապատվություն, անվտանգություն»,- ասված է նամակում։
Լուսանկարում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել