HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Համերգային հուզմունքը կենդանության նշան է». Մարթա Արգերիխ

Մեկը մյուսի հետևից հաղթելով հեղինակավոր միջազգային մրցույթներ, ունենալով մի շարք հաջող ձայնագրություններ և պայմանագրի առաջարկներ՝ 1957թ.-ին տասնվեցամյա արգենտինացի դաշնակահարուհի Մարթա Արգերիխը որոշում է ավարտել երաժշտական կարիերան։ Այս դրվագը լավագույնս է բնութագրում անկանխատեսելի, արտաքինից հանդարտ, էլեգանտ կեցվածք ունեցող Արգերիխի փոթորկուն հոգին։

«Ես չեմ սիրում մրցույթներ, այնտեղ միշտ մեկը պարտվում է»,- ասում է Մարթա Արգերիխը։

Դադարը տևում է երեք տարի, Արգերիխը շարունակում է երաժշտական ուղին՝ դառնալով  կատարողական արվեստի պատմության բոլոր ժամանակների լավագույն դաշնակահարներից։ 84-ամյա Արգերիխն այսօր էլ շարունակում է ելույթներ ունենալ՝ ապշեցնելով հանդիսատեսին իր ձգող էներգիայով, համարձակությամբ և վարպետությամբ։

Դաշնակահար Դանիել Բարենբոյմը նրա կատարումները համարում է ոչ թե երաժշտական մեկնաբանություն, այլ հայտնություն, իսկ ջութակահար Կրեմերը նրա հետ նվագելը համեմատում է թռիչքի հետ՝ առանց պարաշյուտի։ 

Երաժշտության մեջ նրա տարերքը բոցաշունչ Բեթհովենն է։ Պրոկոֆևի, Ռավելի, Շումանի դաշնամուրային գործերը Արգերիխի կատարմամբ համարվում են էտալոնային։

Մարթան ծնվել է Արգենտինայում։ Վաղ տարիքում արդեն կանխորոշվել էր աղջկա ապագա մասնագիտությունը։ Դայակը նկատել էր, թե ինչպես է երեքամյա Մարթան մեկ մատով կրկնում այն մեղեդին, որը քիչ առաջ երգում էին խմբով։ Ընտանիքը սկսում է ակտիվորեն զբաղվել դստեր երաժշտական ​​կրթությամբ։

Չորս տարեկանում Մարթան արդեն ելույթներ էր ունենում, իսկ ութ տարեկանում նվագախմբի հետ Մոցարտի «Ռե մինոր» կոնցերտի կատարումը նրան հայտնի դարձրեց ամբողջ Արգենտինայում։

Չնայած Արգերիխն ուսանել է իր ժամանակի ամենահայտնի վարպետների մոտ, օրինակ՝ Վլադիմիր Հորովիցը, բայց ամենից շատ նա կարևորում է Վիեննայում Ֆրիդրիխ Գուլդայի մոտ ուսանած մեկուկես տարին։ Գուլդան հայտնի է դասական երաժշտությանը, կատարողական արվեստին ոչ ստանդարտ մոտեցումներով։

«Նա ինձ ասաց, որ 16 տարեկանից հետո մարդիկ սկսում են հիմարանալ, ես փորձեցի ամեն ինչի հասնել շատ արագ»,- տարիներ անց պատմում էր Մարթա Արգերիխը։

Նրան համաշխարհային ճանաչում բերեց 24 տարեկանում Շոպենի միջազգային  մրցույթում հաղթանակը, որից հետո սկսվեց համաշխարհային երաժշտական հաղթարշավը: 

Չնայած մեծ ճանաչմանը՝ Արգերիխը  խուսափում է հարցազրույցներից, դժվարությամբ է համաձայնում պայմանագրերին, հաճախ խզում է դրանք, հանկարծակի հրաժարվում նախատեսված ելույթներից։ Արգերիխն ունի երեք դուստր՝ երեք ամուսիններից։ 2012թ.-ին միջնեկ դստեր՝ Սթեֆանի Արգերիխի նկարահանած «Bloody Daughter» վավերագրական ֆիլմը Մարթա Արգերիխին հանրությանը ներկայացրեց անհայտ տեսանկյունից. լեգենդար դաշնակահարուհին խոսեց իրեն շարունակ հետապնդող միայնության զգացողության մասին։ 

«Ես միշտ ինձ միայնակ եմ զգացել և եղել եմ ամաչկոտ։ Ինձ թվում է՝ հիմա էլ եմ այդպիսին, ուղղակի ունեմ ընկերներ ամենուր, որոնք հոգ են տանում իմ մասին»,-ասում է Արգերիխը։

84-ամյա Արգերիխը շարունակում է տպավորել իր ելույթներով՝ հանճարեղ վիրտուոզությամբ,  էլեգանտ գեղեցկությամբ, մոխրագույն ալիքվող մազերի տակից ժամանակին չենթարկվող աղջկական ժպիտով։

«Ես միշտ հուզվում եմ համերգից առաջ։ Միշտ։ Բայց դա կենդանի լինելու մասին է»,- ասում է Արգերիխը

Նա հաճախ է ելույթներ ունենում իր երաժիշտ ընկերների հետ՝տարբեր կազմերով։ Աջակցում է երիտասարդ երաժիշտներին և պարբերաբար մասնակցում երաժշտական փառատոների։ Այս ամիս՝ հուլիսի 12-ին, հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի հաղորդակից լինելու Մարթա Արգերիխ երաժշտական երևույթին։ 

Հուլիսի 4-15-ը Կապան քաղաքում տեղի կունենա «Կապան ֆեստ-2025» միջազգային երաժշտական ​​ամենամյա փառատոնը։ Արդեն երրորդ անգամ Կապանում անցկացվող երաժշտական տոնի այս տարվա կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար Մարթա Արգերիխի մասնակցությունն է: 

Գլխավոր լուսանկարը carnegiehallplus կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter