
«ՄԼ Մայնինգի» հիմնադիր Դավիթ Սուքիասյանը փայատեր է դարձել Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրում
Գործարար Դավիթ Սուքիասյանը, որն առավել հայտնի է «ՄԼ Մայնինգ» հանքարդյունահանող եւ շինարարական ընկերությունով, իսկ 2017-2020 թթ. եղել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, ապա՝ գլխավոր քարտուղարը, փայատեր է դարձել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ում, որը Վայոց Ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ունի:
Նկատենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2001-ին եւ 2012-ի օգոստոսին 14 տարի ժամկետով (մինչեւ 2026 թ. դեկտեմբեր) Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման լիցենզիա է ստացել:
2001-2024 թթ. ընկերությունը կոչվում էր «Վարդանի զարթոնքը» եւ փոխկապակցված էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին:
2014-ի հուլիսին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջորջ Հովարդ Ռիչմոնդը (George Howard Richmond), որն իրականում վրացի է՝ Գեորգի Մգալոբլիշվիլի, Սեյշելյան կղզիներում գրանցված իր Coeur Gold Armenia Ltd-ի միջոցով ձեռք էր բերել «Վարդանի զարթոնքը» եւ «ՎայքԳոլդ» ընկերությունների 80 %-ը («ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն այն ժամանակ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ուներ, որից հետո զրկվել է): Ընդ որում՝ «ՎայքԳոլդը» եւս փոխկապակցված էր Վարդան Այվազյանին:
Օֆշորային Coeur Gold Armenia-ն «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի 80 %-ի փայատերն էր 2014-2018 թթ.:
2020-ի օգոստոսին ՏԿԵ այն ժամանակվա նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Վարդանի զարթոնքը» զրկվել էր Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման լիցենզիայից. պարզվել էր, որ նախորդ 8 տարիների ընթացքում ընկերությունն այդպես էլ արդյունահանում չի իրականացրել: Պապիկյանի հրամանն անվավեր ճանաչելու համար հանքարդյունաբերողը դիմել էր Վարչական դատարան, որտեղ, ի վերջո, 2023-ի հունիսին կողմերը (ՍՊԸ-ն ու ՏԿԵՆ-ը) հաշտություն էին կնքել՝ ընկերության շահագործման իրավունքը վերականգնվել էր:
2020-ի նոյեմբերից մինչեւ 2023-ի մարտ ընկերության միակ սեփականատերը երեւանցի Հրաչյա Հովհաննիսյանն էր, որի հետ նախկինում համասեփականատեր էին Վարդան Այվազյանի ավագ որդին՝ Սուրեն Այվազյանը, ինչպես նաեւ Այվազյանների իրավաբանական թիմի ներկայացուցիչ Արտաշես Կակոյանը: 2023-ի մարտին Հովհաննիսյանն իր ամբողջ բաժնեմասը հանձնել է երեւանցի Լիանա Միքայելյանին (Մուքայելյան): Վերջինս դատարաններում «ՎայքԳոլդ» եւ «Վարդանի զարթոնքը» ընկերությունների շահերը ներկայացրած փաստաբան Կարո Միքայելյանի կինն է: Կարո Միքայելյանն էլ նախկին դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Ստեփան Միքայելյանի որդին է:
Ընդ որում՝ 2024-ի օգոստոսից հենց Կ. Միքայելյանն է «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի տնօրենը:
Վարդան Այվազյանը, Սուրեն Այվազյանն ու Կարո Միքայելյանը՝ Գիորգի Ռոմանովի (նույն իր՝ Գեորգի Մգալոբլիշվիլու) ֆեյսբուքյան ընկերների թվում
2024-ի դեկտեմբերին այս ընկերությունն անվանափոխվել է՝ դառնալով «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ (GMN Gold Mining):
Դրանից շատ չանցած՝ ապրիլին, Լ. Միքայելյանն իր 100 % բաժնեմասից 50-ը փոխանցել է գործարար, «ՄԼ Մայնինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Սուքիասյանին: Ներկայում Միքայելյանն ու Սուքիասյանը հավասարաչափ կիսում են GMN Gold Mining-ը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի մարվող հանքաքարի ընդհանուր ծավալը 139.600 տոննա է, տարեկան արդյունահանման ծավալը՝ 10.000 տոննա: Հանքաքարի մեջ մետաղների պարունակությունը գնահատվել է այսպես. ոսկի՝ 641,5 կգ, արծաթ՝ 51 տ, կապար՝ 1047 տ, ցինկ՝ 1506 տ:
GMN Gold Mining-ին փոխկապակցված ընկերությունները
GMN Gold Mining-ը ներկայում գրանցված է Երեւանի Ադոնցի փողոցի նորակառույցներից մեկում: Նույն հասցեում է գրանցված 2023-ին հիմնադրված «Սենդ ընդ Սթոն Մայնինգ» ՍՊԸ-ն (Sand and Stone Mining):
Ըստ ՊԵԿ-ի՝ երկուսի գործունեության տեսակը նույնն է՝ թանկարժեք մետաղների հանքաքարի արդյունահանում, բայց եթե GMN Gold Mining-ը ներկայում Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման լիցենզիա ունի, ապա նույնը չենք կարող ասել Sand and Stone Mining-ի մասին, որն առայժմ չունի մետաղական կամ ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման կամ երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա (ընդ որում՝ ընկերության անունը անգլերենից թարգմանաբար նշանակում է ավազ եւ քար, սակայն, ՊԵԿ-ի տվյալներով, գործունեության առանցքում թանկարժեք մետաղների արդյունահանումն է):
Այդուհանդերձ, Sand and Stone Mining-ը մտադիր է 2025-2028 թթ. ուսումնասիրել Արմավիրի մարզի Գետաշենի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին տեղամասը (տես ստորեւ), ինչի համար այս տարվա մայիսին ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն:
ՇՄՆ-ին ենթակա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է փորձաքննի այս հաշվետվությունը եւ դրական կամ բացասական եզրակացություն տա: Դրական արձագանքը կանաչ լույս կվառի հանքավայրն ուսումնասիրել ցանկացող ընկերության առաջ:
Sand and Stone Mining-ի միակ սեփականատերը նույն Լիանա Միքայելյանն է, իսկ տնօրենը՝ երեւանցի Արամ Բաբիյանը:
Վերջինս նաեւ 2024-ի ապրիլին հիմնադրված «ՋիԷմԷն Գոլդ» ՍՊԸ-ի (GMN Gold) տերն է, որը GMN Gold Mining-ի եւ Sand and Stone Mining-ի հետ նույն հասցեում է գրանցված: GMN Gold Mining-ի ու GMN Gold-ի տնօրենը նույն մարդն է՝ Կարո Միքայելյանը (Լ. Միքայելյանի ամուսինը): Ըստ ՊԵԿ-ի՝ GMN Gold-ը զբաղվում է հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայությունների մատուցմամբ:
Հատկանշական է, որ GMN Gold-ը 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին կոչվել է «Աուռիիքս Գոլդ» (Auriix Gold): Այսինքն՝ «Վարդանի զարթոնքը» եւ «Աուռիիքս Գոլդ» ընկերությունները գրեթե միաժամանակ՝ 2024-ի դեկտեմբերին, դարձել են GMN Gold Mining եւ GMN Gold:
Auriix Gold անունն ուղղորդում է դեպի Մեծ Բրիտանիա, որտեղ այդ անունով 2 ընկերություն կա՝ Auriix Ltd եւ Auriix Mining Limited:
Սրանք երկուսն էլ փոխկապակցված են վերը հիշատակված Ջորջ Հովարդ Ռիչմոնդին (Գեորգի Մգալոբլիշվիլի): Մասնավորապես, ըստ բրիտանական ռեգիստրի, Auriix Mining Limited-ի 70 %-ը պատկանում է բրիտանացի, ծագումով արաբ Ասադ Ամին Շեյխին, իսկ 30 %-ը՝ Մայքլ Ռիչմոնդին, որը, ենթադրաբար, Ջորջ Հովարդ Ռիչմոնդի որդին է: Մ. Ռիչմոնդը նաեւ Auriix Ltd-ի միակ սեփականատերն է:
Նույն ռեգիստրի տվյալներով՝ եթե Auriix Ltd-ն զբաղվում է գունավոր մետաղների արդյունահանմամբ, ոսկերչական իրերի պատրաստմամբ, մանրածախ առեւտրով ու ծրագրային ապահովմամբ, ապա Auriix Mining Limited-ի թիրախում խորհրդատվական գործունեությունն է կառավարման ոլորտում:
Նախորդ հոդվածում գրել ենք, որ Auriix Mining Limited-ը հետաքրքրություն ունի Հայաստանում: Մասնավորապես՝ այս տարվա ապրիլին բրիտանական ընկերությունը մեր երկրում հիմնել է «Վայք Գոլդ Ռիսորսիզ» անունով ՍՊԸ, որը վերջերս Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական երկրաբանահետախուզական աշխատանքների նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն Վայք համայնքի ավագանին դեմ էր քվեարկել նախաձեռնությանը:
Փաստացի «Վայք Գոլդ Ռիսորսիզը» փորձել է լրացնել այն բացը, որն առաջացել է 2019-ի դեկտեմբերից, երբ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն զրկվել է Ազատեկի հանքավայրի շահագործման լիցենզիայից:
Ստացվում է հետեւյալ պատկերը. Ջորջ Հովարդ Ռիչմոնդը (Գեորգի Մգալոբլիշվիլի) բրիտանական ու կանադական միջանկյալ ընկերությունների եւ անձանց միջոցով մինչ օրս մասնակցություն ունի «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ում, որը, սակայն 2019-ին զրկվել է Ազատեկի շահագործման լիցենզիայից (մանրամասները՝ այստեղ): 2025-ին Հայաստանում հիմնադրվել է Ազատեկի հանդեպ վերստին հետաքրքրություն ցուցաբերող «Վայք Գոլդ Ռեսորսիզ» ՍՊԸ-ն, որի տերը Auriix Mining Limited-ն է, որտեղ էլ 30 % մասնակցություն ունի Ռիչմոնդ-Մգալոբլիշվիլու ենթադրյալ որդին՝ Մայքլ Ռիչմոնդը:
Ազատեկից բացի՝ Ռիչմոնդ-Մգալոբլիշվիլին իր օֆշորային Coeur Gold Armenia ընկերության միջոցով 2014-2018 թթ. տիրապետել է «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի 80 %-ին, որը Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման իրավունք ունի մինչեւ 2026 թ. դեկտեմբեր, բայց նախկինում չի իրացրել այդ իրավունքը (Ազատեկն ու Սոֆի-Բինան միմյանց հարեւան հանքավայրեր են): «Վարդանի զարթոնքը» անվանափոխվել է ու դարձել GMN Gold Mining: Սրա հետ երեւանյան նույն հասցեում է գրանցված եւ նույն տնօրենն (Կ. Միքայելյան) ունի GMN Gold ընկերությունը, որը սկզբնապես կոչվել է Auriix Gold, իսկ այս անունն առնչվում է Ռիչմոնդ-Մգալոբլիշվիլուն:
Առաջին նկարում՝ Դավիթ Սուքիասյան, Լիանա Միքայելյան, Կարո Միքայելյան
Մեկնաբանել