HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50 մլն եվրո՝ Սյունիքի մարզին

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։ Ծրագրի Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 12 ամիս։ Ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Ծրագրի նպատակն է թիրախային աջակցություն տրամադրել Սյունիքում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով՝ անդրադառնալով վերջին հակամարտությունների հետևանքներին: Այն կներառի Սյունիքի մարզի տարբեր համայնքներ, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից` կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք կա՛մ հյուրընկալում են տեղահանված մարդկանց, կա՛մ իրենք են վերականգնվում հակամարտության հետևանքով կրած վնասներից: Ծրագրի շրջանակում կապահովվի արդյունավետ տեխնիկական աջակցություն և կվերահսկվի ենթածրագրերի իրականացումն ու մոնիթորինգը, որոնք նպատակաուղղված կլինեն ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես` ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում՝ համայնքի դիմակայունությունը և տնտեսական վերականգնումը խթանելու համար:

Ծրագրի գործողությունների արդյունքում կբարելավի տնային տնտեսությունների և համայնքների կենսապահովման միջոցների և սոցիալական ծառայությունների (առողջապահություն, կրթություն և ջրամատակարարում) հասանելիությունը, ինչպես նաև զբաղվածության և տնտեսական գործունեության հնարավորությունները: Հակամարտության հետևանքով տեղահանված տնային տնտեսություններն ու փախստականներn ականատես կլինեն Սյունիքում ծառայությունների հասանելիության բարելավմանը, ավելի լավ առողջապահական ծառայությունների արդյունքներին, ինչպես նաև կենսապահովման հնարավորությունների բարելավմանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով հարցին՝ նշել է, որ չնայած սա Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ երկար քննարկված և արդեն համաձայնության բերված մի նախաձեռնություն է, բայց սա ֆինանսավորման մասին չէ, այլ այն կարևորության, թե սա ինչ նշանակություն ունի Սյունիքում՝ հատկապես գյուղական բնակավայրերի սոցիալական ենթակառուցվածքների որակյալ վիճակի մասին: «Մենք առիթ ենք ունեցել բազմաթիվ քննարկումների, ուզում եմ նաև միանգամից ասել Եվրոպական ներդրումային բանկը միակը չէ, որ միացել է Կառավարության այս ուղղություններով իրականացվող կարևոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, նաև Ֆրանսիական զարգացման գործակալությունն այս նույն նախաձեռնության շրջանակներում գրեթե հաստատման աստիճանի է հասցրել լրացնող նշանակությամբ մի շարք անելիքներ, որոնք նույնպես վերաբերում են Սյունիքի տարբեր բնակավայրերում ոռոգման ենթակառուցվածքների բարելավման հարցերին: Սրանք, բոլորը հաշվի առնելով՝ նաև այն մեծածավալ աշխատանքը, որ Կառավարության կողմից տարվում է և՛ դպրոցական, և՛ նախադպրոցական հաստատությունների բարելավման ուղղությամբ, բազմաթիվ հանրակրթարաններ են կառուցվում, բազմաթիվ առողջապահական հաստատություններ են ներկայում կառուցվում և հիմնանորոգվում, նորոգվում, սրանք բոլորն այն նշանակությունն ունեն, որ մենք փորձում ենք կարճ ժամանակում հասցեագրել բոլոր այն հիմնական առկա հարցերը՝ խմելու, ոռոգման, դպրոցական, կրթական, նախադպրոցական և նաև առողջապահական հաստատությունների վիճակը բարելավելու համար», - նշել է փոխվարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Անդրեասյանը նշել է, որ մարդկային կապիտալի զարգացման համար թե՛ կրթական բաղադրիչով և թե՛ առողջապահական բաղադրիչով իսկապես մեծ ներդրումներ են իրականացվում բյուջետային միջոցներով, բայց այս ծրագրերը կոչված են համալրելու և շատ ավելի արագ տեմպով ամբողջացնելու այդ ենթակառուցվածքների վերափոխման գործընթացը: «Այս ծրագրերում ներառված են ինչպես գյուղական ամբուլատորիաների, այնպես էլ Կապանի, Գորիսի և նաև Սիսիանի որոշակի առողջապահական ենթակառուցվածքների վերակառուցումներ, կառուցումներ, սարքավորումներով հագեցումներ: Իհարկե մեզ համար ենթակառուցվածքների վերափոխումն առաջնային նշանակություն ունի, բայց պետք է շեշտադրեմ, որ այստեղ շատ կարևոր է նաև բովանդակության վերափոխումը, նաև այն ծառայությունները, որոնք ֆիզիկապես դարձնում են հասանելի հենց իրենց բնակավայրում, նաև ֆինանսական բեռի թեթևացումը և նաև հասանելիությունը: Այս բոլոր բաղադրիչների շարունակական համալրման արդյունքում է, որ մենք վստահ ենք, որ այն ներդրումը, որ իրականացնում է այսօր մեր Կառավարությունը՝ մարդկային կապիտալի զարգացման առումով, նաև տնտեսական պոտենցիալի շատ մեծ խթան է հանդիսանում հենց Սյունիքի մարզում»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադառնալով ճանապարհաշինարարական ոլորտում մարզում իրականացվող աշխատանքներին՝ նշել է, որ Սյունիքի մարզում գործերն այս ուղղությամբ բավական լավ են, ներառյալ նաև «Հյուսիս-հարավի» Քաջարանից դեպի Ագարակ հատվածը, այնտեղ իրանական ընկերությունը բավական մեծ թափով աշխատանք է իրականացնում՝ համաժամանակյա և ճանապարհի կառուցման և թունելների կառուցման մասով: «Առաջին թունելի փորման աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկեն նաև երկրորդ թունելի փորման աշխատանքները: Այդ հատվածում նախատեսված են ուղեանցեր, կամուրջներ կառուցել, բացի դրանից նաև տեղական ընկերությունների հետ համատեղ մի քանի խոշոր ծրագրեր ենք իրականացնում, մասնավորապես՝ Խնձորեսկ տանող ճանապարհը, առաջիկայում ասֆալտապատման արդեն պատրաստ կլինի Խոտ-Որոտան ճանապարհը, լայն թափով ընթանում են շինաշխատանքները նաև Ագարակից դեպի Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհի մասով», - նշել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter