HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երթևեկության փոփոխություններ՝ առանց հիմնավորող որոշումների և ուսումնասիրության

Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանը երթևեկության կազմակերպման փոփոխություններ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի բանուկ փողոցներում՝ վարորդների համար առաջացնելով անհարմարություններ ու դժգոհություններ: Օրինակ՝ Մաշտոցի պողոտայում մի քանի փոփոխություն է իրականացել, սակայն, չկան հիմնավորող որոշումներ, ուսումնասիրության արդյունքներ: Թե Երևանի քաղաքապետարանից, թե՛ Ոստիկանությունից փոխանցում են՝ ուսումնասիրությունները շարունակվում են, թե մինչև երբ՝ հայտնի չէ:

2025թ. ապրիլի 28-ին քաղաքապետարանը իրազեկեց, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությամբ: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:

Դրանից հետո՝ հունիսի 16-ին, հայտարարվեց, որ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց  և Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց: Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:

Իսկ հուլիսի 17-ին հայտարարվեց, որ Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կլինի միակողմ, որն ուժի մեջ է մտել հուլիսի 19-ից:

Այս փոփոխություններն անհարմարություններ ու խցանումներ են առաջացնում: Սոցիալական էջերում մեծացել է վարորդների դժգոհությունը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցինք՝ կան փոփոխություններին վերաբերող ուսումնասիրության արդյունքներ:

«Քանի որ Սարյանը նոր է փոփոխվել, դեռ ընդհանուր ուսումնասիրություն է անցկացվում»,- փոխանցեց Հ. Կոստանյանը:

Ներքին գործերի նախարարության լրատվության բաժնից էլ հայտնեցին, որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանն արդեն 2 ամսից ավելի գրագրություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ-ի հետ, որպեսզի ստանա փոփոխություններին վերաբերող հիմնավորումներ, սակայն՝ ապարդյուն: Հ. Հարությունյանը փորձում է ստանալ քաղաքապետի համապատասխան որոշումը և հիմնավորումները, թե ինչ ուսումնասիրությունների և հաշվարկների արդյունքում է քաղաքապետարանը եկել նման եզրահանգման և երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարել:

«Երեւանի քաղաքապետարանի իրականացրած երթևեկության փոփոխությունների արդյունքում ճանապարհը, որն անցնում էին 15-20 րոպեում, այժմ անցնում են 30-40 րոպեում, և սա դեռ ամառային արձակուրդների շրջանում, երբ դպրոցներն ու համալսարանները փակ են: Քաղաքապետարանի համապատասխան աշխատողները 2 ամիս է՝ չեն կարողանում գտնել և տրամադրել այն որոշումն ու հիմնավորումները, որոնք դրվել են այս փոփոխությունների հիմքում»,- ասում է Հասմիկ Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, պատասխանելով Հասմիկ Հարությունյանի դիմումին, նշել է, թե մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություններն իրականացվում են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրությունների արդյունքներով՝ հասարակական տրանսպորտի հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչության պետ Ա. Մարդոյանն էլ պատասխանել է, որ Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի հետ՝ փորձնական կարգով, վերջնական որոշում կկայացվի հետագա ուսումնասիրության արդյունքներից հետո:

Քանի որ քաղաքապետարանից այդպես էլ չեն տրամադրել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց և Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկներում կատարված երթևեկության կազմակերպման փոփոխությունների համապատասխան որոշումը և դրա հիմքում դրված ուսումնասիրություններն ու որոշման հիմնավորումները, Հասմիկ Հարությունյանը 2025թ. հուլիսի 21-ին դարձյալ դիմել է Երևանի քաղաքապետարան: Սակայն, այդ որոշումները տալու փոխարեն ընդհանրական պատասխանն են տվել:

«Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու, տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնց  նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Նշված փոփոխությունների արդյունքում որոշ ճանապարհահատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում»,- հայտնել են քաղաքապետարանից:

Հասմիկ Հարությունյանը ենթադրում է, որ այս խուսափողական պատասխանները վկայում են հիմնավորող  որոշումներ չլինելու մասին: 

«Թերևս միակ ելքը մնում է դատական կարգով ծանոթանալ այն որոշումներին, որոնցով այս փոփոխությունները արվել են»,- ասում է փորձագետը:

Գլխավոր լուսանկարում՝ Մաշտոցի պողոտան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter