HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթէ կրնաս...վանէ ամպերդ, որ արեւդ չխափանեն... Հակոբ Մնձուրի (մաս 2)

սկիզբը 

Իմ ադամանդեայ օրերս էին

1907թ. Հուլիս ամիսն էր՝ Վարդավառի օրերը, երբ Հակոբը  բռնեց տունդարձի ճանապարհը՝ նավով, ինչպես և տարիներ առաջ՝ Պոլիս մեկնելիս: Վերադառնում էր Արմտան գրող դառնալու նաև, վերջապես, ամուսնանալու համար: Դեռ Պոլիս եղած ժամանակ անկեղծացել էր, թե «Էականը ինծի համար, միւս սեռն էր, իգութիւնը, անոր սարսուռները: Ես տասնըիննիս մէջ էի, միւս սեռը կ’անգիտանայի»: Մի քիչ էլ կարդացած «սադրիչ» գրքերն էի կրակի վրա յուղ լցրել՝ «Մեր սեռային զգայարանքէն չենք կրնար ձերբազատել մեզ, անոր անդիմադրելի ազդեցութեանը տակն ենք ամէն րոպէ, ու իգութեան հրապոյրներն կը վրդովեն մեր դատաստանները»: Դե, հիմա կամուսնանա և ամեն բան տեղը կընկնի:

Նշանածը Ողըտան անունով մի աղջիկ էր: Մինչ այդ որքան ցանկացել էր մոտենալ, գուցե զրուցել հետը, Ողըտանը միշտ կարողացել էր «ճողոպրել»: Մի օր էլ հաստաբուն տանձենիի ետևը թաքնվեց: «Աղուորը մը տեսայ, վերէն վար, մինչեւ ոտքերը զննեցի զինքը, հասակը, աչքերը, յօնքերը, ծամերը: Բոլորովին մօտեցաւ, կը պատրաստուէի որ յայտնուէի, մէկէն կայնեցաւ: Բայց ան զիս չտեսաւ ինչէ՞ն հասկցաւ հո՞տ առաւ, նախազգացո՞ւմ մը եղաւ»: Ինչևէ, հիմա արդեն ամուսնանում էր: Ողըտանը էլ պատճառ չուներ խուսանավելու:

«Մեծ Խաչին Կիրակի օրը» հարսանիքի սեղանը բացվեց: Ճաշակելիքը իրենց արտերի հացն էր, այգիների գինին, իրենց մեղվանոցին մեղրը, ոչխարների միսն ու յուղը: «Դրամ ալ մէճիտիէ մը, այսինքն քսան ղուրուշ զուռնային, տավուլին տուի, մէճիտիէ մըն ալ մեր Կամախու Սեպուհ լերան Աւագ վանքին վանահայրը, Բրոխորոնեան Վարդան վարդապետին ... եօթը օր, դափերը չալուեցան, իմ հարսնեւորներս պարեցին, «Գացէք ըսէք կնքամօրը, ծառը ծաղկեր է... Ոտոք ոչխար, տիկով գինի կուզեմ, ձայնս մարեր է»,-կանչեցին:

Ըստ Արմտանի սովորության, հարսանիքը տևեց 7 օր՝ Երկուշաբթիից Երկուշաբթի: «Ուրբաթ գիշեր հինադրէքը եղաւ, իմ ու անոր ձեռքերը հինայուեցան: Շաբաթ առտու պսակուեցանք: …Ամուսնացայ ի՜նչ ովսաննաներով: ...Հարսը տուն բերինք : ...Գողթան երգիչները երգեցին. «Տեղ  Ոսկի Տեղայր ի հարսնութեան Ալանաց օրիորդին Սաթենկան, Տեղայր մարգարիտ ի փեսայութեանն Արի Արքայն Արտաշէսին»՝ Խորենացու գրառածը մի փոքր խմբագրելով, գրում է Հակոբը: Բայց, քանի որ հարսանիքը դեռ շարունակվում էր, «չմէկտեղեցին մեզ... Հարսը իր շքախումբով առագաստի սենեակը պահուեցաւ»: Վերջապես եկավ հաջորդ Երկուշաբթիի գիշերը:  

Ձախից՝ բանաստեղծ Գուրգեն Թրենց, գրող Վարդան Կոմիկեան և Հ. Մնձուրի, 1948թ., Պոլիս

Միւս առտուն, Ադամ Եւայի պէս դրախտէն դուրս ելանք միասին...

Հակոբը նորապսակների սենյակի դռան ետևում սրտատրոփ սպասում է իր հարսնացուին: Վերջապես հարսնաքույրը դուռը բացեց և Ողըտանին ներս ուղարկեց: Եվ Հակոբ Մնձուրին Պոլսի «Մարմարա» թերթի էջերին սկսում է մանրամասնորեն ներկայացնել Արմտանի հարսանյաց գիշերվա օրենքները և ծիսական այն գեղեցիկ ընթացքը, որ երանությունն էր բերում և մոռացնել տալիս, թե իրենց առագաստի սենյակից դուրս աշխարհ գոյություն ունի: «Ինծի կ’իյնար հիմա մեղրալուսնի անդրանիկ գիշերւան մեր օրէնքներուն համաձայն, հինայուած ձեռքէն բռնել ներս տանիլը, պսակը գլխէն վար իջեցնելը, պիղծ նայուածքերու թափանցումէն պահպանող իր երեք յաջորդական քօղերը վար առնելը, դէմքը բանալը, կուրծքի հմայեկը վերցնելով մէկդի դնելը որ զինքը չարիքներէն պաշտպանեց, հետո խօսեցնելը, քունքէ քունք կապւած ճակտընոցին, այտերը շըրջանակող չիվերուն զարդոսկիները քակելը, հարսնութեան զգեստներէն մի առ մի մերկացնելը: Անկէ ետքը ես մոռցայ թէ դուրսը աշխարհ մը կայ»:

Նորապսակ ամուսինների համար սեղանին դրված մեղրի խորիսխով գինին թոթափել էր տալու  լարվածությունը: Եվ ինչպե՛ս է դարերի ընթացքում մշակվել և հղկվել ամեն մանրուք, ինչպես են  իմաստները գեղագիտական ձև ստացել: «Միւս առտուն, Ադամ Եւայի պէս դրախտէն դուրս ելանք միասին, նորէն մարդոց մէջ խառնուելու համար»:

 «... կը ծերանաք բայց չէք հիննար», եթե ընթերցասեր լինեք

7 տարի Հակոբը վայելեց իր ընտանեկան և գյուղական հովվերգությունը: Մինչև 1914թ. Արմտանում  ուսուցչություն արեց՝ իր գիտցածին պես՝ դասագրքերը մի կողմ դրեց, պատիժը և գնահատականը վերացրեց, որն աշակերտին «կը ջղայնացնէր, կ’ամբարոյականացնէր»: Քննության մասին մոռացան՝ «որևէ բան մը գոց ընկելով արտասանիլը սորվի՞լ ըսել է»: «Միշտ դէմ եղայ ամէն հաստատուած կարգերուն»: «Դասարանը խօսարան ըրի, լսարան ըրի»: Պատգամեց աշակերտներին ընթերցասեր լինել: Գրքերը  «...ձեզ թարմ կը պահեն, կը ծերանաք բայց չէք հիննար»: Հայերեն, մարմնակազմություն և առողջապահություն, պատմություն, աշխարհագրություն՝ իր դասավանդած առարկաների ցանկից են:

Ինչպես գրում է՝ ձմռանը, մինչև Ապրիլ 15-ը ուսուցիչ էր, հետո արդեն՝ հողի մշակ: Այսպես 7 տարվա մեջ ծնվեցին նրանց 4 զավակները, հրաշալի արձակը և ամբարվեց հսկայական պաշար հետագայի իր պատկերավոր, բացառիկ գյուղագրության համար: Որոշել էին ևս 4 զավակ ունենալ, չէ որ Տեմիրճեան գերդաստանի ընտանիքները 14-15 անդամից էին բաղկացած, իսկ իր ընտանիքը ընդամենը 9 հոգանոց էր՝ մեծ հայրը, հայրը, մայրը, տիկինը, ինքը և 4 երեխաները: Եվ միակ հույսը, ընտանիքում ինքն ու կինն էի: 3 քույր էր ունեցել, 3-ն էլ մահացել էին միևնույն հիվանդությունից՝ հարսանիթից՝ կարմրախտի կամ քութեշի պես մի բան:

Հայաստանի արևմտյան կողմերում, Արաքսից այն կողմ...

Արաքսից շատ այն կողմ՝ դեպի արևմուտք ձգվող Հայաստանում, Եփրատի ափին հարուստ Արմտանն էր, «Իմ գաւառս քարտէսին վրայ Թամզառայէ մը, Գարահիսարէ մը մինչեւ Արաբկիր մըն է», որտեղ ծառերը տարին 7 անգամ բերք էին տալիս: «Մեր ծառերը Պոլիսներուն պէս չէին, մինչեւ Սեպտեմբերի վերջը, Վարագայ Խաչ բերք կուտային»: Աշնան սկզբին պտուղները խենթենալիք համեղ էին դառնում, այնքան քաղցր, որ, մի տեսակ, այրում էին ստամոքսը, հատկապես՝ թութը: Եվ սկսվում էր ռուպ, չիր, պաստեղ, օղի ու քացախ պատրաստելու արարողությունը: Շոգ Հուլիսն  էր: Ինչպես միշտ դաշտերում էին: Մինչ կինը շարունակում էր բերքահավաքը, Հակոբը զովանալու համար մտավ պաղ ավազանի մեջ: Շատ հաճելի էր: Դուրս եկավ ջրից, չդիմացավ, նորից մտավ: Հետո մի պատառ բան անուշ արեցին, մեկնվեցին գետնին և քնեցին: Դա եղավ ու դա: Հիվանդացավ: Նշագեղձերի բորբոքումը սկսեց տանջել Հակոբին: Գյուղի փորձառուները հավաստիացնում էին, թե տարիքի հետ այդ խնդիրն իսպառ կվերանա, բայց Հակոբն անպայման ուզում էր Պոլիս գնալ՝ բժշկի: Որքան համոզեցին, թե ՝ Սեբաստիայի Տեւրիկում Շվեյցարիայից բժիշկ կա, Շապինգարահիսարում ուրիշ մեկը կա, ինչո՛ւ հասնել Կոստանդնուպոլիս: Մանավանդ, որ 4-րդ զավակը նոր էր ծնվել : Համառեց՝ ընդամենը 20-22 օր պիտի տևեր իր գնալ-գալը: Ու մի կարգին հրաժեշտ չտալով ընտանիքին՝ մեկնեց:

 25 րոպեն, որ շրջեց Մնձուրու կյանքը

Պոլսում շատ արագ լուծեց նշիկների հարցը: 20 ղուրուշով բժիշկը հեռացրեց դրանք. «գրեթէ չցաւցուց», դեղորայք նշանակեց, հանձնարարեց 2 օր կոկորդը ցողել, «շատ տաք, շատ պաղ ալ մի ուտեր...» և հավաստիացրեց, թե հանգիստ «գնա ուր կ’ուզես», խնդիր չկա: Ուզած տեղը Արմտանն էր, իր տունը, իր ընտանիքը: Բժշկից ճամփորդելու իրավունք ստացած՝ ուրախ-ուրախ մտավ դեղատուն,   ոտքով, իր իմացած կարճ ճամփեքով արագ-արագ հասավ նավամատույց ...ուշացավ: Ասացին, 25 վայրկյան (րոպե) կլինի, ինչ  նավը մեկնել է:  «Նշագեղձի դարմանումի մը պէս հասարակ պատճառ մը այսքան ճակատագրական կ’ըլլա՞յ մէկում մը կեանքի մէջ, ինչպէս եղաւ ինծի...: Կը նախատեսէ՞ի, կրնա՞յի նախատեսել թէ ինչեր պիտի պատահէին, պիտի չվերադառնայի, առ յաւէտ պիտի չտեսնէիք զիրար»: Դրանից 2 տարի առաջ Հակոբը երազ էր տեսել. Արմտանի դաշտը սեփ սեւ էր, լույսերը մարած, տները փլված, մարդ չկար, միայն ինքն էր: Աղետի նախազգացում ուներ: Հիմա, ստիպողաբար Պոլսում մնալով՝ մի քանի կարևոր հանդիպումներ ունեցավ մտավորականների հետ՝ Շավարշ Միսաքեան, Վահրամ Թաթուլ, Արտաշես Յարութիւնեան, Ռուբեն Զարդարեան, Արամ Անտոնեան, Զապել Եսայեան, որին արդեն ծանոթ էր պատանությունից:

«Իրիկունները Սկիւտարի Մարքոյին, Պէյլէրին բացօթեայ սրճարանները կ’երթայի:...Շատ առատ մազեր ունէի, կը թափէին մինչեւ կռնակս»: Իմիջիայլոց, տարիներ անց, Մնձուրին կհայտարարի, թե հիպպիները իրենցից են սովորել երկար մազ և մորուք պահելը «..Ես զիս ճանչցուցի, Յակոբ Տէմիրճեան ըլլալս: «Մեհեան»ին մէջ զիս կարդացեր էին»: Նկատի ուներ իր շատ սիրուն «Գիշերին մէջ»-ը , որ տպագրվել էր 1914-ի Հունիսին Հակոբ Տէմիրճեան  ստորագրությամբ. Կարդում ես, և բոլոր զգայարաններդ սկսում են արձագանքել Մնձուրու հովվերգական պատումին. «...Պարտեզին չորս պատերուն կարգովը բարտիներ կանգնած են, երկայն ու սաղարթազարդ։ Հարսնե՜ր են անոնք. կանոնաւոր, ուղիղ գիծերու վրայ բարեւ բռնելով շարուած գեղահասակ հարսներ են։ Երբեմն անոնք գլուխ գլխի կը մօտեցնեն, կը պլլուին, կը համբուրուին, իրարու բաներ մը կը գաղտնասեն, յետոյ կ’ուղղուին, վերստին բարեւի կը կայնին ու անխօս  կ’սպասեն։ .... Առուին ջուրը տարբեր տեղէ մը իր օրրերգը կը ղրկէ, եւ գիւղը, սնդուս գիշերին մէջ ու  քաղցր անդորրին մէջ, եւ միսթիք  ողբերգովը գիշերաթռչունին, եւ կարկաչող օրրերգերովը պարտեզի առուին, եւ տխուր կաղկանձումներովը հնարամիտ աղուէսին, եւ բարի նայուածքին տակ մենասէր առնէտին, եւ անխոնջ հսկողութեան տակ ոստիկան ջղջիկին, եւ հարսենի՜ ժպիտներուն տակ հարս բարտիներուն, իր անխռով քունը կը քնանայ կարճատեւ....»:

 Ո՞վ կերևակայեր, թե աշխարհի մի անկյունում ինչ-որ գահաժառանգը պիտի սպանվեր ու     Արմտանը, ինչպես և ամբողջ Արևմտյան Հայաստանը, պիտի հատուցեր  դրա համար: Հաջորդ նավին սպասելու հնարավորություն այլևս չունեցավ: «Զօրաշարժ եղաւ: Հացագործ զինուոր ըրին զիս: Ահաւոր տարիներուն Պոլիս եղայ: Պոլիսը չսիրեցի, Պոլիսը փրկեց զիս...Պատանդ մը եղայ հոս... ու պատանդ ըլլալով դատապարտուած եմ հոս ապրելու...»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter