HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի վարկային համաձայնագրով 120,5 մլն եվրո կհատկացվի զբոսաշրջային 7 կլաստերների զարգացման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 180 (հարյուր ութսուն) օր։

Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։ Մասնավորապես, ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունն Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։

Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։

Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, նշել է. «Սա Էկոնոմիկայի նախարարության կողմից, ըստ էության, արդեն իսկ իրականացված ծրագրի բովանդակային շարունակություն է, որովհետև նորից Համաշխարհային բանկի համագործակցությամբ, անցյալ տարիների ընթացքում տարբեր մարզերում, առնվազն՝ Արագածոտնում, Կոտայքում, Սյունիքում, Շիրակում և Վայոց ձորում համանման բովանդակությամբ ծրագիր իրականացված է եղել և ժամանակը ցույց է տալիս, որ սա շատ արդյունավետ եղանակ է զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից՝ այն առումով, որ արդեն իսկ ձևավորված ենթակառուցվածքները թե ներքին և ներգնա զբոսաշրջության համար շատ որոշակի կայացած ուղղություններ են ձևավորել:

Կարող ենք նաև մտածել, որ այս ծրագրի իրականացումը նախարարության կողմից առաջիկա տարիների ընթացքում դրա լավ շարունակությունը կլինի և մենք հնարավորություն կունենանք արդեն ավելի համախմբված, ամբողջական տեսքի բերված այս կլաստերային զարգացման ենթակառուցվածքների հատկապես մոտեցմամբ զբոսաշրջիկների համար թե՛ ավելի գրավիչ դարձնել, և թե՛ ավելի ընդլայնել տեղում գտնվելու և տարբեր հետաքրքիր եղանակներով այնտեղ անցկացված ժամանակը լցնելու, լրացնելու հնարավորությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter