HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթէ կրնաս...վանէ ամպերդ, որ արեւդ չխափանեն... Հակոբ Մնձուրի (մաս 3)

սկիզբը

Ինչեր որ քաշեցին անոնք սուրբերը չքաշեցին...

«Մարդուն պատմութիւնը մեր մոլորակին վրայ, նախամարդէն մինչեւ այսօր, զիրար սպաննելու, պատերազմելու պատմութիւն մըն է: Քրիստոնէութիւնը այսօր ալ, երկու հազար տարիներէ վերջը մազաչափ մը անգամ չփոխեց մարդը, մարդը բնաջնջելու մեր բնազդը»: 1915 Մարտ, թե Ապրիլ ամսին Մնձուրին նամակ ստացավ Արմտանից: Նամակի վերջում մանկական ձեռագրով  «Մեծապատիւ աղապապա»-ին իր, Մարանիկի ու Խեչոյի անունից բարևներ էր ուղարկում ավագ որդին՝ Նուրհանը: Ամենայն հավանականությամբ դա վերջին լուրն էր տնից: Քանի-քանի նամակ և հեռագիր ուղարկեց Մնձուրին՝ տեղեկություն առնելու՝ ապարդյուն: Պատասխան չկար: Արմտանից մի ականատես պատմեց, թե Հունիս 4-ին գյուղը բռնի տեղահանվել է: Արմտանցիները «Տուներուն դռները ժամուն դռներուն պէս պագել էին ու զատուել էին»: Մեծ հայր Մելքոնը՝ 88 տարեկան, Մայրը՝ Նանիկը ՝ 55 տարեկան, կինը՝ Ողըտանը՝ 29 տարեկան, տղաները Նուրհանը՝ 6, դուստրերը՝ Մարանիկը` 4, Անահիտը 2 տարեկան, Խաչոն՝ 9 ամսական, «Ասոնք ինտո՛ր քալեցան...»: Բոլորը սպանվեցին, անհետացան, կարծես չէին էլ եղել: «Ինչեր որ քաշեցին անոնք սուրբերը չքաշեցին»: Մնացին ինքն ու հայրը, որը վաղուց արդեն Պոլսում էր՝ փռապանության գործով: Առատ հացի և տարին 7 անգամ քաղցր բերք տվող դաշտերի և այգիների Արմտանը կործանվեց: Կորան, անհետացան նաև գյուղի տանը եղած ձեռագրերը, նաև ղզլբաշների կյանքի մասին պատմող վեպը, որի ինքնագիրը, կարդալու և կարծիք ստանալու համար, փոխանցել էր գրող Արտաշես Հարությունեանին: 1915-ին Արտաշեսը սպանվեց։ Հնարավոր չեղավ նաև փրկել 1920-ականներին գրածները: Դրանք էլ այրվեցին Սկյուտարի հրդեհում: 

Մնձուրին մտերիմների հետ. նստած, ձախից 2-րդ՝ Զարեհ Խրախունի, 3-րդ՝ Հ. Մնձուրի, 4-րդ Զահրատ, կանգնած, ձախից՝ Օննիկ Ֆըչըճեան, 2-րդ՝ Մարլեն (Խրախունու կինը), 3-րդ` Անայիս (Զահրատի կինը), 4-րդ՝ Սյուզի (Ռ. Հատտեճեանի կինը) և 5-րդ՝ Ռոպէր Հատտեճեան, 1967, Պոլիս

 Շարունակել ապրել, նորից արմատ ձգել

Դա էր լուծումը, ելքը և վրեժի եղանակը: Զինադադարից հետո, երբ Մնձուրին արդեն հանել էր զինվորականի համազգեստը, ինչ ասես, որ չարեց հանապազօրյան հոգալու համար, թե՛ հացթուխ էր, թե՛ պանդոկի մեջ քարտուղար, թե՛ հաշվապահ, թե՛ անասնակեր վաճառող: «Միայն թէ ինչ ալ ըրի կամ մինչեւ այսօր կ’նեմ, գրականութիւնս հետս կ’ընթանայ»: Գործի բերումով, Պոլսի մի թաղից մյուսը անցնելիս՝  նա մտքում գրում էր մի նոր պատմվածք, ինչպես ինքն էր ասում, «անգիր գրականութիւն» էր ստեղծում: Հետո, երբ հնարավորություն էր ընձեռնվում, գրի էր առնում իր «անգիր»՝ չգրված պատմությունը. որտեղ պատահի՝ մի ճմռթված թղթի կտորի վրա, լրագրի լուսանցքում, ձեռքի ափի մեջ, ծրարի վրա: Բայց ամենից շատ  սիրում էր գրել գիշերը՝ փորի վրա պառկած, բարձի երեսը, սավանը մելանոտելով, ինչի պատճառով «գանգատները լսելով հէք տարաբախտ կնոջս Արտանոյշին»:

Իմ գրականութիւնս իմ կենսագրութիւնս է

Արտանոյշը Մնձուրու երկրորդ կինն էր՝ կոտորածից և աքսորից փրկված, որ «եկաւ ինծի, անապատի լաթերով...»:  Ունեցան 3 զավակ՝ 2 դուստր և որդի:

Հ. Մնձուրին կնոջ՝ Արտանոյշի հետ

 Ընտանիքը պահելու համար, ամեն առավոտ նա գնում էր աշխատելու և ճանապարհներին ստեղծելու իր գրականությունը, ինչպես նկարագրվեց վերևում: Հայտնի քայլող էր, հոգնել չուներ: «Իմ սրունքներս իմ հպարտութիւնս են»,- ասում էր: Քայլելու «արվեստը» վաղուց էր յուրացրել, երբ դեռ Արմտանի սարեր-ձորերի , այգիների և ցորենի դաշտերի մեջ էր ապրում, հետո էլ՝ Պոլսում, երբ հոր թխած հացերով «Ստամպուլցիները կը կշտացնէին»: «Մենք երկու, երեք, չորս տարի կը հագնինք կօշիկ մը: ...Եւ երբ մաշին կամ ծակին, երկրորդ ներբան մը գամել կուտանք առաջինի վրայ: Եւ ըլլայ որ քիչ մըն ալ ծանրանան, նոյն օրը իսկ մեր ոտքերը կը վարժուին անոր: Մաքիին դմակը իրեն բեռ մը չէ, սիրով կը տանի»,-բացատրում էր Մնձուրին: 1966-ին 80 տարեկան ծերուկ էր և դեռ չէր հանձնվում: Էլի շաբաթվա մեջ ամեն օր, բացի Հինգշաբթիէն, քայլելով գնում էր Բերայի Սուրբ Հարության եկեղեցին՝ աշխատանքի: Այստեղի դռնապետ-քարտուղարն էր: Գնալ գալը տևում էր 90 րոպե: Սեփական ոտքերը իրեն անվճար էին տեղ հասցնում, հասկանալի է, չէ՞: «Ինծի տրուած գումարը այնքան անբավարական է, որ տան վարձքիս և ապրուստիս չբաւէր...»: Կինն էլ շաքարախտ և ռևմատիզմ ուներ: Հատուկ սնունդ և դեղորայքի պետքություն կար: Ապրում էին ծայրաստիճան խնայողությամբ, ժուժկալ: Մնձուրին  աղքատությունից չէր տրտնջում: Հարցին նայում էր փիլիսոփայորեն՝ հիշելով Դիոգենեսին, որ իր «ջրամանն ալ նետեց երբ տեսաւ որ ափով ալ ջուր կը խմուի»: Եվ վերջապես, «աղքատութիւնը գրողին արգասաւորութիւնը չկեցնէր...»: Մի փոքրիկ բնակարան, որտեղ աշխատելու սեղան էլ չուներ, որտեղ աղմկում էին թոռները և որտեղ ծնկների վրա գրի էր առնում իր մտքի մեջ ստեղծած «անգիր» պատմությունները իր ծննդավայրի, մարդկանց, Պոլսի մասին: Շահ երբեք չէր ակնկալում իր գրականությունից: «10 փարա չեմ ուզէր... Գրականութիւնը չապրեցնէր, չապահովէր իմ ոչ մէկ կարիքս: Ան ապրուստի միջոց մը, ասպարեզ մը չէ ինծի համար»: Գրում էր, որովհետև չէր կարող չգրել: «Իմ գրականութիւնս իմ կենսագրութիւնս է: Իմ պատմուածքներուս մէջ ես կամ: Ինչ որ կուգայ իմ մէջս պէտք է տամ, չտալ չեմ կրնար...Իմ պատմութիւններս վերջ չունին, ես չեմ կըրնար չշարունակել»: Երբ Մնձուրին հիվանդանոցում մահացավ, նրա «վերարկուին գրպաններուն մէջ դեռ անաւարտ էջեր կային»,-հիշում է  «Մարմարա»-ի խմբագիր Ռոպէր Հատտեճեանը:

Մնձուրու կինը՝ Արտանոյշը և զավակները

 Մնձուրին իրեն «Րեժիոնիսթ»՝ տարածաշրջանի մասին գրականություն ստեղծող էր համարում: «Իմ անձերս որոնք չկան այլեւս, հայ, թուրք, քուրդ, ղզլպաշ, իմ շուրջիններս էին, ես ամէն օր անոնց հետն ու մէջն էի: ...Ազգագրութիւն խառնեցի պատմութիւններուս, պէտք էր որ ընէի, մթնոլորտ շինելու համար….»:

1968թ. տարեգլխին ոտքը սահեց, ընկավ և կոտրեց ձախ ուսոսկորը: Դրան հաջորդեցին նյարդերի, արյան շրջանառության հետ կապված խնդիրները: Տիկինն արդեն չկար, տխուր էր շատ, թեև զավակների ջերմության պակաս չուներ: 

Հայու հպարտութիւնը պայքարն է ապազգայնանալու վտանգին դէմ...

Այսպես, այս երկարակյաց ազնիվ մարդը իր հիշատակները, ներսում կուտակված հույզերը, պատկերները թղթին հանձնեց՝ կենդանի պահելով Հայրենիքի ոգին: Հայրենիք, որ հիմա էլ, քանի դեռ հիշում և պահպանում ենք մեր հայկականությունը, նույնքան իրական է, որքան, իրական էր, մինչև 1915-ը. «Հայու հպարտութիւնը պայքարն է ապազգայնանալու վտանգին դէմ: Մեր ցեղին մեծագոյն առաքինութիւնն է մեր պապերէն մէզի փոխանցուած»:

Կուզէի, որ Երեւանն ալ կարդար զիս

1978թ. Հունվար 31-ի առավոտյան Պոլսահայ թերթերը հայտնեցին 92-ամյա Հակոբ Մնձուրու մահվան մասին: «Մարմարա»-ում հայտնվեցին նրա երիտասարդ ընկերների ցավակցականները, այնքան խոսուն և այնքան անկեղծ ապրումներ են դրանք: Գրող Վարդան Կոմիկեանը  Մնձուրու մահը նույնացրեց մեր հավիտենական ոսոխի կողմից հայրենական ևս մի գավառ գրավելուն՝ «ամէնէն տոհմիկը այս անգամ. Բարբառիս, երգիս, պարիս... հողիս պէս նուիրական.. Վա՜խ Մնձուրի, իմ, քու, բոլորիս Մնձուրին...»:

Զահրատը գրեց, թե մեր վիշտը մեղմացնելու համար, վերստին պետք է կարդանք նրա պատմուածքները «անոնցմէ բանաստեղծութիւն մը կը ծորի...»: 

33 ամյա բանաստեղծ, բժիշկ Իգնա Սարըասլանը գրեց՝ «Եփրատի ափին՝ մուխի նման բարձրացող Մնձուրի Լեռներուն վրայ վստահ եմ թէ հիմա եղնիկ մը կուլայ...»:

Փետրվար 2-ին Շիշլիի հայոց գերեզմանատանը Պոլսի հայությունը վերջին հրաժեշտը տվեց այս փառահեղ, Արմտանի հավիտենական կարոտով ապրած գյուղագրին: «Յակոբ Մնձուրին հողին  յանձնուեցաւ վեհաշուք յուղարկաւորութեամբ մը: Պատրիարքահայրը դրուատեց եւ օրհնեց ողբացեալ գիւղագիր-գրագէտը, դամբանախօսներ յուզումով խոնարհեցան իր վաստակին առջեւ»: Պատանի ընթերցողները  «հազար սէր ու համբոյը» ձոնեցին Մնձուրու  գրին, որ  «պիտի ապրի սերունդէ սերունդ պիտի անցնի ձեռքէ ձեռք. այսպէսով պիտի ճանչնանք մարդը, գիւղը, քաղաքը, համեստութիւնը, եղբայրութիւնը, խաղաղութիւնը, գեղեցկութիւնը ու ալեհեր Պապին արդար վաստակը»:

Հ. Մնձուրին կնոջ՝ Արտանոյշի, Անահիտ և Եղիսաբեթ դուստրերի և փեսայի հետ

Հակոբը մի անգամ ասել էր, թե իր սիրած հեղինակները վաղուց արդեն չկային, բայց նրանց «անունները դեռ բաժնուած  չէին մեր մոլորակէն»: Սիրելի Մնձուրի, քո  անունը ևս  չէ բաժնուած մեր մոլորակէն:

Նամակներից մեկում  նա պատմում է, թե կինը և ինքը մեծ երազ ունեին Երևան տեղափոխվելու, բայց երկուսի առողջականն էլ արգելք եղան: Փոխարենը՝ իր գործերը ուղարկեց Երևան՝ Գրականության և Արվեստի թանգարան. «Պիտի հրատարակե՞ն, ի՞նչ գիտնամ: ...ֆաթալիզմին կը յանձնեմ, թող ըլլան ինչ որ սահմանուած է»: Հրատարակեցին:

«...Եւ երկրին ժողովուրդը, որ կը կարդար այս ամենը, չէր ճանչնար թէ ո՞վ էր այդ բանաստեղծը, որ կը գրէր, կը պատմէր, այդքան հետաքրքրական բաներ իրենց: Եւ կը փնտրէին զայն երկրին իմաստուններուն, դպիրներուն, գիտնականներուն մէջ, անոնցմէ մէկը կարծելով: Ու ոչ ոք գիտեր թէ արեւին մէջ այրուած, սեւցած դէմքով, նիհար, կարճահասակ մարդ մըն էր ան, հին մաշուած զգեստով, որ զաւակներ ուներ, օրավարձով կ’աշխատէր ու կը բնակէր տնակի մը մէջ և թէ կը գրէր այս բոլորը մատներով որ կարծրացած էին բանվորի աշխատանքէն»:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter