
ՊԵԿ-ը խուսափում Է ասել՝ երբևէ ստուգե՞լ Է Վիգեն Բադալյանի ընկերությունների եկամուտներն ու դրամական փոխանցումները
Կենտրոնական բանկն ու Պետական եկամուտների կոմիտեն չեն հանրայնացնում՝ արդյոք երբևէ ուսումնասիրել են Հայաստանում խաղադրույքների հսկա «Սոֆթ Կոնստրակտ»-ի բաժնետեր Վիգեն Բադալյանի բիզնեսները, եկամուտները, դրամական փոխանցումները Հայաստանում և Հայաստանից դուրս։
Երկու կառույցներն էլ ակնհայտորեն խուսափում են հստակ պատասխանել այս հարցին։ Հատկապես ՊԵԿ-ի պարագայում այս գործելաոճը նորություն չէ. մեր հարցումներին հաճախ ըստ էության պատասխաններ չեն տալիս։
Վիգեն Բադալյանի բիզնես կապերի մասին հետաքննությունը
Այս տարվա փետրվարին «Հետք»-ը պարզել էր, որ Հայաստանում խաղադրույքների բիզնեսի հսկա «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետեր Վիգեն Բադալյանը համագործակցել է թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի հետ, որը բազմամիլիոնանոց խաղադրույքների բիզնես ուներ և Թուրքայում շահումով խաղերի պարագլուխն էր։
Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) լրագրողների թիմին հայտնել էր, որ Բադալյանի ընկերությունն իրականացրել է Թուրքիայում խաղադրույքներ ընդունող բազմաթիվ կայքերի ծրագրային ապահովումը, իսկ Ֆալյալին եղել է հայ գործարարի՝ Թուրքիայում գործունեության հովանավոր-աջակիցը: Ըստ Օնալի՝ BetConstruct-ը Թուրքիայում 150-200 կայքերի ծրագրային ապահովում է իրականացնում: Բադալյանի իրավաբանական թիմը հերքել է Օնալի պնդումները։
Հետաքննությունում նշվում են Թուրքիայի քաղաքացիների անուններ, որոնք այցելել են Հայաստան՝ «Սոֆթ Կոնստրակտ»։
Նրանցից մեկը՝ Զեքի Դեմիրդեշը, (Zeki Demirdeş) 2017-2023 թթ. պարբերաբար այցելել է Հայաստան: Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը OCCRP-ին պատմել է, որ Դեմիրդեշը Հայաստան էր այցելում Թուրքիայում BetConstruct-ի գործունեությունից ստացված եկամուտը Վիգեն Բադալյանին փոխանցելու համար։ Օնալի պնդմամբ՝ Դեմիրդեշը գումարը տեղափոխել է կրիպտոարժույթի տեսքով՝ օգտագործելով սառը դրամապանակ (կրիպտոարժույթի համար նախատեսված դրամապանակ, որը միացված չէ համացանցին), որպեսզի հնարավոր չլինի գործարքներին հետևել։
Կենտրոնական բանկն անորոշ պատասխան է տալիս, իսկ Գլխավոր դատախազությունը դեռ ուսումնասիրում է
Կենտրոնական բանկում 2005 թվականից գործում է ֆինանսական հետախուզության ազգային մարմին՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ)։ ՖԴԿ-ի առաքելությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարն է:
Գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ արդյոք ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը երբևէ ուսումնասիրել է Վիգեն Բադալյանի բիզնեսները, եկամուտները, դրամական փոխանցումները Հայաստանում և Հայաստանից դուրս։ ԿԲ-ն ծանո՞թ է «Հետք»-ի վերոհիշյալ հետաքննությանը, կա՞ն դրվագներ, որոնք կարող են ուսումնասիրության առարկա դառնալ (կամ դարձել են) ԿԲ-ի կողմից։
«Ձեր կողմից հարցվող տեղեկատվության տրամադրումը հակասում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին»,- պատասխանել են ԿԲ-ից։
Գլխավոր դրամատնից հավելել են, որ օրենքի համաձայն՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող և տրամադրվող ցանկացած տեղեկություն հրապարակել, այդ թվում՝ տրամադրել լրատվամիջոցերին։
ԿԲ-ն գաղտնի է պահում նաև այն տվյալները, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի հնարավորություն տալ ծանոթանալ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ունեցած տեղեկություններին։
Գլխավոր դատախազությունից էլ «Հետքին» հայտնեցին, որ հրապարակված հոդվածն ուղարկվել է օպերատիվ ստուգման՝ հետագա ընթացքը որոշելու համար։
ՊԵԿ-ը հարցմանը պատասխանելու փոխարեն օրենքների շարան է ուղարկել՝ առանց որևէ հստակեցման
ՊԵԿ-ից ևս հետաքրքրվել ենք՝ ուսումնասիրե՞լ են Վիգեն Բադալյանի բիզնեսներն ու եկամուտները Հայաստանում ու Հայաստանից դուրս, ի՞նչ բացահայտումներ են եղել, երբևէ կասկածելի դրվագներ եղե՞լ են Վիգեն Բադալյանի եկամուտների և նրա կողմից կառավարվող բիզնես ընկերությունների վճարած հարկերի վերաբերյալ։
Բավական երկար (ապրիլի 14-ից մինչև մայիսի 21-ը) մտածելուց հետո ՊԵԿ-ի մասնագետները հոդվածների մի շարան են թվարկել ՀՀ հարկային օրենսգրքից։
ՊԵԿ-ի պատասխանի էությունը հասկանալու համար անհրաժեշտ էր այն մի քանի անգամ ընթերցել։ Մեր տված կոնկրետ հարցերին ինչպես ԿԲ-ն, այնպես էլ ՊԵԿ-ը հստակ պատասխան չի տվել։
Ուշագրավ է, որ երկու կառույցներն էլ իրենց պատասխաններում գեթ մեկ անգամ չեն նշել Վիգեն Բադալյանի անունը։
Ի պատասխան մեր հարցերի՝ ՊԵԿ-ը հղում է արել ՀՀ հարկային օրենսգրքի 36-րդ հոդվածին, որը սահմանում է հարկային մարմնի լիազորությունները։
Նշվում է, որ այդ լիազորությունների շրջանակներում պարբերաբար իրականացվում է հարկային հսկողություն բոլոր հարկ վճարողների նկատմամբ։
«Ընդ որում, գրությամբ ներկայացված ֆիզիկական անձը որպես հարկ վճարող հարկային մարմնում հաշվառված լինելու դեպքում ևս բացառություն չէ»,- նշել է ՊԵԿ-ը՝ «նշված անձ» ասելով նկատի ունենալով Վիգեն Բադալյանին։ Սակայն, այս նախադասությունից այդպես էլ չի հասկացվում՝ Վիգեն Բադալյանի բիզնեսներն ու եկամուտները ուսումնասիրվե՞լ են, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնց սեփականատեր է «նշյալ ֆիզիկական անձը», ըստ ՊԵԿ-ի, եթե տվյալ կազմակերպությունը կամ կազմակերպությունները որևէ ռիսկի արդյունքում հայտնվել են կամ կհայտնվեն ստուգումների ցանկում, ապա հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացրել է կամ կիրականացնի համալիր հարկային ստուգումներ։
«Նշենք, որ այդ կազմակերպություն(ները) պարբերաբար հայտնվել են ռիսկի վրա հիմնված ստուգման ցանկերում»,- պատասխանել են ՊԵԿ-ից՝ կրկին առանց հստակեցնելու, թե որ ընկերությունների մասին է խոսքը, և ինչ արդյունքներ են գրանցվել։ Այստեղ էլ կրկին հղում է արվում Հարկային օրենսգրքի հոդվածներին։
Նաև հարցրել էինք՝ ՊԵԿ-ը ծանո՞թ է «Հետք»-ի վերոհիշյալ հետաքննությանը, կա՞ն դրվագներ, որոնք կարող են ուսումնասիրության առարկա լինել կամ արդեն դարձել են ՊԵԿ-ի կողմից։
Հղում անելով Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասին՝ ՊԵԿ-ը նշել է, որ հարկային մարմինը վերահսկողություն իրականացնելիս, ի թիվս այլ աղբյուրների, օգտագործում է նաև հրապարակային աղբյուրներում առկա տեղեկությունները։ Պատասխանում երկար տեքստով ներկայացվում է վերոնշյալ հոդվածի էությունը, բայց ոչ՝ մեր հարցի կոնկրետ պատասխանը։
Մեր կրկին պարզ հարցերին, որոնք կարող էին ենթադրել անգամ կարճ արձագանք՝այո կամ ոչ, ՊԵԿ-ը խուսափոխական պատասխաններ է տվել։ Առհասարակ, վերջին շրջանում ՊԵԿ-ը հաճախ է այս ոճով պատասխանում մեր հարցումներին։
Մեկ անգամ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ուղղված մեր հարցման ամբողջ տեքստն արտահոսել էր և հայտնվել երրորդ անձանց ձեռքում: Այդ հարցմամբ փորձել էինք պարզել՝ ճի՞շտ են մեզ հասած տեղեկություններն այն մասին, որ ՊԵԿ-ը այս տարվա սկզբին ակցիզային դրոշմանիշեր և դրոշմապիտակներ է պատվիրել «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ին և դրանք փաստացի ստանալուց հետո միայն մրցույթ հայտարարել, ինչը կարող է նշանակել, որ պետական գնումների նշված մրցույթը կեղծ է եղել։
Թե ինչու և ինչ նպատակով է Էդուարդ Հակոբյանին ուղղված մեր հարցումը հասնում այլ անձանց, կարելի է միայն ենթադրել։
Գլխավոր լուսանկարում՝ Վիգեն Բադալյանը
Լուսանկարը՝ Վիգեն Բադալյանի ինստագրամյան էջից
Մեկնաբանել