
Տիգրան Ավինյանի հայրը դատարանում պարտվել է. «Օպելի» վարորդներին «համբալ» անվանելը որակվել է վիրավորանք
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը երեկ՝ 2025թ. հուլիսի 4-ին, մասնակի բավարարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի։ «Համբալ» վիրավորական արտահայտության համար Ա. Ավինյանը պետք է վճարի 250 հազ. դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 7.500 դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
2024թ. դեկտեմբերի 26-ին «Օրագիր NEWS» լրատվական կայքի յութուբյան կայքում հրապարակվել է «Կարմիր գծերը պետք է 500 հազար սարքեն. հարցում» վերտառությամբ տեսանյութ: Լրագրողը հարման շրջանակում դիմել է նաև քաղաքապետի հորը։ Արմեն Ավինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, որ հակառակ դատարանի վճռի կարմիր գծերի արժեքը մնալու է 160.000 դրամ, պատասխանել է. «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով, և ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված, գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն, ավտոյի գին տարին պիտի մուծեն՝ ավտոյից թանկ, որ կարենան մտնեն քաղաքի կենտրոն»:
Գրիգոր Իսկանդարյանի պնդմամբ՝ «համբալ» բառն ունի բացասական ընկալում՝ տարատեսակ ծանր ու ոչ պատվաբեր աշխատանքներ կատարող բանվոր, հիմար, տգետ: Այսինքն՝ նշվածը վիրավորական արտահայտություն է։
Ըստ Գրիգոր Իսկանդարյանի՝ արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը, քանի որ ունի «Օպել» մակնիշի մեքենա, որ բազմիցս երթևեկել է Երևան քաղաքի կենտրոնում, և Արմեն Ավինյանի կատարած արտահայտությամբ՝ յուրաքանչյուր ոք «համբալ» է, եթե ունի «Օպել» մակնիշի մեքենա, երթևեկում է Երևան քաղաքի կենտրոնում:
Արմեն Ավինյանը սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումի պատասխան, որևէ դիրքորոշում կամ միջնորդություն չի ներկայացրել։
Դատարանն արձանագրել է, որ Արմեն Ավինյանի կողմից հրապարակային կերպով արտահայտված միտքն այն մասին, որ «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե ամեն իրա գեղի օպելով», թեև իր բնույթով անհասցե է, սակայն տրամաբանական մեկ շղթայում դրանց համատեղ կիրառումը, օգտագործումը ողջամտորեն գործող երրորդ անձի մոտ կարող է ստեղծել օբյեկտիվ ընկալում այն մասին, որ դրանում օգտագործված «համբալ» արտահայտությունը վերագրելի է հենց նշված մակնիշի ավտոմեքենան տիրապետող անձի կամ անձանց։ Այլ կերպ ասած՝ թեև պատասխանողի կողմից կատարված հրապարակային արտահայտությունը չի պարունակում «Օպել» մակնիշի մեքենա տիրապետող կամ վարող անձանց «համբալ» անվանելու նպատակաուղղված որևէ միտք կամ դատողություն, սակայն նշված ձևակերպմամբ և վերոգրյալ համատեքստում, ողջամտորեն գործող երրորդ անձի օբյեկտիվ ընկալումը ենթադրում է արտահայտված մտքերի տրամաբանական կապ, ինչն, իր հերթին, հանգեցնում է ողջամիտ հետևության, որ վիրավորական «համբալ» արտահայտության հասցեատերերը «Օպել» մակնիշի մեքենա տիրապետող կամ վարող անձինք են։
Ըստ դատարանի՝ նման հետևությունը պայմանավորված է Ա. Ավինյանի կողմից հնչեցված՝ «ամեն համբալ չգա կայնի ստե» արտահայտությանը անմիջականորեն հաջորդող «ամեն իրա գեղի օպելով» արտահայտությամբ, որպիսի պայմաններում ստեղծվում է ընդհանուր վիրավորական ընկալում։
Անդրադառնալով արտահայտության վիրավորական բնույթին՝ դատարանը վիրավորական է գնահատել «համբալ» արտահայտությունը ոչ թե առավելապես հիմք ընդունելով դրա բառարանային կամ պարզ բառիմաստային բովանդակությունը (քանի որ առանձին դեպքերում «համբալ» արտահայտությունը նշանակում է նաև տարատեսակ ծանր աշխատանքներ կատարող բանվոր), այլ նման արտահայտության կատարման պահին դրա՝ հասարակության մեջ որպես վիրավորական ընկալման իրողությունը:
Նշենք, որ Գրիգոր Իսկանդարյանը պահանջում էր 500 հազ. դրամի չափով փոխհատուցում, դատարանը բավարարել է կեսը՝ 250 հազարը։
Գլխավոր լուսանկարը՝ էկրանապատկեր oragir.news-ի կոլաժից
Մեկնաբանել